Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս

Հաշմանդամները կուսումնասիրեն բարձր տեխնոլոգիաները


ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք կսովորեն կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ հետագայում աշխատանք ունենալու տեսլականով: Դասավանդումը կիրականացնեն «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն»-ի մասնագետները: Այդ մասին դեկտեմբերի 18-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի ներկայացմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանում 180 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող անձ կա, ովքեր գրագետ և ունակ մարդիկ են, իսկ ՏՏ ոլորտն աշխատուժի կարիք ունի: «Ծրագիրը երկու մաս ունի: Մի մասով մենք ընտրելու ենք հաշմանդամություն ունեցող 15 անձ և փորձելու ենք իրենց 7 ամսվա ընթացքում ամենաժամանակակից տեխնոլոգիաները ուսուցանել և հետագայում նրանց ընդունել աշխատանքի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վարդանյանը: Երկրորդ մասով նախապատրաստվելու են մարքեթինգի մասնագետներ:

Ծրագրի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած 10-12 անձ կապահովվի աշխատանքով «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունում:

Դիմողները պետք է ունենան նվազագույն գիտելիքներ ՏՏ ոլորտում:

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան նշեց, որ մեր երկրի ազգաբնակչության 1/8-ը կազմող հաշմանդամների սոցիալական ինտեգրվածությունը բարձրացնելու կարիք կա: Սարգիզովան հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկա բերելու միակ ճանապարհը համարեց սոցիալական ձեռնարկությունների ստեղծումը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում ստեղծվել է սոցիալական 2 ձեռնարկություն, որոնք, պայմանավորվածության համաձայն, մոտ 20 հաշմանդամների կվերցնեն աշխատանքի: «Դրամաշնորհով սկիզբ ենք տալիս նախաձեռնության, որը պետք է լինի շարունակական»,- ասաց նա: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 21 միլիոն դրամ է:

«Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է նաև ստեղծել առցանց տեխնոլոգիական կրթական միջավայր, որտեղ կտեղադրվեն շուկայում մրցունակ մասնագիտությունների ուսուցման ծրագրեր:

Նա նշեց, որ իրենց աշխատակիցների 90 տոկոսից ավելին «Ինստիգեյթ» են եկել՝ չունենալով աշխատանքային փորձ: «Հույս ունենք, որ այս ծրագրի մեջ նույնպես կգտնվեն մարդիկ, ովքեր ցանկանում են այս մասնագիտությունը սովորել և դրանով աշխատել»,- ասաց Պողոսյանը:

 «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից: 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ