Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայերն ուժեղ են ամենուր. Թավիջյան եղբայրներ

Հայերն ուժեղ են ամենուր. Թավիջյան եղբայրներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական ջազի շաբաթ- 75» նախագծի շրջանակներում առաջին անգամ Հայաստան այցելած Թավիջյան երաժշտական ընտանիքի ներկայացուցիչները սիրահարվել են հայրենիքին: Ջազ - երաժիշտներ Գարոն և Դիրանը երեք օրվա ընթացքում արդեն հասցրել են երկու համերգով հանդես գալ «Հայկական ջազի շաբաթի» շրջանակներում:  «Շատ ուրախ ենք Հայաստանում գտնվելու համար: Ես շատ հուզված և լցված եմ այս պահին: Մենք Հայաստանի մասին շատ բան գիտենք, կրթվել և դաստիարակվել ենք հայկական մշակույթը սիրելով, բայց նախկինում երբեք այստեղ չենք եղել: Պատկերացրեք, թե ինչ ենք զգում առաջին անգամ այստեղ հայտնվելով: Գիտենք, որ հայ երաժշտասերը տեղեկացված է, թե որն է լավ երաժշտությունը: Մեր սրտերի և հոգիների համար սա շատ մեծ և կարևոր իրադարձություն է: Քանի որ մենք երաժիշտներ ենք, մենք ամեն ինչ տարբեր կերպ ենք ընկալում: Կցանկանայի կրկին այստեղ գալ: Խոսքերն ավելորդ են. երաժշտությունն ամեն ինչ ասում է»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Դիրան Թավիջյանը:

Հայաստանում երեք օր գտնվելով՝ երաժիշտներն արդեն հասցրել են լինել երկրի տարբեր պատմամշակութային վայրերում. այցելել են Էջմիածին, Մատենադարան, Ցեղասպանության թանգարան, փորձել են հայկական խոհանոցի ճաշատեսակները:

«Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, ունի եզակի ճարտարապետություն: Արդեն հասցրել ենք սիրահարվել Երևանին: Այստեղ գալուց հետո ես իմ շուրջն ուժեղ հոգևոր էներգիա եմ զգում: Ես երբեք նման զգացողություններ չեմ ունեցել, մի տեսակ անբացատրելի է: Գենետիկան այստեղ մեծ կապ ունի: Համեգի ժամանակ ես այնպիսի յուրահատուկ էներգիա զգացի, որ ինձ թվում է, թե երբեք ավելի լավ չենք նվագել: Անկեղծ ասած, նույնիսկ հայուհի եմ փնտրում՝ ամուսնանալու նպատակով: Սա իմ երազանքն է: Ես հավատում եմ հայերին, ես սիրում եմ նրանց, խելացի են, գիտեն՝ որն է լավ, և որն է վատ: Հայերն ունեն ուժեղ կամք: Առաջին անգամ չէ, որ հայերի եմ հանդիպում, նրանք ամենուր են և ամենուր ուժեղ են ու հաջողակ»,-նշեց Գարո Թավիջյանը:

Մակեդոնիայում բնակվող Թավիջյան ընտանիքը տեղի ամենահայտնի հայկական գերդաստաններից է: Ցեղասպանության արդյունքում Արևմտյան Հայաստանից տեղահանված և Մակեդոնիայում նոր կյանք սկսած գերդաստանի 4-րդ սերնդի ներկայացուցիչները նշեցին, որ Հայոց ցեղասպանության մասին շատ ազդեցիկ պատմություններ են լսել ընտանիքի անդամներից:

Տարբեր երկրներում ելույթ ունենալով` եղբայրները դեռ չեն հասցրել համագործակցել հայ երաժիշտների հետ:

«Հանդիպել ենք աշխարհի լավագույն հայերից մեկի՝ հիասքանչ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ, ով Մակեդոնիա էր եկել մի քանի տարի առաջ: Մեզ համար այդ հանդիպումը շատ նշանակալից էր: Նրա հետ կապված հետաքրքիր պատմություն ունենք: Երբ ռեստորանում ճաշում էինք, մատուցողներից մեկը նրան ասաց՝ փորձեք մեր Ֆրանսիական ձիթապտղի յուղը: Ազնավուրը փորձեց յուղը և ասաց, որ դա ֆրանսիական յուղ չէ, ապա խնդրեց մատուցողին բերել յուղի շիշը: Երբ կարդացինք, որ յուղն Իտալիայից է, զարմացանք և հիացանք, որ նա ֆանտաստիկ ճաշակ ու զգացողություն ունի: Հանդիպել ենք նաև Ջիվան Գասպարյանի հետ, զրուցել ենք մեր տատիկի օգնությամբ: Շատ կցանկանայինք նաև նրա ու Սերժ Թանկյանի հետ համագործակցել»,-հավելեց Դիրան Թավիջյանը:

Թավիջյան եղբայրները հայերեն խոսել չգիտեն, սակայն հավաստիացրին, որ հաջորդ այցի ժամանակ կխոսեն միայն հայերեն:

Գարոն և Դիրանը ծնվել են երաժշտական ընտանիքում. նրանց հայրն էլ է երաժիշտ:  Տարբեր երաժշտական գործիքներով շրջապատված լինելը ոչ միայն օգնեց մասնագիտության ընտրության հարցում, այլև նրանց «ստիպեց» սիրել երաժշտությունը:

Բրիտանական միջազգային «Սոնի ջազ» մրցույթի դափնեկիրներ, Մակեդոնիայի և մի շարք միջազգային մրցույթների գրեթե բոլոր երաժշտական մրցույթների հաղթողներ Թավիջյան եղբայրները հասցրել են արդեն 400 համերգով հանդես գալ Եվրոպայում և ԱՄՆ-ում: Համագործակցել են բազմաթիվ հեղինակավոր երաժիշտների`այդ թվում նաև Մայքլ Ջեքսոնի, Ռոզաննա Վիտրոյի, Ռհանի Կրիջայի հետ: Բալկանների պատմության մեջ առաջին անգամ նրանք հավաքել են մեծաթիվ բալկանյան կատարողների և թողարկել  «Macedonian heart beats in 7/8» ձայնասկավառակը, որը հետագայում արժանացել է բազմաթիվ մրցանակների: Ելույթ են ունեցել նաև Նյու Յորքի «Blue Note» լեգենդար ջազ-ակումբում:

 «Հայկական ջազի շաբաթի» միջոցառումները մեկնարկեցին հոկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացված գալա-համերգով, որտեղ ելույթ ունեցավ Հայաստանի հանրային ռադիոյի Էստրադային- սիմֆոնիկ նվագախմբի ջազ - բենդը (գեղարվեստական ղեկավար`ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյան, դիրիժոր` ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյան): Երեկոյի ընթացքում հանդես եկան նաև Հայաստան ժամանած հյուրերը՝ ջազային երաժիշտներ Թավիջյան եղբայրները` Մակեդոնիայից և Մայք Մոսսեսյանը` Ավստրիայից: Հոկտեմբերի 24-ին Թավիջյան եղբայրները ելույթ ունեցան «Մեցցո» ակումբում և Հայաստանից մեկնեցին վառ տպավորություններով:

Մի ամբողջ շաբաթ «Մեցցո» ակումբում կթևածեն ջազի ռիթմերը:

Տոնական միջոցառումների շարքը կեզրափակվի հոկտեմբերի 30-ի համերգով, որին հանդես կգան Մարտին Վարդազարյանը և Երվանդ Երզնկյանը:

 Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]