Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Քարե երազներ»-ը ես գրել եմ ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների համար. Աքրամ Այլիսլի

«Քարե երազներ»-ը ես գրել եմ ոչ թե հայերի,  այլ ադրբեջանցիների համար. Աքրամ 
Այլիսլի

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենք հայերի հետ կռվում ենք հողի համար, իսկ ինքը` հողը, ոչ մեկին պետք չէ: Այն պետք չէ Ալիեւին, որովհետեւ նա ոչ թե հողի, այլ հարստության տեր է, նավթային պետ է միայն: Պարզվել է, որ դա այն չէ, ինչի համար մարդիկ կցանկանային պայքարել: Դե, ինչ արած, նշանակում է այդպես պետք էր Աստծուն կամ սատանային, չգիտեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ռուսկի ռեպորտյոր» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում մեծ աղմուկ հանած «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլին: Նա ասել է, որ սկզբում չի ցանկացել հրապարակել վեպը, սակայն, բայց չի կարողացել չընդդիմանալ այն բանին, ինչ տեղի ունեցավ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելով սպանած Սաֆարովին Ադրբեջանում «հերոսացնելուց» հետո: ««Քարե երազներ»-ը ես գրել եմ ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների համար», -ասել է նա: 

Աքրամ Այլիսլին կոչ է արել խոստովանել այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանում հայերի նկատմամբ: Գրողի խոսքով` եթե այժմ Ադրբեջանում հանրաքվե անցկացվի, մեծամասնությունը կողմ կլինի, որպեսզի հայերի հետ հարաբերությունները կարգավորվեն: «Եթե գաղափարախոսները հաստատորեն ասեն, որ պետք է կարգավորել հարաբերությունները, երեկոյան ժողովուրդն արդեն այլ կերպ կմտածի»,- ասել է նա:

«Եղբայրներ, եկեք խոստովանենք, որ ստորություններ ենք արել: Միայն դրանից հետո է հնարավոր գնալ ինչ-որ լավ բանի: Իմ մասին ինչ ասես, որ չասեցին` Էլ որ պետք է ստուգել իմ արյունը, որ իբր ես Նոբելյան մրցանակ եմ ուզում ստանալ: Բայց ամենացավալին այն է, որ այդ բոլորն ասում էին ժողովրդի անունից: Ինչ-որ կաբինետային առնետ ինձ սովորեցնում է, թե ինչ է ուզում ժողովուրդը: Իսկ ես մանկությունից իմ տատիկից, մորիցս, քեռուցս հայերի մասին միայն լավն եմ լսել», - ասել է Այլիսլին:

«Քարե երազներ» վեպում Աքրամ Այլիսլին, ըստ  ականատեսների, հանգամանորեն նկարագրել է անցյալ դարասկզբին Նախիջեւանում` Ագուլիսում, եւ 1988-1990թթ.-ին Ադրբեջանում` Սումգայիթում եւ Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները: Վեպն անցյալ դեկտեմբերին հրապարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում:

«Քարե երազներ» վեպում քննադատություն կա նաեւ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եւ նրա կողմից ստեղծված բռնապետական համակարգի հասցեին: Վեպի հրապարակումից հետո Այլիսլին լուրջ քննադատության է ենթարկվել Ադրբեջանում. իշխանամետ երիտասարդությունն ակցիա է կազմակերպել նրա տան մոտ, նրա հարցը քննարկվել է Ադրբեջանի խորհրդարանում, որի պատգամավորներն առաջարկել են այրել գրողի բոլոր գրքերը, զրկել նրան քաղաքացիությունից եւ արտաքսել Ադրբեջանից: Շատերը սկսել են Այլիսլիին մեղադրել հայկական ծագում ունենալու եւ դավաճանության մեջ:

Ադրբեջանի նախագահ Իլյհամ Ալիեւը նրան զրկել է նախագահական թոշակից եւ ժողովրդական գրողի կոչումից` մեղադրելով նրան այն բանում, որ գրողը «նպատակաուղղված խեղաթյուրել է Ադրբեջանի պատմությունը» եւ «ադրբեջանական գրողի կոչմանը ոչ հարիր ձեւով խեղաթյուրել է Ադրբեջանի պատմության հետ կապված իրողությունները»: Իշխանամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը հայտարարել էր, որ 10 հազար եվրո կվճարի նրան, ով կկտրի գրողի ականջը: Միայն ԶԼՄ-ների միջամտությունից հետո է քաղաքական գործիչը զգուշացվել Ադրբեջանի ՆԳՆ- կողմից` նման կոչերի ապօրինության մասին:

ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը եւ Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները եւ իշխանություններին կոչ արել կատարել նրա անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունները:

Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին: «Եմեն» եւ «Քարե երազներ» ստեղծագործությունների հետ միասին Աքրամ Այլիսլիի «Փառահեղ խցանում» վեպը նրա այդ եռապատման վերջին ստեղծագործությունն է, որում գրողը պատմում է Ադրբեջանում իշխանության տարիներին Հեյդար Ալիեւի կատարած հանցագործությունների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]