Հայաստանը կարող է Իրաք արտահանել ՏՏ ոլորտի ծառայություններ. ՀՀ փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը կարող է Իրաքին ծրագրավորման ոլորտի արտադրանք մատակարարել: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` իրաքցի իր գործընկեր Ռոուշ Նուրի Շաուեյսի հետ ասուլիսին: «Բացի պատրաստի ապրանքատեսակներից, Հայաստանը կարող է Իրաք արտահանել նաև ծառայություններ: Նկատի ունեմ, մասնավորապես, ծրագրավորման ոլորտի տարբեր պրոդուկտները: Այսօր նմանատիպ փորձ մենք ունենք, երբ հայկական ընկերությունները Իրաքի կառավարության համար նմանատիպ ծառայություններ են մատուցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ փոխվարչապետը:
Գևորգյանի խոսքով` հայկական կազմակերպությունները հետաքրքրված են Իրաքի էներգետիկ հզորությունների արդիականացմանը մասնակցելու հարցում: ՀՀ փոխվարչապետը շինարարական ծառայությունների մատուցման ոլորտում նույնպես տեսնում է հնարավորություններ: Նա նշեց, որ Հայաստանից Իրաք է արտահանվում գյուղատնտեսական և սննդարդյունաբերական արտադրանք, հյութեր և խմելու ջուր, ինչպե նաև` մեծ քանակով սիգարետ: Գևորգյանը վստահ է, որ արտահանվող ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել՝ ընդգրկելով ոսկերչության, շինարարության և այլ բնագավառներ:
Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը նշեց, որ Իրաքի կառավարությունը ցանկանում է շարունակել առաջ ընթանալ բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու հարցում: «Այս մեր երկրորդ այցի նպատակն է նոր հեռանկարներ բացել համագործակցության համար»,- նշեց Շաուեյսը՝ հավելելով, որ Իրաքից Հայաստան է ժամանել ներկայացուցչական պատվիրակության մասին: Իրաքի փոխվարչապետը նշեց Իրաքում ներդրումներ կատարելու, առողջապահության և կրթության բնագավառներում առկա համագործակցության հնարավորությունների մասին:
2011թ.-ից հետո հայ-իրաքյան հարաբերությունները սկսել են ինտենսիվ զարգանալ։ Ձևավորվել է միջկառավարական հանձնաժողով, որի առաջին նիստը կայացել է 2012 թվականին, Բաղդադում։ Հայաստանի և Իրաքի միջև նոյեմբերի 6-ին ստորագրվել է տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցում է 50 միլիոն դոլարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում