1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արարատ 73»-40 տարի անց. Էդուարդ Մարկարովը մեծ ապագա է տեսնում Հայաստանի ներկա հավաքականի համար

«Արարատ 73»-40 տարի անց. Էդուարդ Մարկարովը մեծ ապագա է տեսնում 
Հայաստանի ներկա հավաքականի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-73»-ի հաղթական էջերը թերթելիս ոսկե տառերով է գրված Էդուարդ Մարկարովի անունը: Այսօր էլ Հայաստանի հերոսացած ֆուտբոլիստների շարքում մարդիկ առանձնահատուկ սիրով են հիշում Էդուարդ Մարկարովին: Շատերը նույնիսկ գիտեն, որ մինչ «Արարատ» փոխադրվելը, նա արդեն ԽՍՀՄ ֆուտբոլի առաջատար ու համբավավոր հարձակվողներից մեկն էր: Այժմ էլ նա ավագ ընկերոջ սրտացավությամբ ու լավագույնը տեսնելու մեծ ցանկությամբ է խոսում հայկական ֆուտբոլի եւ այդ փառավոր էջի, եւ այսօրվա մասին: Էդուարդ Մարկարովն այսօր էլ հայկական ֆուտբոլի ակունքներին մոտ է կանգնած, եւ հավատում է, որ կտեսնեք ազգային հավաքականի վաղվա օրվա հաղթանակները: «Արմենպրես»-ը շարունակում է «Արարատ 73»-40 տարի անց նախագիծը:

Էդուարդ Մարկարով 

Ծնվել է 1942 թվականին: Հարձակվող: Սպորտի վաստակավոր վարպետ: Հանդես է եկել Բաքվի «Լոկոմոտիվ»-ում եւ «Նևթչի»-ում: 1971-75 թթ. խաղացել է Երեւանի «Արարատ» թիմում: ԽՍՀՄ հավաքականի  կազմում  մասնակցել է աշխարհի 8-րդ առաջնությանը: ԽՍՀՄ չեմպիոն, մրցանակակիր եւ մրցաշարի գավաթակիր:

ԽՍՀՄ առաջնություններում դարձել է 157 գոլի հեղինակ : 1976 թվականից Երևանի «Արարատ»-ի վարպետների թիմի անդամ է:   

 

-Պատմեք խնդրեմ, թե ինչպես «Նևթչի»-ից եկաք «Արարատ»:

-Սկիզբն այսպես էր... Երբ խաղում էի ԽՍՀՄ երիտասարդական հավաքականում, ծանոթացա եւ շուտ էլ ընկերացա Սուրեն Մարտիրոսյանի հետ: Ընկերներիս հետ տեղափոխվում էինք Երեւան` խաղալու «Արարատ»-ում: Եվ հետո միայն խոսակցություն գնաց տեղափոխվել, թեեւ «Արարատ»-ում խաղալու մասին խոսում էին դեռեւս 1968-ին: Բայց, քանի որ մայրս ասթմա ուներ, Հայաստանը լեռնային երկիր էր, իսկ Բաքվում ծովը մոտ էր, ապա տեղափոխությունը չստացվեց: Ցավոք, մայրս մահացավ 1970-ին: Հետո արդեն ընկերներս եկան եւ բոլորը նույն կարծիքի էին. «այստեղ մնալ արդեն իմաստ չունի, արի մեզ հետ»: Եվ ահա այսպես, ես եկա Հայաստան` «Արարատ»:  

-Իսկ ինչպե՞ս ընդունեցին Ձեզ «արարատցիները»:

-Ես ոչ մի խնդիր չունեցա տղաների հետ: Ինքս շուտ հարմարվեցի նոր թիմին, առավել եւս, որ տղաներին արդեն քչից- շատից գիտեի: «Արարատում» մեծ հարգանք կար միմյանց նկատմամբ: Եվ որ ամենակարեւորն է` ժողովուրդն ինձ ընդունեց: Թիմը կարող է նոր ֆուտբոլիստների ընդունել, իսկ ժողովուրդը` մեծ դատավոր է:

-Ասում են, որ Ձեզ չէին ընդգրկում «Արարատ»-«Նևթչի» խաղերի հիմնական կազմում, սա քաղաքականություն էր, թե մարզչի ցանկությունը:

-Դա ինձնանից չէր գալիս: Մարզիչն ավելի լավ գիտեր: Այն ժամանակ, երբ «Նևթչի»-ում էի, «Արարատ»-ի դեմ խաղը չէր ստացվում, չէի կարողանում նորմալ խաղալ (ծիծաղում է): Սակայն Բաքվում կայացած գավաթի խաղարկության հանդիպման ժամանակ ես հիմնական կազմում էի ու գոլի հեղինակ էլ դարձա:

-«Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակից անցել է 40 տարի: Ինչպես եք հիշում այդ օրերը:

-Անկեղծ ասած` այսօր ես անգամ չեմ հիշում, թե ինչ եմ կերել երեկ երեկոյան, բայց հիշում եմ հաղթական այդ օրերը: Անմոռանալի են այդ պահերը, երբ գիտես, որ 70 հազար երկրպագու հետևում է քո խաղին, ավելի համարձակ ես դառնում: Անցած 40 տարիները ինձ համար ակնթարթի նման են անցել: Նայում եմ հետ եւ....  այն 20 տարեկան տղաների հաղթանակից անցել է 40 տարի... իսկ ինչպե՞ս:

-Ո՞րն էր այդ ժամանակների «Արարատ»-ի ֆենոմենը:

-Հետաքրքիրն այն էր, որ բոլորը գիտեին, թե որտեղ են ռուսական, ուկրաինական ակումբները, և որտեղ է Հայաստանը: Մրցաշրջանի սկզբից մենք չէինք էլ մտածել գավաթի մասին: Երբ խաղաշրջանն իր հունի մեջ էր ընկել, հասկացանք, որ մրցանակային տեղերի համար վստահ պայքարելու ենք: Բայց արի ու տես, համոզվեցինք նաեւ, որ կարող ենք թե առաջնությունում հաղթել, եւ թե գավաթը նվաճել:

-Նիկիտա Սիմոնյանի գալը  բեկումնայի՞ն եղավ «Արարատ»-ի համար:

-Ամեն մարզիչ, ով աշխատել էր «Արարատ»-ում, իր ավանդն էր ներդրել թիմի կայացման գործում:  Թիմը որպես այդպիսին սկսել էր կայանալ դեռեւս 1966թ-ից: Երբ Նիկիտա Սիմոնյանը եկավ, նա էլ, իհարկե, իր անժխտելի ներդրումն ունեցավ: Նիկտան այն մարդկանցից է, ով գիտի, թե ում հետ ինչպես վարվել: Նա շատ լավ գիտեր, թե ում պետք է գովել ընկերներ մոտ, եւ ում` հակառակը: Սա մարզչական մեծ հոգեբանություն է: Սիմոնյանի գալուց հետո ոչինչ չփոխվեց «Արարատ»-ում, ինչպես ասում են «կադրային փոփոխություն» չեղավ, հիմնական կազմը մնաց նույնը:

-Այսօր ինչպե՞ս եք հիշում «Դինամո»-«Արարատ» գավաթի եզրափակիչ խաղը:

-Այդ ժամանակ «Դինամո»-ի գլխավոր մարզիչը Ալեքսանդր Սևիդով էր: Կիեւցիներն արդեն մտածում էին, որ գավաթն իրենցն է, եւ Բլոխինիին փոխարինեց այլ ֆուտբոլիստ: Հենց այդ փոփոխության արդյունքում էլ մենք ստեղծեցինք այդ գոլը: Մի տեսակ հանգստություն զգացի, որ չպարտվեցինք: Այդ պահին հաղթեց հոգեբանական կողմը:   

-Ինչո՞վ է տարբերվում Ձեր ժամանակների եւ մերօյա ֆուտբոլը:

-Տարբերությունն այդքան էլ մեծ չէ, չնայած, ասում են, որ հիմա աշխատանքն ավելի շատ է: Իսկ եթե համեմատելու լինենք, օրինակի համար, ուկրաինական թիմերի հետ, ապա նրանք դաշտ էին մտնում առաջին իսկ րոպեից եւ լքում` մրցավարի սուլիչով: Այն ժամանակ էլ աշխատանքը մեծ էր, բացի դրանից, ամեն թիմում էլ մի քանի «մտածող-ստեղծագործող» ֆուտբոլիստներ կային: Հիմա այդպիսի ֆուտբոլ խաղում է միայն «Բարսելոնա»-ն: Սակայն տարբերությունն այդքան էլ մեծ չէ:

-Ուրեմն, ֆուտբոլը նաեւ ստեղծագործական խաղ է...

-Այո: Խլելը հեշտ է, ջարդելը հեշտ է, ստեղծելն է դժվար:

-Ինչո՞վ է այժմ զբաղված լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը:

-Խաղում եմ թոռնիկներիս հետ (ծիծաղում է): 

-Իսկ կապը մնո՞ւմ է «արարատցիների» հետ:

-Իհարկե: Երբեմն- երբեմն հավաքվում ենք «արարատցիների» ակումբում, հեռաձայնում մյուսներին Ամերիկա` այնտեղ են Լեւոն Իշտոյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Արմեն Սարգսյանը: Ամեն ինչ պատմում ենք իրար:

-Ինչպիսի՞ ապագա է սպասվում մեր ազգային հավաքականին:

-Ես մեծ ապագա եմ տեսնում նրանց համար: Գովելի է, որ մեզ մոտ սկսել են աշխատել ֆուտբոլային դպրոցները: Ֆուտբոլային դպրոցներ ունեն «Փյունիկ»-ը, «Բանանց»-ը եւ «Միկա»-ն: Ֆուտբոլը ծնվում է հենց այդտեղից: Լավ է նաեւ այն, որ Հայաստանից եւս ֆուտբոլիստներ են գնում արտասահմանյան թիմերում խաղալու: Էլ չեմ խոսում Հենրիխ Մխիթարյանի եւ Յուրա Մովսիսյանի մասին:  

-Անշուշտ, ազգային թիմի առաջընթացի զարգացման հիմնական նախադրյալը ներքին առաջնության անցկացումն է, իսկ մենք ընդամենը 8 թիմ ունենք:

-Պետք չէ մոռանալ նաեւ, որ պատերազմի ընթացքում մենք շատ կորուստներ ունեցանք, որն անշուշտ, իր ազդեցությունը թողեց նաեւ սպորտի վրա: Այժմ էլ, նման կորուստներից հետո դժվար կացություն է ստեղծվել: Բայց ժամանակը կգա: Այսօրվա երիտասարդությունը կմեծանա եւ այդ «բացը» կլրացվի: Այդ ժամանակ հայկական ֆուտբոլը կաճի, կզարգանա, եւ մենք կունենանք «Արարատ-73-ի» ֆուտբոլը:

-Իսկ ո՞րն է Ձեր սիրելի ակումբը:

-Հիմա նայում եմ «Բարսելոնա»-ի եւ «Բորուսիա»-ի խաղերը: Աստված ամեն ինչ տվել է Հենրիխ Մխիթարյանին, նա ամեն լավագույնը վերցրել է հորից` Համլետից: 

Էդուարդ Մարկարովի հիշողությունները երախտավորությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը:   

Լուսանկարները` Էդուարդ Մարկարովի անձնական արխիվից, «Արմենպրես»-ի արխիվից եւ Սամվել Բերքիբեկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]