Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

«ՀայՓոստ»-ը թողարկեց անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի ծննդյան 225-ամյակին նվիրված նամականիշ


ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀայՓոստ»-ը թողարկեց անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի ծննդյան 225-ամյակին նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է նրա դիմանկարը, խորապատկերին` Հովհաննես Այվազովսկու վրձնած «Ջորջ Բայրոնի այցը Մխիթարյաններին` Սուրբ Ղազար կղզում» նկարն է: Նամականիշի ձախ կողմում պատկերված են Բայրոնի ձեռքով գրված հայերեն տառերն ու ստորագրությունը, որը պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում և կազմված է երկու բառից` «Լօրդ Բայրոն»:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը նամականիշի մարման արարողությանը նշեց, որ Լորդ Բայրոնն այն օրինակներից մեկն է, ով, ծննունդով ու արմատներով որևէ առնչություն չունենալով հայերի հետ, ոգևորվեց հայոց պատմությամբ ու աշխարհին ներկայացրեց հայերին ու Հայաստանը: «Ես` որպես Մեծ Բրիտանիայի դեսպան, հպարտ եմ, որ կա այնպիսի բրիտանացի, ում հայերն այդքան սիրում են, և նա էլ շատ սիրում էր հայերին: Եվ վստահ եմ, որ շրջագայելով այլ երկրներում, հայերը դեռ շատ բայրոններ կարող են գտնել»,- ասաց նա:

Նամականիշի ստեղծման գործում զգալի աջակցություն են տրամադրել Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղը, Երևանի Բայրոնի անվան գրադարանը, ինչպես նաև Շոտլանդիայի Բայրոնի միջազգային հիմնադրամը, որը տրամադրել է Բայրոնի բնագրերը:

Նամականիշի անվանական արժեքը 350 ՀՀ դրամ է, այն թողարկվել է 40 հազար տպաքանակով` Ֆրանսիայում: Նամականիշը ձևավորել է Վահագն Մկրտչյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ