Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի հայաստանյան հաղթողները պարզ կլինեն նոյեմբերի կեսերին


ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիքին սիրում է հուշարձաններ» լուսանկարչական մրցույթի տեղական հաղթողները կորոշվեն նոյեմբերի կեսերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ հիմնադիր խորհրդի անդամ, «Վիքին սիրում է հուշարձաններ» հայաստանյան մրցույթի համակարգող Ալեքսեյ Չալաբյանը:  «Մեր ակնկալիքները հայաստանյան մրցույթից ընդհանուր առմամբ արդարացան, քանակական առումով նույնիսկ ավելին եղավ: Մենք ակնկալում էինք 4-5 հազար լուսանկար, բայց այսօր փաստացի ունենք մոտ 24 հազար լուսանկար: Պետք է նշեմ, որ 80 լուսանկար էլ բեռնվել էր հոկտեմբերի 1-ին կեսգիշերին, որը համակարգը հաշվի չի առել»,- ասաց նա` նշելով, որ որակական առումով դեռ դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ լուսանկարները պետք է ուսումնասիրվեն: «Որակի չափանիշները պայմանավորված են լուսանկարների գեղարվեստական, իլյուստրատիվ, տեխնիկական բնույթով: Նախնական ուսումնասիրությունից հետո լուսանկարները կփոխանցվեն մասնագիտական տեղական ժյուրիին, որն էլ կընտրի 10 տեղական հաղթողներին: Այնուհետև յուրաքանչյուր երկրի 10 հաղթողները կմրցեն միջազգային ժյուրիի կողմից լավագույնը ճանաչվելու համար»- ասաց Չալաբյանը` հավելելով, որ իր համար որակի նշան կլինի, եթե Հայաստանում հաղթող լուսանկարներից մեկը դառնա 10 միջազգային հաղթողներից մեկը: 

Խոսելով մրցույթի ամփոփման ժամկետների մասին` Ալեքսեյ Չալաբյանը նշեց, որ իրենք ծրագրել էին նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ավարտին հասցնել, բայց քանի որ նկարներն սպասվածից 5-6 անգամ ավելի են, ապա աշխատանքները կձգվեն մինչև նոյեմբերի կեսերը: Իսկ դեկտեմբերի կեսերին արդեն հայտնի կդառնան միջազգային հաղթողները: Նա տեղեկացրեց նաև, որ մրցույթի տեղական ամփոփման ժամանակ կտրվեն մրցանակներ հատուկ անվանակարգերում, օրինակ, կարող է մրցանակ ստանալ ներկայում չպահպանված հուշարձանի լուսանկարը կամ, օրինակ, շատ քչերին հայտնի հուշարձանի լուսանկարը և այլն: «Մրցույթի ամփոփումից հետո նախատեսում ենք կազմակերպել ժամանակավոր ցուցահանդեսներ թե' տեղական, թե' միջազգային հաղթողների նկարներով Երևանում, ՀՀ մի քանի քաղաքներում, նաև Արցախի Հանրապետությունում»,- ասաց նա:

Հարցին ի պատասխան, թե որքանով «Վիքին սիրում է հուշարձաններ» հայաստանյան մրցույթը կարող է նպաստել զբոսաշրջիկների շրջանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, Չալաբյանը նշեց, որ մրցույթը հնարավորություն ընձեռեց հավաքել արժեքավոր լուսանկարներ: «Հետևելով մրցույթի ընթացքին` համոզված կարող եմ ասել, որ ներբեռնվել են շատ հետաքրքիր լուսանկարներ: Սա լավ հնարավորություն է Հայաստանի տեսարժան վայրերը պատկերող լուսանկարներով ինտերնետն ապահովելու համար: Դա ինչ-որ ձևով, իհարկե, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Եթե հուշարձանները ներկայացվեն հետաքրքիր ու գեղեցիիկ լուսանկարներով, դա մեծ խթան կլինի զբոսաշրջության զարգացման համար»,- հավելեց Ալեքսեյ Չալաբյանը: 

«Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի շրջանակներում սեպտեմբերի 1-30-ը 53 երկրներից ավելի քան 369 հազար 575 լուսանկար է բեռնվել Վիքիպահեստ։ Դրանցից 23 հազար 926-ը հայկական հուշարձանների լուսանկարներ են. այս ցուցանիշով Հայաստանը 4-րդն է։ Մրցույթի առաջատարը Լեհաստանն է՝ 47 հազար 966 լուսանկարով, երկրորդն Ուկրաինան է 35 հազար 710, երրորդը` Գերմանիան` 35 հազար 590 լուսանկարով։ 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ