Իոսիֆ Կոբզոնը Ծիծեռնակաբերդում մասնակցել է «Իմ Հայաստան» երգի տեսահոլովակի նկարահանմանը
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Հայոց ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ, մասնակցել է «Իմ Հայաստան» նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյբուքյան էջից:
Իոսիֆ Դավիդովիչ Կոբզոնը խորհրդային և ռուսական բարիտոն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր: Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան, որտեղ դասավանդում է 1984 թվականից։ Նա իր ստեղծագործական գործունեության ընթացքում համերգներ է ունեցել աշխարհի 100 երկրում, բազմիցս համերգներ տվել Երևանում: Ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի և Խուլիո Իգլեսիասի հետ:
Իր ծննդյան 75-ամյակին Կոբզոնը «Ես սիրում եմ քեզ, կյանք» խորագրով բարեգործական համերգ է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որից ստացված հասույթը տրամադրվել Գյումրիի երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռբերմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում