Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Աստված «ներող» է, «սիրող» և «միշտ ներկա». Հարավային Կովկասում հարցվածներն այսպես են բնութագրել Աստծուն


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում կրոնի դերի, հետևորդների, կրոնական կառույցների վերաբերյալ հարցման արդյունքներով ամենաշատն իրենց հավատավոր են համարում Հայաստանում, հետո Վրաստանում, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշը համեմատաբար փոքր է: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնի» իրականացրած «Կրոնը Հարավային Կովկասում» թեմայով հետազոտությունը: «Որքանով եք ձեզ համարում հավատավոր» հարցին, որի համար գործում է 1-10 բալանոց սանդղակը, որտեղ 1-3-ը` բոլորովին հավատավոր չեմ, 4-7-ը` ինչ-որ չափով հավատավոր եմ, իսկ 8-10-ը` լիովին հավատավոր եմ: Հայաստանաբնակների 91 տոկոսը, ադրբեջանաբնակների 70 և վրաստանաբնակների 85 տոկոսը պատասխանել են` «ինչ-որ չափով կամ լիովին հավատավոր եմ»:


Ինչպես ցույց են տալիս իրականացված հարցման արդյունքները` Հայաստանում հարցվածների 91 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, 5-ը` այլ քրիտոնեական եկեղեցու հետևորդ, իսկ 4 տոկոսը` պատկանում է ոչ մեկին, ոչ մյուսին: Ադրբեջանում 98 տոկոսը մուսուլման են` մեծամասնություն են կազմում շիաները, ավելի քիչ թվովով սուննիներ են: Վրաստանում 83 տոկոսը Վրաստանի, Ռուսաստանի կամ Հունաստանի ուղղափառ եկեղեցու հետևորդ են, 4 տոկոսը` Հայ առաքելական եկեղեցու, 9 տոկոսը` իսլամի, 1 տոկոոսն այլ քրիստոնեական եկեղեցու կամ խմբի անդամ են:
Հարկ է նշել, որ 2010-2012 թթ. հարցման արդյունքները փոփոխություն են կրել, մասնավորապես, Հայաստանում և Վրաստանում շատացել են անհավատները: Հայաստանում 5 տոկոսից 8 տոկոսի է հասել «բոլորովին հավատավոր չեմ» պատասխանողների թիվը, Վրաստանում 8-ից` 11, իսկ Ադրբեջանում նկատվում է հակառակ միտումը` այստեղ 39-ից 29 տոկոսի է իջել իրենց բոլորովին հավատավոր չհամարողների տոկոսը:

Բոլոր երեք երկրներում էլ կարծում են, որ կրոնը կարևոր է իրենց առօրյա կյանքում: Երեք երկրներում էլ կանայք առավել են հակված համարել, որ կրոնը կարևոր է առօրյա կյանքում: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ տարիքային տարբեր խմբերի պատասխաններում այս հարցի շուրջ նշանակալի տարբերություններ չկան: Հետաքրքրական է, որ Հայաստանում 18-35 տարեկաններն ավելի հակված են կարծել, որ կրոնը շատ կարևոր է իրենց առօրյա կյանքում, քան 56 և ավելի տարեկանները, մինչդեռ Ադրբեջանում հակառակն է` մեծահասակներն ավելի են կարևորում կրոնն առօրյա կյանքում` ի տարբերություն 18-35 և 36-55 տարեկանների: Կրոնական ինստիտուտների նկատմամբ վստահությունը ամենաբարձրը վրացիների շրջանում է նկատվում` 85 տոկոս, հետո հայերի` 76, ապա ադրբեջանցիների` 51: Պետք է նշել, որ Հայաստանում 2010 թ. վստահությունը կրոնական ինստիտուտների նկատմամբ իջել է մինչև 59 տոկոսի, հաջորդ տարիներին բարձրացել մինչև 76 տոկոսի:


Կրոնական վարքն ուսումնասիրելու համար հարցվածներին հարցրել են, թե որքան հաճախ են նրանք այցելում եկեղեցի` ունենալով հետևյալ պատասխանները. «ամեն օր», «ավելին, քան շաբաթը մեկ անգամ», «շաբաթը մեկ անգամ», «ամիսը մեկ անգամ», «միայն տոներին», «հազվադեպ», «երբեք»: Բոլոր երեք երկրներում էլ մեծամասամբ հաճախում են տոն օրերին: Շաբաթը մեկ անգամ և ավելի ամենից շատ հաճախում են Վրաստանում, Հայաստանում, ապա նոր Ադրբեջանում: Սրբավայր երբեք չհաճախողների թվով Ադրբեջանն առաջատար է` 27  տոկոս, որին հաջորդում է Հայաստանը` 13 տոկոս, հետո Վրաստանը` 12 տոկոս: Ինչ վերաբերում է կրոնական ուղղություններում ընդունված ծեսերին, օրինակ, պաս պահելու ավանդույթին, ապա հայերի մեծամասնությունը նշել է, որ երբեք պաս չի պահել և միայն 11 տոկոսն է պահել, Վրաստանում 38 տոկոսն է պահել պաս. Իսկ Ադրբեջանում` 50 տոկոսը: Ընդ որում, երեք երկրներում էլ կանայք ավելի են հակված պաս պահելուն, քան տղամարդիկ:

Երբ հարցվածներին խնդրել են ցանկից ընտրել Աստծուն բնութագրող բառը, երեք երկրներում էլ մեծ մասամբ ընտրվել են «ներող», «սիրող» և «միշտ ներկա» պատասխանները: Հայաստանաբնակները մեծ թվով ընտրել են նաև «հեռավոր» տարբերակը: Ամենից հաճախ Աստծուն վերագրվել են հետևյալ երկու գործողությունները` Աստված հավատավորին հատուցում է մեծ հաջողություններ և Աստված ցույց է տալիս ճշտի և սխալի միջև եղած տարբերությունը: 

Հետազոտությունն անցկացվել է «Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնի» կողմից 2009-2012-ին յուրաքանչյուր տարի «Կովկասյան բարոմետր» հետազոտության շրջանակներում Հարավային Կովկասի երեք երկներում` Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ