Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Սեպտեմբեր

Հայաստանի գյուղական համայնքներում ինտերնետից օգտվողների թիվն աճել է. սոցիոլոգիական հետազոտության տվյալներ


ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՈՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում` քաղաքային ու գյուղական համայնքներում, ավելացել է ինտերնետ օգտագործողների թիվը: Այդ է վկայում «Այլընտրանքային լրատվության ռեսուրսներ - 2013» սոցիոլոգիական հետազոտության տվյալների վերլուծությունը, որն իրականացվել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» (ՀՌԿԿ-Հայաստան) կազմակերպության կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հետազոտության արդյունքներով, ինտերնետ օգտագործողների թիվը ՀՀ-ում աճել է 20 տոկոսով` ի համեմատ 2011-ին անցկացված նույն հետազոտության արդյունքների: Ճիշտ է, 16-25 և 31-60 տարեկան հարցվողների ինտերնետ օգտագործման տարբերությունները նշանակալի չեն, սակայն 26-30 տարեկաններն սկսել են ինտերնետն օգտագործել ավելի հաճախ, քան 2011-ին: 2011-ին 26-30 տարեկանների 41 տոկոսն է օգտագործել ինտերնետը, 2013-ի տվյալներով` այս տոկոսն աճել է` հասնելով 81-ի: Այն, որ ինտերնետի օգտագործումն աճում է Երևանում (2013-ի տվյալներով` հարցվողների 64 տոկոսը օգտագործում է 2011-ի 41 տոկոսի դիմաց) կանխատեսելի է, բայց ինտերնետի օգտագործման աճը զարմանալի է գյուղական համայնքներում` 24 տոկոս: Հատկանշական է նաև, որ գյուղական համայնքներում ինտերնետի օգտագործման չափը ցածր է. 61 տոկոս հարցվողներ չեն օգտագործել ինտերնետը վերջին 12 ամիսների ընթացքում` ըստ 2013-ի հետազոտության արդյունքների:

ՀՌԿԿ - Հայաստանի տվյալների նախաձեռնության և մեթոդաբանական դասընթացների գծով ծրագրերի ղեկավար Արմինե Պետրոսյանի խոսքով, այլընտրանքային լրատվության ռեսուրսների ուսումնասիրությունն արդիական է այնքանով, որ ներկա ժամանակաշրջանում լրատվամիջոցների տեսակները շատ արագ փոփոխվում են, ինչն էլ հանգեցնում է փոփոխություններ շրջապատի վերաբերյալ մարդկանց ընկալումներում: «Հետազոտությունն իրականացնելիս մեր հիպոթեզն այն է եղել, որ նոր լրատվամիջոցներն ավելի արագ են գրավում շուկան ու մարդկանց ուշադրությունը: Այս հետազոտությունն իրականացրեցինք` մարդկանց վերաբերմունքի փոփոխությունն ուսումնասիրելու նպատակով»,- ասաց նա: Բացի դրանից, Արմինե Պետրոսյանը նշեց, որ այս հետազոտությամբ փորձ է արվել մեդիաոլորտի մասնագետների և քաղաքականություն մշակողների համար կուտակել փաստեր, ինչը կօգնի ավելի լավ ճանաչել հասարակությունն ու սեփական եզրահանգումները կատարել: «Մենք արձանագրել ենք փաստերը, դրանք մեկնաբանելու նպատակ չենք հետապնդել` հետագա որակական վերլուծությունը թողնելով ոլորտի ներկայացուցիչներին»,- ասաց Արմինե Պետրոսյանը:

2013 թվականին անցկացված հետազոտության արդյունքներով, ավանդական (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր թերթ) լրատվության միջոցներ օգտագործողների թիվը գրեթե չի տարբերվում 2011-ին ստացված արդունքներից: Միայն հեռուստացույց դիտողների թիվն աճել է 6 տոկոսով, իսկ 7 տոկոսով պակասել է այն մարդկանց թիվը, ովքեր դիտում են հեռուտացույց և լսում ռադիո:

2013-ի մասնակիցներին հարցրել են նաև մեդիա սեփականատերերի մասին: Արդյունքները ցույց են տվել, որ ԶԼՄ-ների` այս կամ այն անձին պատկանելիության վերաբերյալ հանրային իրազեկվածություն չկա: Միայն 22 հարցվող (այսինքն` բոլոր հարցվողների 1.5 տոկոսը) կարողացել է նշել ԶԼՄ-ների սեփականատերերին, իսկ միայն 4 տոկոսը` 60 մարդ, համաձայնել են, որ սեփականատերերն ազդում են ԶԼՄ-ների գործունեության վրա: Ինտերնետ ռեսուրսում գաղտնիության պրոբլեմի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարցվողների 27 տոկոսն ընդհանրապես չի առնչվել ինտերնետային տարածքում անձնական տվյալների տարածման խնդրի հետ: Այսպիսով, ըստ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» կազմակերպության, կարելի է եզրակացնել, որ ինտերնետը դիտարկվում է որպես այլընտրանքային գիտելիքի և ինֆորմացիայի շրջապտույտի հուսալի աղբյուր:

«Այլընտրանքային լրատվության ռեսուրսներ - 2013» հետազոտության նպատակն էր բացահայտել հայաստանյան հասարակության` ԶԼՄ-ների նախընտրությունները, այդ թվում նրանց ակնկալիքները ԶԼՄ-ների բովադակությունից, ֆորմատից, վստահությունը դրանց նկատմամբ, սեփականության իրավունքի հարցի ուսումնասիրությունը, ինչպես նաև նրանց պատկերացումները ԶԼՄ-ների ազատության, գրաքննչության վերաբերյալ:

2011 և 2013թթ. հարցումների արդյունքների միջև տարբերությունը ցույց է տալիս նոր տեխնոլոգիական փոփոխությունները, մեդիա օգտագործման սովորույթների փոխակերպումները, բնակչության ընդհանուր ընկալումները:

Հետազոտությունն անցկացվել է 2013 թ. ողջ Հայաստանի տարածքում, 1400 տնային տնտեսությունների շրջանում` հարցաթերթիկային հարցման մեթոդով: Կիրառվել է բազմաշերտ ընտրանք` ըստ քաղաքային և գյուղական համայնքների և ըստ մարզերի: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահականորեն, իսկ հարցվողները`հատուկ մշակված քայլով: Հետազոտության տվյալները վերլուծվել են SPSS համակարգչային հատուկ ծրագրի միջոցով:

Անի Նազարյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ