Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հունգարահայ համայնքը այդ երկրի իշխանություններին անընդհատ հիշեցնում է սաֆարովյան գործարքի հետեւանքների մասին

Հունգարահայ համայնքը այդ երկրի իշխանություններին անընդհատ հիշեցնում է 
սաֆարովյան գործարքի հետեւանքների մասին

ԵՐԵՎԱՆ,  2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից մեկ տարի անց «Արմենպրես»-ը զրուցել է Հունգարիայի հայ համայնքի ղեկավար Սևան Սարգսյանի հետ` անդրադառնալով Հունգարիայի կողմից որդեգրած ներկայիս քաղաքականությանը և նրա վերաբերմունքին հայ համայնքի նկատմամբ: 

-Մոտ մեկ տարի առաջ` 2012թ. օգոստոսի 31-ին, Հունգարիան արտահանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին, դրանից հետո Հայաստանը հայտարարեց, որ դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում: 

-Ոչինչ չի փոխվել այս մեկ տարվա ընթացքում, քանզի այս ժամանակահատվածում մենք հստակ գիտակցեցինք, որ հունգարական կառավարության քայլերը նախօրոք պլանավորված էին: Թեև Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց հետո նրանք արհեստական պահանջ ներկայացրին Ադրբեջանին, բայց և անմիջապես սկսեցին երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման աշխատանքները: Այս ամենի վառ ապացույցն են հունգարական և ադրբեջանական կառավարությունների միջև պարբերաբար կազմակերպվող գործնական հանդիպումները, ինչպես նաև Բուդապեշտում ադրբեջանական պուրակ բացելու նախագիծը...

- Ի՞նչ քայլեր է անում այսօր Հունգարիայի կառավարությունը Հայաստանից ներողություն խնդրելու և հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ:

-Հունգարական կառավարության կողմից այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, քանզի նրանք արդարացի և օրինական են համարում իրենց արարքը: Այս գործը նրանց համար փակված է, ուստիև չեն անդրադառնում հայերից ներողություն խնդրելու հարցին:

 -Ինչպիսի՞ն է Հունգարիայի հայ համայնքի դերն այս իրավիճակում:

-Յուրաքանչյուր օր այս գործը քննարկվում է Հունգարիայում, քանզի մենք ջանում ենք հունգարական լրատվամիջոցների միջոցով մշտարթուն պահել խնդիրը, մոռացության չտալ, թե ինչ սարսափելի արարք է կատարել հունգարական կառավարությունը: Բացի դրանից, մենք բաց նամակով դիմել ենք Արդարադատության նախարարին, որպեսզի նա մեզ ներկայացնի, թե ինչ քայլեր են կատարվել Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազարկման դատապարտած հունգարացի դատավորի կողմից, որի որոշումն ադրբեջանական կողմը բացարձակապես անտեսեց:

-Ինչպիսի՞ն է Հունգարիայի կառավարության վերաբերմունքը հայերի հանդեպ:

-Մեր հարաբերությունները գնալով վատթարանում են: Հայկական համայնքը Սաֆարովի գործի մասին բարձրաձայնում է օրվա մակարդակով, այնինչ, հունգարական իշխանությունները չէին ակնկալում, որ այս գործն այսքան երկար կձգձգվի և դյուրությամբ չի մոռացվի, ուստի նրանք փորձում են մեր կյանքն այստեղ ավելի դժվարացնել: Մի խոսքով, նրանք փորձում են բացառել մեզ բոլոր ոլորտներից: Այս գործից հետո Հունգարիայի հայերն իրենց ապահով չեն զգում, ինչը նշանակում է, որ եթե նման բան կրկնվի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նույն իրավիճակը տեղի չի ունենա:

ՏԵՂԵԿԱՆՔ- Ռամիլ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերենի եռամսյա դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածներով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձը: Ոճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:

Սեդա Մանուկյան, Սյունե Բարսեղյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]