Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գրող Դօրիանը պատմում է վիրտուալ տիրությում իր նորարարության և հանրությանը ներկայանալուց հետո ստեղծագործական լռության մասին

Գրող Դօրիանը պատմում է վիրտուալ տիրությում իր նորարարության և 
հանրությանը ներկայանալուց հետո ստեղծագործական լռության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանը (Գրիգոր Մուրադյան) ընթերցողներին իր ստեղծագործություններն այսուհետև կներկայացնի Chrome դիտարկչի համար նախատեսված «Իմ գրադարակը» հավելման միջոցով, ինչն առաջին անգամ է գրողի կողմից կիրառվում հայաստանյան իրականության մեջ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դօրիանը պատմեց, որ իր կարծիքով, հայ ընթերցողի համար թղթե գրքերից էլեկտրոնայինին անցումն այնքան էլ հեշտ չէ, քանի որ մարդկանց գերակշռող մասը չունի ընթերցման համար նախատեսված սարքեր, կարողանում է օգտվել միայն հիմնական համակարգչային ծրագրերից և կայքերից, չգիտե ինչպես հետևել կայքերին և անմիջապես տեղեկանալ նոր գրքերի մասին, հաճախ էլ չունի ինտերնետի մշտական միացում։

«Բնականաբար, ինձ՝ որպես էլեկտրոնային գրականություն ներկայացնողի, չէին կարող չանհանգստացնել այդ հարցերը։ Երկար ժամանակ մտածում էի, թե ինչպես կարելի է կրճատել ընթերցողից պահանջվող ռեսուրսներն ու գործողությունները։ Ի վերջո գտա էլեկտրոնային գրականության առաջխաղացմամբ զբաղվող Readium հիմնդրամը և ծանոթացա դրա առաջարկած լուծումներին, որոնք բավարարում էին նաև հայ ընթերցողի պահանջները։ Readium-ի առաջարկած բաց կոդի վրա էլ «հավաքվեց» Chrome դիտարկչի համար նախատեսված «Իմ գրադարակը» հավելումը»,- պարզաբանեց գրողը:

Նրա խոսքով, ընթերցողից պահանջվում է միայն մեկ անգամ տեղադրել այն իր Chrome դիտարկչի վրա և վերջ։ Էլեկտրոնային գրքերն ու դրանց ընթերցման համար նախատեսված ծրագիրը կլինեն ձեռքի տակ։ Նոր գրքերն այնտեղ կհայտնվեն ավտոմատ, երբ ընթերցողն ինտերնետ միացում ունենա, և հասանելի կմնան նաև առանց ինտերնետ միացման։

Դօրիանի գնահատմամբ, հրաշալի կլինի, եթե այլ գրողներ ևս հետևեն իր օրինակին ու այս քայլով օգնեն իրենց ընթերցողին։

«Մենք պիտի հասկանանք, որ հայ ընթերցողի համար այֆոնների և քինդլների համար նախատեսված գրքեր ներկայացնելն առայժմ ինքնանպատակ զբաղմունք է, պիտի առաջարկել ավելի մեծ թվով մարդկանց հասանելի լուծումներ։ Առաջիկա մի քանի տարվա ընթացքում իմ առաջարկած տարբերակը կարող է գործող լինել։ Հատկապես, որ հավելվածները կարելի է նաև վաճառել»,- ընդգծեց նա` հավելելով, որ ընթերցողները միայն «Իմ գրադարակը» հավելվածում հնարավորություն կունենան կարդալ իր նոր՝ «Իմ երկու հայրը» պատմվածքը։

 Գրողը առաջիկա ամսում միայն հավելման օգտվողներին կներկայացնի նաև նոր՝ «Ռուզան» վիպակը։ Նա ընթերցողների հետ շփան արդյունքում պարզել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն հետևող ընթերցողների շուրջ 77 տոկոսը 18-34 տարեկան են, իսկ  ակտիվ ընթերցողների մեծ մասը 30 տարեկանի շեմին չեն հասնում:

Պատասխանելով այն հարցին, թե իր անձի հանդեպ հետաքրքրությունն արդյոք չպակասեց այն բանից հետո, երբ նա բացահայտեց իր անունը (գրողը երեք տարի չէր ներկայացել հանրությանը), Դօրիանը նշեց, որ «հետաքրքրությունը պակասեց»-ը թույլ է ասված։

«Բացահայտումից հետո մեկ ու կես տարի լռություն էի պահպանում՝ ոչ ստեղծագործություններ էի ներկայացնում, ոչ էլ սոցիալական ցանցերում էի ակտիվ։ Այդքանից հետո շատերն ինձ ընդհանրապես մոռացան։ Ես սիրում եմ հայտնի լինել, բայց նախկին Դօրիանից ազատվելու ցանկությունս ավելի մեծ էր, և ես այդ ազատումս իմ հաղթանակն եմ համարում։ Իմ հավատարիմ ընթերցողը շարունակում է կողքիս լինել, մենք ունենք ընդհանուր հիշողություններ Դօրիանի մասին, ընդհանուր անցյալ, և վերջ»,- ասաց գրողը: նա կարծում է՝ արդեն բավականաչափ հասունացել է մարդկանց միայն ու միայն գրականությամբ գրավելու համար։ Նա ընդգծեց, թե ամեն ինչ նորից սկսելուց չի վախենում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]