Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Էդվարդ Միլիտոնյանը ՀԳՄ նոր նախագահն է

Էդվարդ Միլիտոնյանը ՀԳՄ նոր նախագահն է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության անդամները հոկտեմբերի 20-ինկայացած համագումարում ընտրեցին նոր նախագահ: Այս պաշտոնի համար իրենց թեկնածությունը նախապես առաջադրել էին միության անդամներ Էդվարդ Միլիտոնյանը, Հովիկ Հովեյանը և Դավիթ Սարգսյանը: Հավաքի ընթացքում միության անդամները առաջադրեցին նաև Վլադիմիր Հայրապետյանի և Ռոմիկ Սարդարյանի թեկնածությունները:

Վլադիմիր Հայրապետյանն ինքնաբացարկ հայտարարեց, իսկ Ռոմիկ Սարդարյանը նշեց, որ «եթե իր գրչակից ընկերներն իրեն այդ պաշտոնին տեսնելու ցանկություն ունեն, չի հրաժարվի», չնայած նա մինչ համագումարի սկսվելը տարբեր պատճառներով մերժել էր միության անդամ գրողների համանման առաջարկները:

ՀԳՄ համագումարի ժամանակ չորս թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրային դրույթները: Առաջադրված երեք հայտնի թեկնածուներն իրենց ծրագրերն ու նպատակների ներկայացնելու հնարավորություն բազմիցս ունեցել էին «Գրական թերթ»-ում տպագրելու եւ այլ հանդիպումների ժամանակ:

ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը վստահեցրել էր, որ շարունակելու էստեղծագործական ու սոցիալական հարցերի լուծման ուղղությամբ նախորդ տարիներին գնահատված աշխատանքը: Այն իրականացնելու համար թեկնածուն նշել է, որ հիմնվելու է կոլեգիալ գործունեության սկզբունքի վրա:

Դավիթ Սարգսյանը առաջարկեց նոր մեթոդներով շարունակել Հայաստանի գրողների միության աշխատանքը: Նա անհրաժեշտ է համարել գործի դնելով հայաստանյան ԶԼՄ-ները` ակտիվ գործունեություն ծավալել գրողների միջավայրում` պաշտպանելով գրականությունն ու մշակույթը:

Հովիկ Հովեյանը ՀԳՄ ապագան տեսնում է նաև թարգմանության ու գրաքննադատության զարգացման մեջ: Թեկնածուն առաջարկում է Գրողների միությանն առընթեր ստեղծել գեղարվեստական թարգմանության և գրաքննադատության բաժիններ, ինչպես նաև միության շարքերը համալրել օժտված գրողներով:

Նորությունը միայն Ռոմիկ Սարդարյանի ծրագրային դրույթներն էին: Վերջինս առաջարկեց վերանայել ՀԳՄ անդամների կազմը և «մաքրել» միությունն անտաղանդ ստեղծագործողներից: Սարդարյանի համար կարևոր էր նաև վարչության և նախագահության կազմի վերանայումը: Գրողի դիտարկմամբ, սակայն, ամենակարևոր խնդիրներից մեկը տարեց տաղանդավոր գրողների վաստակած հանգստի հարցն էր. միության այդ անդամները չպետք է «չինովնիկների» նման թոշակի անցնեն: Նա առաջարկեց նաեւ, որ յուրաքանչյուր ստեղծագործություն պետք տպագրվի, որպեսզի տեղեկանան, թե ինչպիսի գործ գնահատվեց: Կարևոր են նաև միությանն անդամագրվող գրողների և նրանց ստեղծագործությունների մասին տեղեկությունները: Նոր թեկնածուն առաջարկեց միության անդամ գրաքննադատներին, ովքեր չեն կատարում իրենց պարտականությունները, մեխանիկորեն դուրս մնան համակարգից:

Գրողները տարաձայնություններ ունեցան սփյուռքահայ գործընկերների` ընտությանը մասնակցելու հնարավորությունների առնչությամբ: Նրանցից շատերը դա սխալ սկզբունք էին համարում` հայտարարելով, որ եթե նրանց հարցերով չի զբաղվում ՀԳՄ նախագահը, ապա ինչպիսի տրամաբանությամբ նրանք ընտրեն նախագահին: Բացի դրանից, նրանք մտավախություն հայտնեցին, որ նման կերպով քվեարկությունը թափանցիկ չի լինի: ՀԳՄ անդամները պահանջում էին, որպեսզի մասնակցեն միայն ներկա գրողները`ընտրախախտումներից խուսափելու և թափանցիկ ընտրություններ ապահովելու համար:

Գրողների միությունն ունի 520 անդամ: Համաձայն Հայաստանի գրողների միության կանոնակարգի` քվորումն ապահովելու համար պարտադիր պետք է ներկա լինի 263 անդամ, համագումարին ներկա էին ավելին` 325-ը: ՀԳՄ համագումարի նախագահության կազմում էին գրողներ Վազգեն Գաբրիելյանը, Հրաչյա Սարուխանը, Պետրոս Դեմիրճյանը և Ավիկ Իսահակյանը: Նախագահ ընտրելու համար Երեւան էին եկել անդամներ նաև հեռավոր համայնքներից:

Ձայների բացարձակ առավելությամբ (199 քվ, այդ թվում 40 սփյուռքահայ գրողների) միության նախագահի պաշտոնն ստանձնելու իրավունք ստացավ ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը: Հովիկ Հովեյանի օգտին քվեարկեցին միության 100 (17 սփյուռքահա) անդամներ, իսկ Ռոմիկ Սարդարյանի` 4 անդամ: Դավիթ Սարգսյանին նախագահի պաշտոնը վստահեցին 24 անդամներ: 7 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր:

Հայաստանի գրողների միությունը ստեղծվել է 1934-ի օգոստոսին: 1946 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Հայաստանի Գրողների միության 2-րդ համագումարը, վարչության նախագահ է ընտրել Ավետիք Իսահակյանը: Այնուհետև միությունը ղեկավարել են Էդվարդ Թոփչյանը, Վարդգես Պետրոսյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը, Ռազմիկ Դավոյանը, Հրանտ Մաթևոսյանը: Վերջին նախագահը` Լևոն Անանյանը, սեպտեմբերի 2-ին անժամանակ հեռացել է կյանքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]