1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թբիլիսին մեծարեց Բենիկ Սեյրանյանին

Թբիլիսին մեծարեց Բենիկ Սեյրանյանին

ԹԲԻԼԻՍԻ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 12-ին լրացավ վիրահայ մեծանուն գրող, լրագրող, Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքի երարամյա նախագահ, «Վրաստան» թերթի մշակույթի եւ գրականության երկարամյա բաժնի վարիչ, «Կամուրջ» տարեգրքի խմբագրական խորհրդի նախագահ, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Բենիկ Սեյրանյանի (1913-2003) ծննդյան 100-ամյակը: Այդ հիշարժան հոբելյանը նշելու եւ մեր կողքին ապրած ու հայ գրականության մեջ իր մնայուն հետքը թողած անվանի գրողի հիշատակը խնկարկելու եւ մեծարելու նպատակով Վրաստանի գրողների միության եւ «Վրաստան» թերթի նախաձեռնությամբ նույն օրը Վրաստանի Գրողների տանը կայացավ հանդիսություն, որին իրենց մասնակցությունն էին բերել մայրաքաղաքի հայ ու վրացի գրասեր հասարակայնության ներկայացուցիչները` մարդիկ, ովքեր ճանաչել են մեծ գրողին, վայելել նրա կենդանի, համով-հոտով խոսքը, նրա բարի ու մարդկային անհատականության բարեկամությունը, պարզապես եղել նրա ընթերցող-երկրպագուները:

Բացելով միջոցառումը` Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին ներկայացրեց հայ գրողի կենսագրությունը եւ արժեվորեց նրա մեծ դերակատարումը հայ-վրացական գրական առնչությունների ամրապնդման գործում: Այնուհետեւ Բենիկ Սեյրանյան մարդու, լրագրողի, գրողի ու ազգային-հասարակական գործչի մասին հանգամանալից խոսեց «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: Նա հատկապես ընդգծեց այն իրողությունը, որ Բենիկ Սեյրանյանը թերթում աշխատել է մի ամբողջ կյանք՝ 70 տարի (1933-2003թթ): Հեռավոր 1933 թվականին նրան ընդունեցին որպես թերթի հաստիքային թղթակիցում: Խմբագրությունում պահվող նրա աշխատանքային գրքույկում միայն մի գրանցում է առ այն, որ նա իր գեղեցիկ ակնարկներով ու գրախոսություններով հարստացրել է թերթի դիմագիծը եւ իր մնայուն տեղը գրավել թերթի պատմության մեջ: 

Իր գրական ուսուցչի մասին հանգամանալից ու հուզիչ խոսեց բանաստեղծուհի, թարգմանիչ, «Կամուրջ» տարեգրքի խմբագիր Անահիտ Բոստանջյանը՝ Բենիկ Սեյրանյանի ստեղծագործությունը դիտարկելով որպես երեւույթ հայ գրականության մեջ, նրան ներկայացնելով որպես նովելի վարպետ, որպես դասական գրող, ում ստեղծագործությունը դեռ շատուշատ հետազոտությունների, ուսումնասիրությունների կարիք ունի՝ նրան իր արժանի տեղը հատկացնելու համար հայ գրականության անդաստանում: 

Ընթերցվեցին նաեւ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, Արտավազդ Սարեցյանի (Սոուխումի) ուղերձները գրողի 100-ամյակի առիթով, ինչպես նաեւ Սեյրանյանին հիանալի ճանաչող գրողներ Բակուր Կարապետյանի, Լեւոն Մութաֆյանի (Երեւան), Գարուշ Հարյանցի (ԱՄՆ) ողջույնի խոսքերը։ Բենիկ Սեյրանյան գրողին «դարի մարդ» ու մեծ թբիլիսցի անվանեց ու թե’ որպես գրողի, թե' որպես մարդու արԺեվորեց անվանի բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը:

Սեյրանյանի մասին հուշեր պատմեցին, նրա վաստակը կարեւորեցին, վիրահայ գրականության մեջ ու ընդհանրապես համայնքում նրա անփոխարնելի դերի, նրա թատերգությունների, դպրոցական աշխարհի հետ նրա սերտ կապի մասին խոսեցին Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, Վրաստանի կրթության նախարարության աշխատակից Կարինե Մանուկյանը, ով առաջարկեց սահմանել Բենիկ Սեյրանյանի անվան գրական մրցանակ, եկարամյա մանկավարժներ Նորայր Բաղդասարյանը, Նազիկ Ոսկանյանը, Մանանա Կարապետյանը, բանսիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էմմա Ախտյանը, Վիրահայոց թեմին կից գործող  «Հայարտուն» կրթամշակությաին կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը, այլք: 

Միջոցառումից հետո ներկաները այցելեցին Թբիլիսիի Հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն՝ գրողի շիրիմի մոտ խնկարկելու նրա հիշատակը եւ ծաղիկներ դնելու նրա գերեզմանին: Այստեղ մատուցվեց հոգեհանգստի պատարագ` Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա Տեր Սամվել Թորոսյանի ձեռամբ:

Հանդիսություններին մասնակցում էր Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: 

Անահիտ Բոստանջյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]