Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը չի վնասի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը չի վնասի ՆԱՏՕ-ի հետ 
հարաբերությունների խորացմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանի իրականացրած գործունեությունը և հնարավոր անդամակցությունը Մաքսային միությանը չպետք է վնասի ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունների խորացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը քննարկման առարկա չի եղել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում, առանձին խորհրդարանականների հետ, իհարկե, քննարկումներ եղել են: Մենք ներկայացրել ենք և մեր պաշտոնական դիրքորոշումը, և առանձին պատվիրակների դիրքորոշումը, քանի որ մենք տարբեր քաղաքական ուժեր ենք ներկայացնում: Որևէ մտահոգոթյուն ես չեմ տեսել այլ երկրների խորհրդականների կողմից այն առնչությամբ, որ դա հակասելու է ՆԱՏՕ-ի հետ մեր գործընկերային հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչը մեր անդամակցությունն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Դա որևէ կերպ չի նսեմացնում մեր գործընկերային հարաբերությունների խորացումը ՆԱՏՕ-ի հետ»,- շեշտեց Կորյուն Նահապետյանը:

Անդրադառնալով Վիլնյուսում նոյեմբերի 29-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցին` Կորյուն Նահապետյանը նշեց, որ որևէ փաստաթուղթ ԵՄ-ի և Հայաստանի միջև անպայման կստորագրվի: «Խոսքն Ասոցացման համաձայնագրի մասին չէ, այլ մի երրորդ փաստաթղթի մասին, որով կհաստատվեն բանակցությունների այն արդյունքները, որ մենք ունեցել ենք վերջին 4 տարիների ընթացքում, և դա շատ լավ հիմք կհանդիսանա հետագայում եվրոպական երկրների հետ հարաբերությունները խորացնելու համար՝ արդեն նոր իրողությունների համատեքստում»,- պարզաբանեց նա` հավելելով, որ հնարավոր է նաև փոխըմբռնման հուշագիր ստորագրվի:

Կորյուն Նահապետյանի խոսքով` Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները խորհրդարանական ձևաչափով բավականին լավ հիմքի վրա են: «Վերջին մեկուկես տարվա ընթացքում` Ազգային ժողովի պատվիրակության ձևավորման պահից, մենք ակտիվ շփումներ ենք իրականացնում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարբեր մակարդակներում: Մենք փորձում ենք ներկայացնել մեր մոտեցումները գլոբալ և տարածաշրջանային անվտանգության տարբեր հարցերի առնչությամբ: Վերջին ամիսներին համագործակցությունն այնքան արդյունավետ է, որ շատ հաճախ մատնացույց են անում մեր պատվիրակության աշխատանքը Խորհրդարանական վեհաժողովի տարբեր հարթակներում: Մենք օգտագործում ենք խորհրդարանական այս ձևաչափը երկկողմ շփումների համար, տարբեր երկրների խորհրդարանականների հետ քննարկում ենք տարաբնույթ հարցեր, այդ թվում` մեր ազգային, պետական շահերին վերաբերող խնդիրներ»,- նշեց նա:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց նաև, որ նախնական պայմանավորավածություն կա հաջորդ տարի Հայաստանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի այց կազմակերպելու վերաբերյալ, որը կնախորդի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: 

Հոկտեմբերի 11-14-ին Խորվաթիայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված էին գլոբալ և տարածաշրջանային նշանակության անվտանգության բազմաթիվ հիմնահարցեր, որոնց շուրջ չորս օրերի ընթացքում եղել են բուռն քննարկումներ. քննարկվել է 17 զեկույց, ընդունվել է 7 բանաձև: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]