Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Կաննի փառատոնում կցուցադրվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը

Կաննի փառատոնում կցուցադրվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային կինոյի հիմնադրամն այս տարի կվերականգնի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (Սայաթ-Նովա) ֆիլմը՝ այն Կաննի 2014 թվականի փառատոնում որպես համաշխարհային կինոարվեստի լավագույն նմուշ ներկայացնելու նպատակով: Ինչպես  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, Կաննի փառատոնն ամեն տարի ունենում է մեկ նման ցուցադրություն, և այդպիսով Հայաստանը հնարավորություն կունենա ըստ արժանվույն ներկայանալ հեղինակավոր փառատոնին:

«Համաշխարհային կինոյի հիմնադրամն իր առջև նպատակ է դրել վերականգնել և տարածել համաշխարհային կինոյի լավագույն նմուշները: Տարեսկզբին կինոկենտրոնն Իտալիա է ուղարկել Փարաջանովի ֆիլմի հեղինակային տարբերակը և Յուտկևիչի մոնտաժային աշխատանքը: Փարաջանովի այս ֆիլմը համարվում է համաշխարհային կինոյի գոհարներից մեկը, և այժմ այն վերականգնման փուլում է: Ֆիլմի վերականգնված տարբերակը պատրաստ կլինի մոտ ժամանակներս: Ցանկացած երկրի համար նվաճում է, երբ ֆիլմը ներկայացնում են Կաննի փառատոնին: Նշանակում է, որ մեր արտադրած ֆիլմն արժանի է, որ հանրությունը տեղյակ լինի դրա մասին: Շուտով Համաշխարհային կինոյի հիմնադրամը կսկսի վերականգնել նաև Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը»,- նշեց Գևորգյանը:

Ըստ նրա` Ազգային կինոկենտրոնում գնահատում և արժևորում են կապերը միջազգային կառույցների հետ: «Պետական աջակցությունը ոչ այնքան գումարային օգնություն է ապահովում մեզ համար, որքան նպաստավոր պայմաններ է ստեղծում ռեժիսորների և պրոդյուսերների համար, ինչը պակաս կարևոր չէ: Մեր ֆիլմերի մեծ մասը համատեղ արտադրության արդյունք են:  Եթե մենք 1-2 տարի առաջ մեկ ֆիլմ էինք նկարահանում 600 հազար դոլար բյուջեով, ապա այսօր այդ նույն գումարով 8 ֆիլմ ենք նկարահանում, այն դեպքում,  երբ Վրաստանում ֆիլմի միջին բյուջեն 2 մլն դոլար է, Ադրբեջանում՝ 7 մլն, Բելառուսում՝ 10, իսկ Ուկրաինայում՝ 15 մլն դոլար: Կարևորն այն է, որ մենք միջազգային կատալոգներում գրանցված ենք որպես կինոարտադրող երկիր և Կաննի կինոշուկայում մշտական տաղավար ունենք»,-հավելեց Գևորգ Գևորգյանը:

Կինոկենտրոնը համագործակցել և շարունակում է համագործակցությունը CNC-ի (Ֆրանսիայի ազգային կինոկենտրոն) հետ: Այժմ ցանկություն կա ընկերության հետ համատեղ ֆիլմարտադրության պայմանագիր կնքել: «Համատեղ արտադրությունը թույլ կտա օգտվել լայն հնարավորությունններից և բազմաթիվ արտոնություններից, այդ թվում` նաև Ֆրանսիայում ֆիլմերի ցուցադրություններից»,- պարզաբանեց կինոկենտրոնի ղեկավարը:

Օրակարգային է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին առընթեր Համատեղ կինոարտադրության հիմնադրամին՝  «Յուրիմաժ»-ին: Նոյեմբերին կքննարկվի Հայաստանի անդամակցության հարցը, և, հավանաբար, մեր երկիրը այդ կազմակերպության անդամ կդառնա 2014 թվականին:

ՀՀ կառավարության որոշմամբ 2006 թվականին ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 1923 թվականին հիմնված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդն է, որը գործում է ՀՀ մշակույթի նախարարության համակարգում: Կինոկենտրոնի «ծննդյան վկայականը» համարվում է Խորհրդային Հայաստանի կառավարության 1923 թվականի ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետը, որի համաձայն`կինոարտադրության կազմակերպումը վստահվել է տաղանդավոր ու փորձառու կինոգործիչներին` Դանիել Դզնունուն և Համո Բեկնազարյանին:
1923 թվականի աշնանը «Պետկինոն» վերակազմավորվել է «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկերության, որն սկզբում կոչվել է «Կինոֆաբրիկա», 1924թ.-ից գործել է որպես կինոլաբորատորիա, 1928թ.-ին վերանվանվել «Հայկինո», 1938թ.-ին` «Երևանի կինոստուդիա», 1957թ.-ին` «Հայֆիլմ», իսկ Հ. Բեկնազարյանի մահից մեկ տարի անց` 1966 թվականին, անվանակոչվել է նրա անունով: 1990թ.-ին Հ.Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորումն առանձնացել է և, փաստագրական ֆիլմադարանով հանդերձ, վերակազմավորվել Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի:

Ներկայում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որպես կինոարվեստի բնագավառում պետական  մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություն, ունի բազմաթիվ գործառույթներ, ակտիվորեն մասնակցում է միջազգային կինոփառատոններին, կինոշուկաներում ներկայացնում հայկական կինոնկարները:

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ