Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Հայաստանը 3 կետով բարելավել է դիրքը Մրցունակության համաշխարհային զեկույցում


ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մրցունակության համաշխարհային զեկույցի 2013-2014»-ի համաձայն` Հայաստանը դարձել է ավելի մրցունակ` երեք տեղով բարելավելով իր դիրքը նախորդ տարվա համեմատ: Այս մասին սեպտեմբերի 4-ին հրավիրած ասուլիսին տեղեկացրեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:

«Զեկույցում ընդգրկված է 148 երկիր, որոնց շարքում  Հայաստանը մրցունակությամբ զբաղեցնում է 79-րդ տեղը:  2012-2013թթ-ի տվյալների համեմատ  մեր երկիրը բարելավել է իր դիրք 3 տեղով,-ասաց Հերգնյանը` հիշեցնելով, որ նախորդ զեկույցում ներառված էր 144 երկիր, որոնց  շարքում Հայաստանը  82-րդն էր:

Նրա տեղեկացմամբ` առաջատար հնգյակը գրեթե անփոփոխ է մնացել:

«Առաջատարը Շվեցարիան է, որին հաջորդում են Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան եւ Միացյալ Նահանգները: Ամենամեծ հետընթացը գրանցել է Ուկրաինան` 11 կետով,  իսկ ամենազգալի առաջընթացը` Ադրբեջանը (7 կետով):

«Հայաստանի մրցունակության ինդեքսի առումով էական առաջընթաց է գրանցվել տեխնոլոգիական պատրաստվածության, մակրոտնտեսական միջավայրի կայունության եւ ապրանքային շուկաների արդյունավետության հենասյուներով»,- նշեց Հերգնյանը` հավելելով, որ աշխատուժի շուկայի արդյունավետության հենասյունը բացասական տեղաշարժեր է ունեցել գրեթե բոլոր ենթացուցիչներով:

Նրա տվյալներով` տեխնոլոգիական պատրաստվածության ոլորտում Հայաստանն առաջ է անցել 20 կետով` 92-րդ տեղից հայտնվելով 72-րդ տեղում:

«Հայաստանը 7 կետով զիջել է իր տեղը  բարձրագույն կրթության եւ վերապատրաստման, 5 տեղով` առողջապահության եւ տարրական կրթության, եւ 2 տեղով` շուկայի չափերի ինդեքսով»,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով նորարարության ցուցանիշին` Հերգնյանն ասաց, որ թեեւ այն բարելավվել է 2 կետով, այս հարցում Հայաստանն անբարենպաստ դիրքում է` 103-րդ տեղ, : «Ի տարբերության նորարարության ցուցանիշների` դրական տեղաշարժ կա գնաճի ցուցանիշի առումով: Նախորդ զեկույցում Հայաստանի գնաճի ցուցանիշը կազմել էր 7,7 տոկոս, իսկ այս տարվա զեկույցում օգտագործվել է 2012թ.-ի գնաճի ցուցանիշը` 2.6 տոկոս, որով երկիրը 43 այլ երկրների հետ մեկտեղ գրավել է 1-ին տեղը` իր դիրքերը բարելավելով 104 տեղով»,- ասաց բանախոսը:

Նրա խոսքով` բիզնես գործընթացների կարգավորման եւ պետական կառավարման որոշ բնագավառներ ներկայանում են Հայաստանի  առավելությունների շարքում:

Կազմակերպության խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը, անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը, ասաց , որ թեև չկան կոնկրետ հաշվարկներ, բայց պարզ է, որ այդ հանգամանքը կհեշտացնի երկրից ապրանքների արտահանումն ԱՊՀ երկրների շուկաներ:

Մրցունակության համաշխարհային զեկույցը, որը յուրաքանչյուր տարի մշակում է Համաշխարհային տնտեսական ֆորումը,  երկրների մրցունակության գնահատման առաջատար աղբյուր է: Մրցունակությունը նույնացվում է ազգի, ձեռնարկությունների և քաղաքացիների կողմից նշված մրցունակության զարգացմանն ուղղված հիմնավոր ռազմավարությունների մշակման կարողության հետ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ