1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գուրգեն Մարգարյանի սպանությունը Ադրբեջանի ողջ պատմության արտացոլումն է. Երևանում բացվեց հայ սպայի հուշարձանը

Գուրգեն Մարգարյանի սպանությունը Ադրբեջանի ողջ պատմության արտացոլումն 
է. Երևանում բացվեց հայ սպայի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Լենինգրադյան փողոցում հանդիսավորությամբ բացվեց 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում վայրագորեն սպանված Գուրգեն Մարգարյանի հուշարձանը: Արարողությանը մասնակցում էին Գուրգեն Մարգարյանի հարազատները, ՊՆ ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը նշեց, որ Գուրգեն Մարգարյանը կատարել էր իր պարտքը հայրենիքի նկատմամբ, անցել էր սպայական ծառայության՝ կրելով լեյտենանտի ուսադիրներ: Նա 26 տարեկան հասակում գնացել էր յուրացնելու աշխարհի բանակաշինության առաջավոր փորձն ու եվրոպական բանակների արժեհամակարգը: «Սովորական մարդկային տրամաբանությունը հուշում էր, որ հարևան պետության ներկայացուցիչը ևս «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտ պետք է գնար նույն առաքելությամբ: Սակայն այն պետությունը, որ տարիներ շարունակ զբաղվում է պատերազմական հիստերիայի բորբոքումով, ուներ բոլորովին այլ նպատակներ...Գուրգեն Մարգարյանի սպանությունը Ադրբեջանի ողջ պատմության ու այսօր նրա ընտրած պետականաշինության ուղու տրամաբանության պարզ արտացոլումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Վարդան Ավետիսյանը նշեց, որ Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին, արտահանձնելով Ադրբեջանին, Հունգարիայի իշխանությունները ոչ միայն արատավորեցին իրենց անունը, այլև անջնջելի ստվեր նետեցին ազատության, արդարության և համամարդկային արժեքների վրա:

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը նշեց, որ Գուրգեն Մարգարյանը կենդանի է և կրկին Երևանում է: «Գուրգենը նայում է դեպի Արարատ: Դա ապացույց է, որ Գուրգենին չեն սպանել: Այստեղ հարցն այն է, որ այդ մարդասպանը գիտակցել է, որ իրեն տեր են կանգնելու Ադրբեջանում: Նա գիտեր, որ իրեն հերոս են կարգելու, երբ վերադառնա Ադրբեջան և այդպես էլ եղավ:»,- ասաց գրողը:

«Գուրգեն Մարգարյան հիմնադրամի» նախագահ Աշոտ Քոչոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր բարեգործներին, ովքեր աջակցել են Գուրգեն Մարգարյանի հուշարձանի կառուցմանը: «Նաև ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ովքեր ամբողջ ընթացքում եղել են Գուրգեն Մարգարյանի ընտանիքի կողքին և աջակցել նրանց»,- ասաց Քոչոյանը:

Հուշարձանի բացմանը մասնակցել է նաեւ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը: 

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերեն եռամսյա դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով զինվորական կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձը: Ոճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]