Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությունն արտացոլվել է նաև թուրքական մի շարք իրավական տեքստերում. Ումիթ Քուրթ

Հայոց ցեղասպանությունն  արտացոլվել է նաև թուրքական մի շարք 
իրավական տեքստերում. Ումիթ Քուրթ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունն արտացոլված է թուրքական մի շարք իրավական տեքստերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման տեսակետ է հայտնել «Օրենքների ոգին. Հայոց ցեղասպանության հետքերը փնտրելով «Լքյալ գույքերի» մասին օրենքներում» գրքի համահեղինակ, ԱՄՆ Քլարք համալսարանի դասախոս Ումիթ Քուրթը` Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթին տված հարցազրույցում:

Հայերի բռնագրավված գույքը կարգավորող օրենքներն ու կանոնադրությունները հայտնի են «Լքյալ գույքերի» մասին օրենքներ» անվամբ, որոնք, ըստ թուրք քաղաքագետի, կիրառվում էին միայն տեղահանված հայերի նկատմամբ:

«Այդ իրավական կարգավորումներից ամենահայտնին Նախարարների խորհրդի 1915 թվականի մայիսի 30-ի  որոշումն է, որով սահմանվել էին հիմնական սկզբունքները, որոնց համաձայն պետք է իրականացվեին բոլոր տեղահանություններն ու վերաբնակեցումները: Որոշման մեջ հայկական ունեցվածքին վերաբերող ամենակարևոր դրույթն այն էր, որ տեղահանվածներին պետք է տրամադրվեր իրենց գույքին համարժեք փոխհատուցում»,- նշել է Քուրթը:

Պատասխանելով այն հարցին, թե գույքի բռնագրավումն ու ոչնչացումն ինչպես կարող են օգնել ցեղասպանության ավելի լայն պատկերը հասկանալու գործում` գիտնականը նշել է, որ վերջին ժամանակներում ցեղասպանագետների մի նոր խումբ, հաշվի առնելով տուժող խմբերի ունեցվածքի և գույքի բռնագրավման և ոչնչացման փաստը, նորովի է սահմանում «ցեղասպանություն» եզրույթը` հիմնվելով Ռաֆայել Լեմկինի ներկայացրած բնագիր սահմանման վրա: Ցեղասպանագետների այս խումբը ցեղասպանության երևույթը դիտարկում է Թուրքիայի իրավական համակարգի պրիզմայով: Ըստ նրա` հայկական գույքի բռնագրավումը կազմել է Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների և, մասնավորապես, հայերի ներկայության վերացման, ինչպես նաև նոր հանրապետության իրավական համակարգի կառուցման անբաժանելի և կարևորագույն մեխանիզմներից մեկը:

«Լքյալ գույքերի» մասին օրենքների միջոցով է իրականացվել քրիստոնյա հայերի ոչնչացման ինստիտուցիոնալացումը: Այս օրենքները Հայոց ցեղասպանության կառուցվածքային բաղադրիչներն են կազմում, միևնույն ժամանակ ընկած են հանրապետության շրջանի իրավական համակարգի հիմքում: Սրա վրա են հիմնված պնդումները, որ հանրապետական Թուրքիան ցեղասպանությունն ընդունել է որպես իր կառուցվածքի ձևավորման հիմք, ինչն էլ հուշում է, որ թարմ հայացք պետք է գցել հանրապետության` որպես իրավական համակարգի և Հայոց ցեղասպանության միջև եղած առնչություններին»,- եզրահանգել է Քուրթը: Նա հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում Հայոց ցեղասպանության անտեսվածությունը բացատրում է այն բանով, որ «Լքյալ գույքերի» մասին օրենքները նորմալ և սովորական են ընկալվում Թուրքիայում և երբեք վիճարկման առարկա չեն դարձել»,- նշել է Քուրթը: 

2012 թվականին Թուրքական «Իլեթիշիմ» հրատարակչատունը լույս է ընծայել Թաներ Աքչամի և Ումիթ Քուրթի «Օրենքների ոգին. Հայոց ցեղասպանության հետքերը փնտրելով «Լքյալ գույքերի» մասին օրենքներում» գիրքը, ուր օսմանյան օրենքների լույսի ներքո քննվում է Հայոց ցեղասպանության ժամանակ և դրանից հետո բռանգրավված հայկական ունեցվածքի խնդիրը:

Գրքում մեջբերված է նաև Հրանտ Դինքի հետևյալ խոսքը. «… եթե հարց բարձրացվի, թե ում միջև է բաժանվել հայերից մնացած գույքը, և «ում ինչ է պատահել», դա շատ մեծ ցնցում կհարուցի, քանզի կարժեզրկվի երկրին հարմարեցված մի ողջ պատմություն: Հասարակության մեջ կտարածվի այն գաղափարը, որ եթե այդ պատմությունը սխալ էր ներկայացվել, ուրեմն այլ բաներ էլ են սխալ պատմվել: Թուրքիայում կգրանցվի մի էական փոփոխություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]