Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

1919թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել է թուրքական դատարանը, իսկ այժմ` թուրք առաջադեմ մտավորականները. ՀՀ Սփյուռքի նախարար

1919թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել է թուրքական դատարանը, իսկ 
այժմ` թուրք առաջադեմ մտավորականները. ՀՀ Սփյուռքի նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքում հայկական լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Հայ լոբբիստները Հայաստանում են` մասնակցելու Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող Հայկական խնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ նախարարությունը կազմակերպել է «հայկական աշխարհի մասնագիտական համաժողովներ»՝ գրողների, լրագրողների, իրավաբանների, միջազգայնագետ- քաղաքագետների մասնակցությամբ: «Այսօր էլ մենք հավաքել ենք հայկական խնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչներին, ում հետ մենք քննարկելու և համակարգելու ենք առաջիկա անելիքները Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, և յուրաքանչյուրը պետք է իր տեղն ու դերն ունենա այս պայքարում»,- ասաց նա:

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ աշխարհասփյուռ հայությունը շարունակում է պայքարը, որպեսզի աշխարհը ճանաչի, դատապարտի Հայոց ցեղասպանությունը և զբաղվի հետևանքների վերացման գործընթացով: «Գլխավորն այն է, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, և մենք շատ ուրախ ենք, որ Թուրքիայում ժողովրդավարացման գործընթացների արդյունքում շատ մտավորականներ, հասարակական ակտիվ գործիչներ արդեն ճանաչում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:

Սփյուռքի նախարարի խոսքով՝ որքան աշխարհասփյուռ հայությունը համախմբված լինի և միասնական պայքար մղի, այնքան շուտ Թուրքիան կընկրկի: «Կգա ժամանակ, որ Թուրքիայի քարոզչամեքենան ու կեղծիքներն այլևս ուժ չեն ունենա»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պետք է օգտագործի այն հանգամանքը, որ 1919թ-ին թուրքական դատարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել երիտթուրքերին: 

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի կառավարող ուժերի կողմից կազմակերպվել է Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում մինչև 1923թ-ը  զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան Կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի, հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915թ-ի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվել է 600 հայազգի մտավորական։ Մեծ եղեռնին զոհ է գնացել 1.5 միլիոն հայ: 1919թ-ին թուրքական դատարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և մահապատժի դատապարտել կազմակերպիչներին, սակայն հետագայում թուրքական կառավարությունը հետևողական չի եղել երիտթուրք առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու հարցում, ովքեր հետագայում սպանվել են հայ վրիժառուների ձեռքով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]