Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատի գագաթին հասկացա, որ ինքս ինձ նետած մարտահրավերը հաղթահարված է. Արտակ Բեգլարյան

Արարատի գագաթին հասկացա, որ ինքս ինձ նետած մարտահրավերը 
հաղթահարված է. Արտակ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նպատակասլաց, նվիրվող, ազնիվ, նրբանկատ, հումորով». իրեն ճանաչողների կողմից այսպես բնութագրվող երիտասարդ ու խոստումնալից քաղաքագետ, Արցախի վարչապետի օգնական Արտակ Բեգլարյանն օրերս իրագործեց իր երազանք-նպատակն ու նվաճեց բիբլիական Արարատի գագաթը` հաղթահարելով իր կողմից իրեն իսկ ուղղված մարտահրավերը: «Արմենպրես»-ը զրուցել է Արտակ Բեգլարյանի հետ Արարատի գագաթը բարձրանալու, Արևմտյան Հայաստան այցի, աշխատանքային գործունեության ու հանգստի, տեղեկացել նրա հետագա ծրագրերի մասին:

-Ինչպե՞ս որոշեցիք այդչափ դժվար, միևնույն ժամանակ հաճելի միտքն իրագործել:

-Տարիներ շարունակ մտածում էի, որ մի օր պետք է գնամ Արևմտյան Հայաստան, ինչպես նաև բարձրանամ բիբլիական Արարատի գագաթը: Անցյալ տարի կարդացի Արարատ տանող զբոսաշրջային մի խմբի հայտարարություն և տեղնուտեղը որոշեցի, որ արդեն ժամանակն է իրագործելու իմ վաղեմի ցանկությունը: Պայմանավորվեցի այդ խմբի հետ, սակայն որոշ ժամանակ անց հատկապես ուղեկցողի բացակայության պատճառով չստացվեց գնալ, իսկ այլ խումբ գտնելու համար արդեն ժամանակ չկար: Այս տարի ավելի շուտ սկսեցի զբաղվել այդ հարցով, և, որոշ ձգձգումներից ու փոփոխություններից հետո, լուծվեց ուղեկցողի հարցը: Վերջնական որոշումն, ուրեմն, անցած տարվանից էր, որ պետք է ամեն գնով հասնեմ գագաթ:

-Ի՞նչ դժվարություններ առաջացան, որոնք հաղթահարեցիք:

-Հիմնականում այնպիսի դժվարություններ, որոնց հետ առերեսվում են նաև մնացած բոլոր մագլցողները՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ցուրտ, շնչառական դժվարություններ, գիշերելու ոչ հարմարավետ պայմաններ և այլն: Սակայն նույնիսկ որոշ դեպքերում ես ավելի քիչ դժվարությունների հանդիպեցի, քան սովորաբար ունենում են Արարատ բարձրացող շատերը: Օրինակ՝ երբեք գլխապտույտ չզգացի կամ այն աստիճան շնչառական խնդիրներ չունեցա, ինչպես նկարագրում են շատերը: Ավելին՝ ծանր վերելքի ընթացքում երբեմն երգում էի լիաթոք կերպով, այնինչ այդ ժամանակ անգամ խոսելը խորհուրդ չի տրվում, որպեսզի շնչառության վրա ծանրաբեռնվածություն չընկնի: Այլ դժվարություններից, որոնք առնչվում են իմ կուրությանը, կառանձնացնեի ուղեկցելը, որը լրացուցիչ ջանքեր էր պահանջում թե՛ ինձնից, թե՛ իմ ուղեկցողից, ով ընկերս է:

-Կպատմե՞ք` ում հետ բարձրացաք, ընթացքի մասին: Ինչպիսի՞ զգացողություն ունեցաք Արարատի գագաթին:

-Բարձրացանք «Արևի տուր» զբոսաշրջային գործակալության միջոցով 15 -հոգիանոց հրաշալի մի խմբով: Ուղեկցելու հարցում ինձ գլխավորապես օգնեց ընկերս՝ Ռուբեն Զաքարյանը, ինչպես նաև երբեմն գործակալության ներկայացուցիչ և խմբի ղեկավար Գևորգ Գասպարյանը: Ե՛վ իրենց, և՛ խմբի բոլոր անդամներին խորապես շնորհակալ եմ ջերմ աջակցության և ընկերակցության համար: Առաջին օրը գիշերեցինք շուրջ 3300 մետր բարձրության վրա գտնվող ճամբարում, երկրորդ օրը՝ շուրջ 4200 մետր բարձրության, որպեսզի մեր օրգանիզմները հարմարվեն կլիմայական պայմանների կտրուկ փոփոխություններին: Երրորդ օրվա վաղ առավոտյան ժամը 3-ին երկրորդ ճամբարից սկսեցինք վերելքը դեպի գագաթ: Նախորդ օրն առատ ձյուն և կարկուտ էին տեղացել, հենց սկզբից մեր ճանապարհը ձնապատ էր, ինչն ավելի էր բարդացնում վերելքը: Հաղթահարելով ցրտի և քամու հարուցած դժվարությունները՝ առավոտյան 8-ի կողմերը հասանք մեր նպատակակետին՝ գագաթ: Զգացողություններն անկրկնելի էին, երբ դու ոտքերիդ տակ զգում ես հայոց ինքնության սյուներից մեկի ողջ զորությունը, երբ հասկանում ես, որ սեփական կամքի ուժով ու քրտինքով հասել ես այդպիսի բարձրության, երբ ընկալում ես, որ այն այլևս անհասանելի չէ նույնիսկ քեզ՝ չտեսնող մարդուդ համար և որ ինքդ քեզ նետած մարտահրավերը հաղթահարել ես:

-Եղել եք նաև Արևմտյան Հայաստանում, ոտք դրել մեր պապենական հողերի վրա, այն մի օր մերը կլինի՞:

-Այո՛, եղել եմ մեր պատմական հայրենիքի մի քանի քաղաքներում՝ ստանալով իրարամերժ զգացողություններ՝ հպարտությունից մինչև ցավ, ուրախությունից մինչև զայրույթ: Հետաքրքրական է, որ մենք այնտեղ մեզ որպես զբոսաշրջիկ չէինք զգում, այլ՝ տանտերեր: Համոզված եմ, որ այն մի օր կրկին մերը կլինի, սակայն միայն այն դեպքում, եթե ազգովի ձգտենք դրան և ազգովի էլ կվաստակենք դրա վերադարձի իրավունքը:

-Վերադառնանք գործնական կյանքին...Դուք Արցախի վարչապետի օգնականն եք արդեն մեկ տարի, շնորհավորում եմ: Դժվար չէ՞ լինել Հանրապետության երրորդ դեմքի օգնականը:

-Շնորհակալություն: Համոզված եմ, որ շնորհավորում եք ոչ թե հնչեղ պաշտոն ստանալու, այլ հասարակությանը ծառայելու վստահությանն արժանանալու համար: Յուրաքանչյուր աշխատանք, այդ թվում և իմ աշխատանքը, իրեն բնորոշ դժվարություններ ունի, մանավանդ, եթե բարձր արդյունքների ես ձգտում: Հիմնական դժվարությունն այն կհամարեի, որ թեև հրապարակային քաղաքականության առաջին շարքերում չես, սակայն կուլիսային պատասխանատվությունդ բավականին մեծ է՝ որպես քաղաքականության վրա ազդեցություն ունեցող ստվերային գործիչ: Այդ պատճառով պետք է ձգտել աշխատանքային և անձնային որակներդ համապատասխանեցնել տվյալ աշխատանքի պահանջներին, որպեսզի ցանկալի արդյունք ունենաս:

-Ինչպե՞ս եք հանգստանում, աշխատանքից դուրս ինչպիսի՞ հետաքրքրություններ ունեք:

-Աշխատանքից դուրս երբեմն զբաղվում եմ գիտական հետազոտությամբ, ընթերցում եմ, սակայն ավելի ակտիվ հանգստի նախասիրությունների շարքից կնշեի երգելը, ասմունքը, երբեմն ստեղծագործելը, շախմատ խաղալը, նախքան «Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց» մեկնելս հաճախում էի կարատեի դասընթացների և այժմ, երբ արդեն վերադարձել եմ ԱՄՆ-ից, հավանաբար կվերականգնեմ հաճախումներս, ինչպես նաև վերջերս սկսել եմ մտածել կանոնավոր կերպով լեռնագնացությամբ զբաղվելու մասին:

-Ձեր փորձը, կարծում եմ, պետք է վարակիչ լինի նաև այն մարդկանց համար, ովքեր այս կամ այն պատճառով ունեն սահմանափակ հնարավորություններ: Շփվո՞ւմ եք, արդյոք, նրանց հետ:

-Այո՛, որոշակի շփում ունեմ որոշ հաշմանդամների հետ, որոնցից մի մասն իմ դպրոցական ընկերներն են, սակայն մասնագիտական ու հասարակական աշխատանքի պատճառով չեմ հասցնում շատ ժամանակ տրամադրել նրանց: Ամեն դեպքում բազմաթիվ հրաշալի երիտասարդներ կան հաշմանդամների շարքերում, որոնցից յուրաքանչյուրը կարող է այս կամ այն չափով օրինակ ծառայել թե՛ այլ հաշմանդամների, թե՛ ֆիզիկապես առողջ մարդկանց համար: Ես էլ եմ փորձում օգտակար լինել իմ օրինակով, որը, հուսամ, գոնե որոշ չափով առողջ սերմեր է նետում ավելի լավ ապագայի հիմքերում: Երկու ամենագլխավոր խորհուրդները, որ տալիս եմ ինձ ծանոթ հաշմանդամներին, հետևյալներն են՝ առաջին՝ իրենց խնդիրներին մոտենալ թեթև ու հումորով՝ նույնը փոխանցելով կողքիններին, երկրորդ՝ հաշմանդամության պատճառով երբեք չխուսափել շփումներից: Սրանք  ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդուն թույլ են տալիս ջարդել բազում կարծրատիպեր ու պատնեշներ թե՛ իր, թե՛ դիմացինի մտածողության մեջ:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք` թե՛ ուսումնական, թե՛ գործնական, թե՛ երազանքների իրագործման առումով:

-Ուսումնական ծրագրերի առումով առաջիկա քայլս ասպիրանտուրա դիմելն է, որպեսզի սկսեմ իմ գիտական ուղին: Գործնական առումով՝ սպասենք, կտեսնենք. ինչպես ժողովուրդն է ասում՝ «Շտապողին տղա չի ծնվում»: Երազանքների մասով կդժվարանամ որևէ հստակ բան նշել, քանի որ միշտ համարել եմ, որ իմ երազանքները նպատակների մակարդակում են, որոնք կարիք ունեն իրագործվելու, ոչ թե երազվելու: Սակայն, ըմբռնելով Ձեր հարցի համատեքստը, նշեմ, որ ներկայումս Արարատ բարձրանալու նման անձնական նպատակ-երազանք չունեմ, բայց չեմ բացառում, որ մի օր այդպիսին կլինի և կիրագործվի:

-Մի քանի բառով կբնութագրե՞ք Ձեր մարդկային տեսակը, կարծում եմ, մեր ընթերցողին այն կհետաքրքրի:

-Սա կհամարեի լրագրողների զինանոցի ամենաբարդ հարցը... Պատասխանեմ, բայց հաշվի առե՛ք, որ սխալվելու հավանականությունը ցածր չէ, քանի որ օբյեկտիվորեն ընդունում եմ, որ, ինչպես բոլոր մարդիկ, ես էլ եմ սուբյեկտիվ՝ նպատակասլաց, նվիրվող, ազնիվ, նրբանկատ, հումորով, երևի այսքան ինքնագովեստից հետո պարտադիր պետք է նշեմ` նաև անհամեստ... Փակագծերը բացելու համար ասեմ, որ սրանք այն հիմնական բնութագրիչներն են, որոնք մատնանշվում են իմ ընկերների և ծանոթների կողմից և որոնք շատ կուզեի ունենալ:

Հարցազրույցը` Անի Նազարյանի

Լուսանկարները` Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]