Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Շուրջ 500 տարի սրբեր չհռչակած Հայ Եկեղեցին այժմ կոչված է այդ մեծագույն ծնունդն իրականացնելու. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան


ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ընթացքում, ի թիվս տարբեր եկեղեցական-ծիսական հարցերի, անդրադարձ կատարվեց նաև Հայ Եկեղեցուն և ազգային կյանքը հուզող տարբեր խնդիրների ու մարտահրավերների: Թեպետ պաշտոնական հաղորդագրությունն այս առումով սակավախոս էր, սակայն հասարակության հիմնական սպասելիքը ժողովից հենց այս ոլորտում էր: Եկեղեցին իր կյանքը բարեփոխելու և ժամանակի ոգուն համահունչ դարձնելու ուղղությամբ, ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ժողովին հնչեցրած խոսքի, մեկ դար շարունակ փորձեր է կատարել: Եվ այս առումով եպիսկոպոսաց այս ժողովը թերևս իսկապես պատմական է, եթե կարողացել է ի վերջո քննարկել նման հարցեր: Ժամանակակից մարտահրավերների մասին զեկուցողներից մեկը Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն էր, ով և համաձայնեց տալ մեզ անհրաժեշտ լուսաբանությունները եպիսկոպոսաց ժողովի կատարած աշխատանքների մասին:

-Բագրատ Սրբազան, որո՞նք են այդ խնդիրները, որ եպիսկոպոսաց ժողովն արծարծել է:

-Եպիսկոպոսաց ժողովը հիմնականում երկու կարևոր հարցեր քննարկեց, որոնք երկար նախապատրաստական փուլ էին անցել՝ Մկրտության Խորհուրդի ծիսական կարգը և Հայ Եկեղեցու Սրբադասման կանոնը: Ապա նաև բուռն քննարկումներ ծավալվեցին այսօր մեր ժողովրդին հուզող բազում մարտահրավերների մասին, որոնց նկատմամբ մեր Եկեղեցին կոչված է որոշակի վերաբերմունք ճշտել և քայլեր ձեռնարկել:

Իմ գնահատմամբ` այս ժողովը պատմական էր ոչ միայն ամբողջական եպիսկոպոսաց դասի համահավաքման փաստով, այլ մեկ այլ կարևոր հանգամանքով: Խոսքս Սրբադասման կանոնին և կարգին է վերաբերում: Շուրջ 500 տարի մեր Սուրբ Եկեղեցին սրբեր չի հռչակել և այժմ  եկեղեցին կոչվում է այդ մեծագույն ծնունդն իրականացնելու՝ վերահիմնելով հոգևոր հերոսության և Սուրբ Հոգու միջոցով Եկեղեցու պտղաբերության ճշմարտությունը: Ես և, վստահ եմ, իմ հոգևոր եղբայրները այդ պատասխանատվության, պատվի և օրհնության բերկրանքն ենք ապրում, որ մեզ է վիճակվել` լինելու այդ երջանիկ սերունդը, մեր Սուրբ Եկեղեցու կյանքի և արյունի շարունակականության կրողները:

-   Արդյոք ժողովը հնարավորություն տալի՞ս է ուղիներ գտնել ազգային-եկեղեցական կյանքում առկա խնդիրները լուծելու համար:

-Եպիսկոպոսաց ժողովը ճիշտ այն միջավայրն է և ծառայական իշխանությունը, որը հաստատում և ուրվագծում է Սուրբ Եկեղեցու հոգևոր ռազմավարությունը, հետևաբար նաև ուղիներ գտնելու տեսիլքն ու ճանապարհը, ըստ էության, այս ժողովի հիմնական առաքելությունն է հայրապետական օրհնության ներքո:

-   Այսօր շատ է խոսվում տարբեր ընկերային, բարոյական հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների, գիտական նորարարությունների, գլոբալիզացիայի և նրանից ծագող երևույթների մասին, որոնց վերաբերյալ շատ դեպքերում հայ հավատացյալն ակնկալում է Եկեղեցու առաջնորդությունը կամ գեթ դիրքորոշումը: Սակայն միշտ չէ, որ ստանում է պատասխաններ: Արդյոք այս ամենը քննարկվելո՞ւ է առաջիկա ժողովներին:

-Արդեն այս ժողովին բազմաթիվ հարցեր քննարկվեցին: Հասկանալիորեն, ժամանակի սղության և հարցերի բազմազանության պատճառով, երկարատև քննարկումներից հետո ընդգծվեցին միայն դրանց խորքային կերպով անդրադառնալու կարևորությունն ու անհրաժեշտությունը, որոնք մոտ ապագայում առաջնահերթության կարգով պիտի ներկայացվեն առաջիկա Եպիսկոպոսաց ժողովին: Այս իմաստով առանձնահատուկ կարևորություն ունի Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ուղենշային խոսքը, որ հստակ կերպով ուրվագծում է մեր ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները Ձեր մատնանշած ուղղություններով: Սա կարող է ընդհանրապես դառնալ մեր Սուրբ Եկեղեցու առաջիկա հոգևոր ռազմավարության առանցքը:

-   Վերջերս Մայր Աթոռում ստեղծվել է Հայեցակարգային գրասենյակ, որի պատասխանատուն նշանակվել եք դուք: Այս պահին ինչ խնդիրներ է ուսումնասիրում  գրասենյակը և հասցրել է արդյոք այս կարճ ժամանակահատվածում որոշ հարցերի պատասխաններ տալ:

- Այո´, հուլիս 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ և հայրական խնամքի ներքո կյանքի է կոչվել Եկեղեցական Հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակը (զուտ պատմական ակնարկի և համեմատության առումով, նշեմ որ նման հիմնադրույթների հայեցակարգ գոյություն ունի Կաթոլիկ Եկեղեցում, որն առաջին անգամ ներկայացվեց 1891 թ. Լևոն ԺԳ Պապի կողմից Rerum Novarum անունով և ապա վերջնականապես հաստատվեց Հովհաննես Պողոս Բ Պապի կողմից 2005 թ. հրապարակվելով Compendium անունով: Նույնատիպ հասարակական հայեցակարգ մշակված և հաստատված է նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու կողմից 2000 թ.):

Գրասենյակի նպատակն է ուսումնասիրել, քննել, զարգացնել, կազմել և ներկայացնել ներկա ժամանակի պայմանների և մարտահրավերների առաջադրած հարցերի ու խնդիրների հանդեպ Հայ Եկեղեցու ներմտածողությունն ու կեցվածքը՝ հիմնված Սուրբ Գրքի, Սրբազան Ավանդության, դավանական, խորհրդական, ծիսական կյանքի, կանոնական դրույթների, հովվական խնամքի բազմամյա փորձառության և իմաստության վրա:

Անհրաժեշտութուն է, որպեսզի Հայ Եկեղեցին հայ ժողովրդի անվտանգության և ինքնության անաղարտ պահպանման մտահոգությամբ, նոր իրականության լույսի ներքո վերահաստատի դարերի փորձառությամբ թրծված ու որդեգրած իր դիրքորոշումն առկա խնդիրների վերաբերյալ՝ հավատարիմ և հարազատ Սուրբ Գրային պատգամին և իր ուղղափառ դավանական ներմտածողությանը:

Հարկ է նշել, որ առկա խնդիրներն ու մարտահրավերները վերաբերում են ինչպես Եկեղեցու ներքին կյանքին՝ խորհրդական, եկեղեցաբանական, ծիսաարարողական, կանոնական, հովվական այնպես էլ արտաքին՝ նրա ունեցած դերին և նշանակությանը հասարակական կյանքում, որը բնականաբար մեծապես շաղկապված է ներքին կյանքի հետ:

-   Արդյո՞ք ձեր գրասենյակը զբաղվելու է նաև Հայ Եկեղեցու սոցիալական հայեցակարգի մշակմամբ:

- Բնականաբար: Հայ Եկեղեցու դավանական մտածողությունից պետք է բխի նրա ծառայականությունը (դիակոնիա կամ ընկերային դիակոնիան) և հովվական խնամքը: Այսինքն, Հայ Եկեղեցին իր փրկագործական առաքելությանը զուգորդված և նույնիսկ միաշաղախված պիտի կարողանա իր դավանբանական մտածողությունը ներդնել հասարակական կյանքում որպես հասարակական խնդիրների լուծման և մարտահրավերների դիմագրավման հենք՝ և որպես արդյունք մասնակցել հասարակական կյանքին, հստակ և հատուկ կերպով սոցիալական բնույթ հաղորդելով իր առաքելությանը՝ լինելով հասարակության բարոյական խիղճը և ձայնը: Այս տեսիլքով, ինչպես Գարեգին Վեհափառ Հայրապետը նշեց. «Ժամանակի հետ մեր Եկեղեցու ընթացքը համաքայլ պահելու և մեր ժողովրդին հստակ կողմնորոշում ապահովելու համար հարկ է մշակել և հաստատել ընկերային, բարոյական հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների, գիտական նորարարությունների, գլոբալիզացիայի և նրանից ծագող երևույթների վերաբերյալ Հայ Եկեղեցու հայեցակարգը»: Սա համընդհանուր խնդիր է, որը հավասարապես վերաբերում է թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքյան իրականություններին: Իմ համեստ կարծիքով սա չափազանց անհրաժեշտ և դարակազմիկ նախաձեռնություն է, որը կարիքն ունի երկարատև, հանգամանալից և համակողմանի տքնաջան աշխատանքի: Հարկ եմ համարում նշել, որ գրասենյակը կունենա համակարգող բնույթ և գործառույթ, որին օժանդակ նախատեսում ենք, որ կգործեն մնայուն և ընդլայնված վարդապետական/աստվածաբանական խորհուրդները, գիտնական/մասնագիտական խմբերը: Կառույցը սերտորեն համագործակցելու է պետական և հասարակական մարմինների ու կազմակերպությունների հետ: Արդեն համապարփակ կերպով կազմվել է հարցերի մի փաթեթ, որոնք ընդհանրապես վերաբերում են մեր հասարակական կյանքի զանազան շերտերին, որոնց նկատմամբ կմշակվեն Հայ Եկեղեցու հայեցակարգային մոտեցումները՝ հարազատ իր նկարագրին: Ճիշտ պատկերացնելու համար նշեմ միայն, որ առայժմ այդ բոլոր հարցերը խմբավորված են 18 գլուխների կամ բաժինների ներքո, որոնցից մի քանիսը կարող եմ նշել այստեղ` վարդապետական/դավանական հիմնադրույթներ, եկեղեցի և քաղաքական համակարգ, եկեղեցի և զանգվածային լրատվամիջոցներ, համացանց (social media), եկեղեցի և տնտեսություն,  եկեղեցի և շրջակա միջավայր, բնապահպանական հարցեր, եկեղեցի և դատական համակարգ, եկեղեցի և ընտանիք, եկեղեցի և առողջապահություն, գիտություն, մշակույթ և կրթություն և այլն: Ամփոփելով խոսքս` ցանկանում եմ նշել Պողոս առաքյալի հետևյալ արտահայտությունը, որն ըստ էության կատարյալ բանաձևումն է հասարակական կյանքի նկատմամբ ունեցած Եկեղեցու դավանական մտածողության. «Այո՛ մենք Աստծու ժառանգորդներն ենք և Քրիստոսի ժառանգակից. Մասնակից ենք լինում Նրա չարչարանքներին, որպեսզի մասնակից լինենք նաև Նրա փառքին... Հետևաբար եղբայրնե՛ր, այս աշխարհի մարդկանց վարքը մի ընդօրինակեք այլ նորոգված մտքերով նոր մարդ եղեք, որպեսզի ձեր փորձառությամբ ընտրեք լավը, իմանալով Աստուծո կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, ընդունելի է Իրեն և կատարյալ: Որովհետև ամեն բան Նրանից է, գոյություն ունի Նրանով ու Նրա համար» (Հռոմ. 8:17, 12:2, 11:36):




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ