1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վերժինե Սվազլյանի` Ցեղասպանության 700 ականատեսների վկայությունների գիրքը հասանելի է նաև թուրքերեն

Վերժինե Սվազլյանի` Ցեղասպանության 700 ականատեսների վկայությունների գիրքը 
հասանելի է նաև թուրքերեն

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» հաստափոր գիրքը այսուհետ միջազգային հանրությանը կներկայանա նաև թուրքերեն տարբերակով: 2011 թվականից հայերեն և անգլերեն տարբերակներն ունեցող, իսկ այժմ արդեն թուրքերեն գիտական ուսումնասիրությունը ամփոփում է Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների 700 միավոր վկայությունները: Գիրքն օրեր առաջ հրատարակել է Թուրքիայում իրավապաշտպան Ռագըբ Զարաքօլուն, ով դեկտեմբերի 10-ին Ազգային գրադարանում ներկա էր  գրքի շնորհանդեսին:

«Արմենպրես» -ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Սվազլյանը նշեց, որ գրքի  թուրքերեն հրատարակությունը շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև` Թուրքիայի համար: «Գրքում ներկայացվում են ականտես-վերապրողների պատմությունները, և եթե հայկական «Նյուրնբերգ» լինի, ապա սրանք փատացի ցուցմունքներ են: Գրքի թուրքերեն տարբերակի հրատարակիչ Ռագըբ Զարաքօլուն «Թարաֆ» թերթին տված իր հարցազրույցում նշել է, որ սա ոչ միայն հայ ժողովրդի, այլև` թուրք ժողովրդի պատմությունն է: Պատահական չէ, որ նա այցելել է Ցեղասպանության թանգարան և ծնկաչոք ներողություն խնդրել իր ժողովրդի անունից»,- ասաց Սվազլյանը` հավելելով, որ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» աշխատությունը նշանակալի դեր կկատարի առաջիկա հարուրամյակում:

«Զարաքօլուն հերոսական «խարակտեր է» , ով կարողանում է  Թուրքիայի դժվարին պայմաններում իր հերոսական գործը կատարել: Երբ նա ցանկանում էր վերցրնել և հրատարակել, ես ասացի, որ դժվար գործ է, կարող է նորից բանտակվել, սակայն նա ասաց` «ոչինչ, թող բանտարկվեմ»: Վերադառնալով Թուրքիա` նա դատի առաջ է կանգնելու»,- նշեց բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսորը:

Անդրադառնալով գրքի հայերեն և անգլերեն տարբերակներին, նա շնորհակալություն հայտնեց բոլոր թարգմանիչներին, քարտեզագիրներին կատարված հսկայական աշխատանքի համար: Վերժինե Սվազլյանի խոսքով` ինքը մանրակրկիտ աշխատանք  է կատարել, որպեսզի և ոչ մեկը  չկարողանա կասկածի ենթարկել որևէ բան և կարծել, թե  ինքը ինչ-որ բան  հնարել է:

«Ես այստեղ, կարծես, իմ հարազատ ընտանիքում լինեմ: Վերժինե Սվազլյանի կատարած աշխատանքին շնորհակալությունս եմ հայտնում: Տիկին Սվազլյանից չեմ կարող տարանջատել իր դրստեր` Քնարիկ Ավագյանի կատարած աշխատանքը, ով չերևացող, բայց ամենից շատ ավանդ ունեցող անձնավորությունն է»,- ասաց Ռագըբ Զարաքօլուն: Նա նշեց, որ 2011-ի հոկտեմբերի վերջին նախքան ձերբակալությունը գտնվում էր Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցու բացման արարողությանը:

«Ես հետնամասում լռելյայն մասնակիցներից մեկն էի, տեսա, որ մի հյուր կար Հայաստանից` Րաֆֆի Հովհաննիսյանն էր:  Շատ ոգևորված էի, և այդ ուրախությունը  վերցրած մտա բանտ»,- պատմեց Զարաքօլուն: Նրա խոսքով` տեսնելով եկեղեցու բացմանը հավաքված մարդկանց, իր մոտ հույս է արթնացել, որ նոր սերունդը շատ բաներ կարող է փոխել: «Բանտում գտնվելու ժամանակ իմ միակ ցանկությունն էր, որ Հայոց ցեղասպանության մասին գերմանական վավերագրերը տպագրվեն թուրքերենով: Իմ ընկերները կարողացան դա իրագործել, երբ ես բանտում էի, և թեկուզ բանտում, բայց ես ուրախություն էի ապրում»,- իր տպավորություններով կիսվեց թուրք իրավապաշտպանը:

Նա որպես իր մեկ այլ  երազանք մատնանշեց Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» արժեքավոր գրքի թուրքերեն թարգմանության հրատարակումը: «Մեր աշխատանքները շարունակվելու են մոտակա ժամանակաշրջանում: Այժմ մի մեծ աշխատություն է պատրաստվում, որն արդեն ներկայացնելու է 1916 թվականի վկայությունները: Հիմա աշխատում ենք դրանց թարգմանության և տպագրության վրա: Ձեզ ուզում եմ հայտնել ևս մեկ ավետիս, որ Թուրքիայի գրական շրջանում  ամենահայտնի դեմքերից մեկը` 94 տարեկան Վեդադ Թյուրքալին վերջին երկուսուկես տարիներին աշխատում է 1915 թվականի իրադարձությունները նկարագրող իր վեպի վրա: Նա  ցանկանում է ապրել մինչ  2015 թվականը, որպեսզի տեսնի իր գրքի տպագրությունը: Նա շատ կարևոր դեմք  է Թուրքիայի գրական շրջանակներոմ, և մաղթենք նրան առողջություն իր սկսած լավ գործերը բարեհաջող ավարտին հասցնելու համար»,- նշեց  Զարաքօլուն` ավելացնելով, որ թուրքերեն լույս ընծայված գիրքը կոթողային աշխատանք է և հիմնարար աղբյուր յուրաքանչյուրի համար:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները» պետք է ներկայացնել աշխարհին: «Ներկայացնելով աշխարհին, աշխարհը մեզ կհասկանա: Սակայն գիրքը  կմնար սահմանափակ,  եթե  չթարգմանվեր թուրքերեն»,- նկատեց Սաֆրաստյանը` համոզմունք հայտնելով, որ թուրքական հասարակությանը առաջին անգամ հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ ոչ թե միայն գիտական հետազոտության Հայոց ցեղասպանության թեմայով, այլև հրեշավոր իրադարձությունների ականատեսների վկայությունները:

«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի անգլերեն տարբերակի տարգմանիչ, հայրենադարձ Անահիտ Դարբինյանն էլ ասաց, որ երբ իմացավ, որ գիրքը նաև թուրքերեն թարգմանություն ունի, ուրախությունից կարծես խելագարվել էր: «Ես Թուրքիայում եմ ծնվել, ծնողներս Էրզրումից են եղել: Ես  անընդհատ այրվել եմ այդ ցավով: Այն, ինչ մայրիկիցս ու տատիկիսց եմ լսել, պատմել եմ Վերժինեին»,- ասաց Դարբինյանը:

«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն թարգմանությունը հրատարակվել է Ստամբուլում` 1500  օրինակով: Այս ժողովածուն այնքան բացառիկ է ու այնքան աննախադեպ նյութ է պարունակում, որ նոր բացահայտումների հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության հարցով հետաքրքրվողներին ոչ միայն Հայաստանում, այլեւ Թուրքիայում: Աշխատությունն ընդգրկում է ցեղասպանությունից վերապրած սերնդից անմիջականորեն գրի առնված 700 միավոր բանավոր վկայություն եւ պատմական բնույթի երգեր, որոնք ավելի քան 55 տարիներին գրի է առնվել հեղինակի կողմից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]