Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարմիր գիրքը հարստացել է նոր կենդանատեսակներով ու բույսերով

Կարմիր գիրքը հարստացել է նոր կենդանատեսակներով ու բույսերով

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կարմիր գիրքն ընդգրկում է ավելի քան 400 տեսակի բույս և գրեթե նույնքան կենդանի: Նոր Կարմիր գրքի կազմման, գրքում տեղ գտած կենդանիների և բույսերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի հետ:

-Պարոն Աղասյան, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող  քանի՞ անուն բույս և կենդանի է ընդգրկված Կարմիր գրքում:

-Հայաստանի նոր Կարմիր գրքում կա 452 տեսակի բույս և 308 տեսակի կենդանի`155 անողնաշար և 153  ողնաշարավոր: Նախկին Կարմիր գրքում եղել են  99  տեսակի միայն ողնաշարավոր կենդանիներ: Նոր գրքում ներառվել են նաև անողնաշարավորները:

Նախկին Կարմիր գրքում եղել են ձկների 2, իսկ նորում` 7, երկկենցաղների 1, նորում` 2, սողունների 11,  նորում` 19, թռչունների 67, նորում` 96 , կաթնասունների 18, նորում` 29 տեսակներ: Գրքում նոր տեղ գտած անողնաշարավոր կենդանիներից էլ ընդգրկվել են 16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ:

-Հայաստանի Կարմիր գրքում ինչպիսի՞ կենդանիներ ու բույսեր կան, որոնք ընգրկվել են միայն վերջին հրատարակությունում և չեն եղել նախորդում: Քանի՞սն են դրանք:

-Նախորդ Կարմիր գրքի հետ համեմատած` նորում բույսերի, կենդանիների տեսակներ կան, որոնց քանակն ավելացել է, բայց դա չի նշանակում, թե դրանց սպառնացող վտանգներն էլ են մեծացել: Պարզապես մենք, նոր գիրքը կազմելիս, մեր բույսերն ու կենդանիները միջազգային չափորոշիչներով ենք գնահատել: Նախկինում դրանք տվյալ չափորոշիչներով չեն գնահատվել, պարզապես գրքում ներառվել են գիտնականների սուբյեկտիվ տեսակետները, ինչը սխալ է: Նրանք նշում էին, որ տվյալ տեսակի կենդանին քիչ է, ինչն այդպիսով ներառվում էր Կարմիր գրքում: Սակայն Բնության պահպանության միջազգային միությունը մշակած չափորոշիչններ ունի. դրանց համաձայն էլ առանձնացվել են հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիները: Այդ չափորոշիչներից յուրաքանչյուրն իր մեջ ներառում է որոշակի համակարգ, որով գնահատվում է տեղանքը, տեսակի քանակը և վայրի բնության մեջ դրանց հանդիպելու հաճախակիությունը: Տեսակներ կան, որոնք վերացել են ռեգիոնում և նույնիսկ աշխարհում: Օրինակ` մեր իշխանի երկու տեսակներն ընդհանրապես վերացել են և աշխարհում գոյություն չունեն: Իշխանն ուներ 4 ենթատեսակ, որից մնացել են «գեղարքունին» և «ամառային բախտակը», իսկ «ձմեռային բախտակն» ու «բաջակն» ընդհանրապես վերացել են: Սահմանված չափորոշիչների համաձայն` եթե վերջին 50 տարվա ընթացքում տվյալ տեսակը տվյալ ռեգիոնում չի հանդիպել, ապա համարվում է վերացած տեսակ:

-Իսկ կա՞ն անուններ, որոնք եղել են նախորդ գրքում, սակայն ոչնչացման վտանգի տակ չեն կամ այլևս գոյություն չունեն:

-Տեսակներ կային, որոնք ընդհանրապես չէին եղել Կարմիր գրքում, հիմա մտել են: Տեսակներ կային, որոնք նախկինում կային, իսկ հիմա հանվել են կամ եղել են որպես անհետացած կենդանիներ, սակայն պարզվել է, որ դրանք գոյություն ունեն, պարզապես քիչ են: Օրինակ, շերտավոր բորենին Կարմիր գրքում նշվել էր որպես վերացած տեսակ, սակայն ուսումնասիրությունները պարզեցին, որ այդ կենդանին գոյություն ունի: Բնապահպանները հայտնաբերել էին նրա կմախքը և գանգոսկրը: Արդյունքում այն դարձավ կրիտիկական վիճակում գտնվող կենդանի: Նոր Կարմիր գրքում տեղ գտնելով` չի կարելի միայն ասել, որ տվյալ տեսակի կենդանին արդեն վտանգված է: Դա պայմանավորված է նոր չափորոշիչներով: Չի կարելի ասել, որ բնական պայմանները վատացան, և Կարմիր գիրքը հաստացավ. նոր չափորոշիչներից ելնելով` որոշակի բույսեր ու կենդանիներ չեն ներառվել: Օրինակ, սև ագռավը հանվել է Կարմիր գրքից, քանի որ Բնության պահպանության միջազգային միության չափորոշիչներով սև ագռավ շատ կա: Նորությունն այն է, որ անողնաշար կենդանիներն էլ են մտել Կարմիր գիրք: Դա շատ կարևոր է, քանի որ եթե գնահատում ենք կենսաբազմազանությունը, ապա ամբողջությամբ պետք է գնահատենք: Կարմիր գրքում ընդգրկվել են նաև սնկեր, որոնք նախկինում չկային: Դրանք 40-ն են:

-Այդ տեսակների պահպանման առաջնահերթ անելիքները որո՞նք են: Ի՞նչ պայմաններ են ստեղծվում ու ի՞նչ աշխատանքներ են տարվում Կարմիր գրքում տեղ գտած բույսերն ու կենդանիները պահպանելու համար:

-Կարմիր գրքում տեղ գտած կենդանիների օգտագործման ձևերը երկուսն են: Առաջինը` գիտական նպատակն է, երկրորդը`վերարտադրության: Այլ ձևի օգտագործում գոյություն չունի` ոչ արդյունաբերական, ոչ սիրողական: Դրանք արգելվում են: Այս կենդանիներն ու բույսերը պահպանվում են բնության հատուկ պահպանվող տարածքներում, որոնք նպաստում են ոչ միայն տվյալ էկոհամակարգի, այլև այդ ռեսուրսների` բույսերի ու կենդանիների տեսակների պահպանությանը: Մեզ մոտ այդ տեսակները կազմում են մեր ողջ կենսաբազմազանության 60-70 տոկոսը:

-Բացի որսից, ի՞նչ պայմաններ են առկա Հայաստանումորոնք կենդանիների վերացման պատճառ են դառնում:

-Անկախ մեզնից` երկրում տարածքներն անընդհատ վերցնում են տնտեսական շահագործման համար, ինչի արդյունքում փոքրանում են այն տարածքները, որոնք համարվում են բնական էկոհամակարգեր տվյալ տեսակների համար: Կարմիր գրքում տեղ գտած կենդանիների պահպանությունը երեք ձևով է իրականացվում` օրենսդրական, տարածքային (բնական էկոհամակարգեր և պահպանվող տարածքներ) և վերարտադրության նպատատակով անազատ պայմաններում պահպանության ձևեր (կենդանաբանական այգի): Շատ տեսակներ են եղել, որոնք վերացել են աշխարհի երեսից, նրանց վերցնում են կենդանաբանական այգիներից, բազմացնում ու վերաբնակեցնում այն վայրերում, որտեղ նրանք եղել են:

-Վերջին Կարմիր գիրքը հաստատվել է 2010 թվականին: Ի՞նչ դասակարգումներ կան այնտեղ: Գիրքը կազմված է երկու հատորից: Կներկայացնե՞ք, որ հատորն ինչ է պարունակում:

-Կարմիր գրքում տեղ գտած տեսակները բաժանվում են երեք բաժինների: Առաջին բաժինն ունի երեք խումբ` կրիտիկական վիճակում (CR), անհետացման վտանգի տակ (EN) և խոցելի վիճակում (VU) գտնվող տակսոններ: Ըստ էության հենց այս երեք խմբերն էլ մոտ ապագայում տակսոնի ներկայացուցիչների կորստի լրջության մասին նախազգուշացնող հիմնական կատեգորիաներն են։ Հենց սրանք էլ կազմում են տարբեր մակարդակի կարմիր գրքերի մեջ ներառվող տակսոնների մեծ մասը։ Երկրորդ բաժինը ներառում է առաջին խմբի ոչ մի կատեգորիայի մեջ չներառված տեսակները`տակսոններ, որոնք կախված են պաշտպանության միջոցառումների մակարդակից (CD), տակսոններ, որոնք մոտ են սպառնալիքի տակ գտնվող տեսակների խումբ անցնելուն (NT) և նվազագույն վտանգի տակսոններ (LC): Երրորդ բաժնի տեսակները անմիջական առնչություն չունեն պահպանության խնդիրներին` ամբողջությամբ անհետացած տակսոններ (EX) և անազատության մեջ պահպանված տակսոններ (EW):

Կարմիր գիրքը կազմված է երկու հատորից: Առաջին հատորում տեղ են գտել բույսերը, իսկ երկրորդում` կենդանիները:

-Նոր գրքի հրատարակում նախատեսվո՞ւմ է: Առհասարակ Կարմիր գրքի վերաթողարկումների անհրաժեշտությունն ինչո՞վ է պայմանավորվում:

-Կարմիր գիրքն ամեն 5-10 տարին մեկ վերանայման կարիք ունի: Վերջին Կարմիր գրքի վերաթողարկումը պայմանավորված էր նրանով, որ ավելի ճիշտ աշխատանքներ տարվեին ու ճիշտ չափորոշիչներով ընդգրկվեին հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիները: Բացի այդ` մենք միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ ենք ստորագրել, և ըստ դրանց` պարտավոր էինք շարժվել այդ միջազգային օրենքներով: Կարմիր գրքով նաև կարողանում ենք պարբերաբար գնահատել մեր կենսաբազմազանության վիճակը, այսինքն` որոնք են հազվագյուտ, անհետացող, էնդեմիկ տեսակները, որպեսզի կարողանանք դրանք պահպանել: Համապատասխան մասնագետները մշտապես աշխատանքներ են տանում, տեղեկատվություն են հավաքում տեսակների վերաբերյալ: Դրանք աստիճանաբար կուտակվում են, և, հնարավոր է, որ մի օր Կառավարության որոշման մեջ փոփոխություն արվի, և ինչ-որ տեսակ, որն արդեն անհետացման եզրին է հայտնվել, մտցվի Կարմիր գրքի ցանկ:

Հարցազրույցը վարեց Ռուզաննա Մովսիսյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]