«Սարի աղջիկ» նախագիծը շարունակում է իր հաղթարշավը
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երիտասարդության շրջանում «Սարի աղջիկ» երգի հայկական արմատների վերհանմանն ու հայտնի դառնալուն միտված համանուն նախագիծը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը: Մոտ մեկուկես ամսվա կենսագրություն ունեցող կամավորական նախագիծը հանրության դատին է ներկայացել երգիչ Անդրեի կողմից ձայնագրված երգով, ինչպես նաև sari-aghjik.com կայքի ստեղծմամբ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախագծի համահեղինակ Անի Մարգարյանը պատմեց, որ մինչև տարեվերջ նախագիծը հանրության դատին կներկայացնի ևս մեկ գաղափար:
«Այժմ մեզ դիմել են մի քանի կատարողներ, և, եթե ամեն ինչ հաջող ընթանա, մինչև տարեվերջ «Սարի աղջիկը» ևս մեկ մեկնաբանություն կունենա»,- կատարողի անունը դեռևս գաղտնի պահելով` նշեց Մարգարյանը:
Նրա խոսքով, երաժշտարվեստի բազմաթիվ գիտակների պնդմամբ, «Սարի աղջիկը» այնպիսի ստեղծագործություն է, որը թույլ է տալիս այն կատարել տարբեր երաժշտական ոճերում, ուրախ կամ տխուր մեկնաբանությամբ: Նախագծի հեղինակների կարծիքով, այս գեղեցիկ երգը ողջ տարածաշրջանի ձեռքբերումն է, քանի որ այն երգում են տարբեր երկրներում, տարբեր լեզուներով` թուրքերեն, քրդերեն, պարսկերեն, արաբերեն, վրացերեն և այլն, սական նախագիծը միտված է ևս մեկ անգամ հանրությանը հիշեցնելու երգի հայկական արմատների ու հայերեն բնօրինակ տեքստի մասին:
Մասնագիությամբ արվեստաբան, նաև բլոգեր Անի Մարգարյանին կարճ ժամանակ անց միացել է քաղաքագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, աջակցել ու նախագծի ընթացքը կազմակերպել են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի «Տեղեկատվություն և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ» գիտաուսումնական կենտրոնի ուսանողները:
Մարգարյանը պատմեց, որ «Սարի աղջիկ» ֆեյսբուքյան էջը և «Յութուբ»-ի ալիքը բացել է դեռևս 2012 թվականին: Ադրբեջանը դեռևս խորհրդային տարիներից սեփականացնելու քայլեր է արել, իսկ 2012-ին ակտիվացել է երգի թեմայով՝ կապված Սեզեն Աքսուի, ինչպես նաև հետագայում ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի կատարումներից հետո:
Այժմ նախագծի շուրջ հավաքված 15 կամավորների խումբը քայլեր է ձեռնարկում գիտական, լրագրողական և այլ տեսակի արժեքավոր նյութերի հայթայթման, պատրաստման և կայքի միջոցով հրապարակման համար:
Նախագծի համահեղինակը նշեց, որ իրենց որոնումները ցույց են տվել, որ երգը ստեղծվել է 19-րդ դարում` չնայած երաժշտագետները դրա առաջացումը կապում են ավելի վաղ ժամանակների հետ:
Նախագիծը սկզբից ի վեր գործում է կամավորական հիմունքով. դա կազմակերպիչների սկզբունքային դիրքորոշումն է: 2014 թվականին նախագիծը կկազմակերպի նաև նկարահանումներ` արդեն հայկական ամբողջական տարազով:
Այժմ ֆեյսբուքում նախաձեռնությանը հետևում է շուրջ 2377 մարդ: Նախագծի մասնակիցների թիվը գերազանցել է 100-ը:
«Սարի աղջիկ» երգը հայտնի էր Թուրքիայի հայաբնակ գավառներում դեռևս 19-րդ դարում: Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները երգը երգում են աշխարհի տարբեր երկրներում: Երգի թուրքական տարբերակում թուրքը սիրահարվում է հայուհուն, սիրո պատմությունը տեղի է ունենում Էրզրումում, որի բնակչության 50%-ը մինչև Ցեղասպանությունը կազմում էին հայերը: Երգը հայտնի է վիրահայերի շրջանում, քանի որ նրանց մեծ մասն Էրզրումից գաղթած հայեր են և նրանց սերունդները: Երգի մեղեդային կառուցվածքը, հիմքն ու լադերը հայկական են: Միայն հայերեն տարբերակում են բառերը վանկերով համապատասխանում մեղեդու կառուցվածքին, իսկ թուրքերեն ու ադրբեջաներեն թարգմանություններում (վերնագրված է «Սարի գելին») անհամապատասխանություն կա: Այս երգը հայկական են համարում նույնիսկ Թուրքիայում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում