Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերժ Ավետիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմը կանդրադառնա Հայոց ցեղասպանության հետեւանքներին

Սերժ Ավետիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմը 
կանդրադառնա Հայոց ցեղասպանության հետեւանքներին

ՓԱՐԻԶ,  12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի կինոփառատոնի դափնեկիր, ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի նոր նախաձեռնությունն իրեն երկար սպասել չտվեց: Այժմ կինոսցենարիստն ու պրոդյուսերն աշխատում է խոշոր նախագծի վրա, որը «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն լիամետրաժ ֆիլմն է: Դրանում անդրադարձ կլինի նաեւ Հայոց ցեղասպանության հետեւանքներին: «Ֆիլմի սցենարը լիովին ամբողջական է, այժմ մենք մշակում ենք ֆիլմի` չորս րոպե տեւողությամբ պիլոտը` երկու դրվագ, որոնք կներկայացվեն դիստրիբյուտորներին համապրոդյուսերության համար »,-Փարիզից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ավետիքյանը:


Սցենարի վերջին տարբերակը մշակելով` Ավետիքյանը հասկացել է, թե որքան մեծ է ֆիլմի ներքին հզորությունը: «Արդեն սկսում եմ հասուն ձեւով զգալ ֆիլմի ոճը, որը շատ հրապուրիչ է: Հայաստանի հետ անմիջական համաարտադրություն այն, ամենայն հավանականությամբ, չի ունենա, հնարավոր է, որ որպես համաարտադրող երկիր հանդիսանան Կանադան եւ Թուրքիան»,- ասաց կինոռեժիսորը: Թուրքիայի հետ համաարտադրությամբ էր ստեղծվել նաեւ «Շների կղզին» ֆիլմը, որի համար կինոսցենարիստը Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենի» մրցանակին է արժանացել:

Ավետիքյանի գնահատմամբ` «Վերջին ռաունդը Ստամբուլում» անուղղակի եւ դաժան ձեւով պատմում է Թուրքիայի պատմությունը, որն առնչվում է նաեւ Հայոց ցեղասպանության եւ ֆաշիզմի թեմային: «Այսօր, կարծում եմ, Թուրքիայում կան համարձակ երիտասարդ պրոդյուսերներ, որոնք կցանկանան լինել այս գործի մեջ, որովհետեւ սա իրենց համար էլ է կարեւոր»,- պարզաբանեց ֆիլմի հեղինակը:


Անիմացիոն լիամետրաժ ֆիլմի առանցքում հայտնվում են քույր ու եղբայր Ռոզան եւ Արմենը, ովքեր որբեր են եւ ապրում են Ադիս Աբեբայում, որտեղից ստիպված են փախչել Ջիբութ այնուհետեւ Ստամբուլ: Ֆիլմում հերոսների կյանքի մասին պատմող տարատեսակ իրադարձությունները հանգուցալուծվում են Մարսելում, որտեղ էլ  իրենք վերջնական բնակություն են հաստատում: Ենթախորքում, Ավետիքյանի հավաստմամբ, ներկայացված է ցեղասպանության գլխավոր  հետեւանքը` սփյուռքահայությունը: «Աշխարհով մեկ սփռված ազգի պատմությունն է հենց ֆիլմի վերջին ստորակետը»,-ընդգծեց Կաննի կինոփառատոնի դափնեկիրը` հավելելով, որ փորձել է  ֆիլմում ցեղասպանության հետեւանքները կապել Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի հետեւանքների հետ:


Ավետիքյանի դիտարկմամբ` նոր նախագիծը միջազգային մասշտաբում ներկայացնելու է  մեր ազգի պատմությունը եւ անիմացիայի միջոցով առավել խորն է դիպչելու մարդկաց զգացմունքներին ու մտածելակերպին, քան պատմական ձեւով նկարահանված ֆիլմում: «Նախ պատմական ֆիլմ նկարահանելը շատ դժվար է եւ հաստատ չեմ կարող ասել, որ հենց դա է ճիշտ ճանապարհը: Պետք է հարյուր տարի հետո կարողանալ ոչ թե պատմական ֆիլմ նկարահանել` հետեւանքների, վերլուծումների մասին, այլ հեռու գնալ այն առումով, որ շատերն այսօր գիտեն թե ինչ է նշանակում ցեղապանություն, այժմ պետք է իմանան, թե ինչն է դրա չընդունվելու պատճառը Թուրքիայի կողմից»,- պարզաբանեց հեղինակը: Նրա խոսքով`  իրեն առավել շատ հետաքրքրում է աշխատել այդ գաղափարի վրա, քան ապացուցելու վրա, քանի որ վաղուց ապացուցված է, որ մեր պատմությունը ճնշվել է ցեղասպանությամբ: «Ես ուզում եմ, որ այսօր մարդիկ աշխարհով մեկ իմանան, թե ինչու Թուրքիան չի կարողանում ընդունել եւ ինչ դրության մեջ է լինելու առաջիկայում: Դա կապված է Երկրրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց պետության կառուցման պատմության, ինչպես նաեւ դիրքերի ամրապնդման հետ»,- ավելացրեց Ավետիքյանը:

Ավետիքյանի վերջին կինոաշխատանքը` «Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» կամ պարզապես «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն էր, որն առաջին անգամ ներկայացվեց հայ հանդիսատեսի դատին հուլիսին «Մոսկվա» կինոթատրոնում` փակելով հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնը հատուկ ցուցադրմամբ, որն անտարբեր չթողեց հանդիսատեսին: Նախքան այդ, ապրիլին նա հայ եւ ֆրանսիացի հանդիսատեսի դատին հանձնեց Արմեն Տիգրանյանի օպերայի եւ Հովհաննես Թումանյանի պոեմի հիման «Անուշ» օպերայի նոր մեկնաբանությունը, որը դարձավ գարնան ամենաթեժ մշակութային իրադարձությունը:

Պատրաստեց Տաթեւիկ Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]