Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եգիպտոսում հայերի թիվը նվազել է` 7 հազարից հասնելով 5 հազարի. հայկական թեմական խորհրդի անդամ

Եգիպտոսում հայերի թիվը նվազել է` 7 հազարից հասնելով 5 հազարի. հայկական 
թեմական խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսը ձեռնամուխ է եղել ապագայի քարտեզի գծմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եգիպտոսում հայկական թեմական խորհրդի անդամ Սուրեն Բայրամյանը` ընդգծելով, որ այս պահին իրավիճակը երկրում հանդարտ է: «Եգիպտոսում բախումների հետևանքով հայեր չեն տուժել, չեն վնասվել նաև հայկական շինություններ և եկեղեցիներ: Բացի դրանից, պետք է նշել, որ հայերի հանդեպ վատ վերաբերմունք չկա Եգիպտոսում»,-ասաց Բայրամյանը: Անդրադառնալով Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` հայկական թեմական խորհրդի անդամը նշեց, որ պաշտոնական շրջանակների հերքումից հետո այդ ուղղությամբ մասնավոր ձեռնարկ չկա, սակայն լրատվամիջոցները երբեմն շարունակում են անդրադառնալ այդ հարցին: Նրա տեղեկացմամբ` Եգիպտոսում հայերի թիվը նվազել է` նախկին 7 հազարից հասնելով 5 հազարի:

Եգիպտոսում են նաեւ Հայաստանի 400-ից ավելի քաղաքացիներ, որոնց մի մասն ունի երկքաղաքացիություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ այդ երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն դեռևս ՀՀ ոչ մի քաղաքացի չի դիմել` խնդրելով աջակցել Եգիպտոսից տեղափոխմանը:

Հայկական զբոսաշրջային գործակալությունները դադարեցրել են դեպի Եգիպտոս տուրիստական ծառայությունների մատուցումը: Եգիպտոսում տեղի ունեցող վերջին իրադարձությունների պատճառով գործակալությունները քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս իրենց հանգիստն այդ երկրում անցկացնել: 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ էր տվել ՀՀ քաղաքացիներին առանց անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից, քանի որ դեռևս հուլիսի սկզբին Եգիպտոսում իրավիճակն ապակայունացել է: Բանակի հրամանատարության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ին հեռացվել է նախագահի պաշտոնից, մեկուսացվել իր շրջապատից և տեղափոխվել Պաշտպանության նախարարություն: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մուրսին և նրա կողմնակիցները ձերբակալվել են և տարվել Անվտանգության ծառայության շենք: Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահին են ժամանակավորապես հանձնվել երկրի նախագահի լիազորությունները, եւ չեն դադարում բախումները նախկին նախագահի կողմնակիցների ու իշխանությունն ստանձնած ուժերի միջեւ:

Ըստ պատմագիրների` հայերը Եգիպտոսում հայտնվել են դեռ հնագույն ժամանակներում` փարավոնյան 3-րդ դինասիտայի ժամանակներում եւ այդ շփումները շարունակվել են նաեւ Բյուզանդական կայսրության ժամանակներում: Ընդունված է հայերի գաղթը Եգիպտոս բաժանել 2 շրջանի` մինչ Հայոց ցեղասպանություն եւ դրանից հետո: Առաջին փուլի ժամանակաշրջանը սկիզբ է առնում վերոնշյալ հին դարերից: Իսլամականացման սկզբանական փուլում եւս հայեր կային Եգիպտոսում, որոնց թիվը ավելացել է Ֆաթիմիդների խալիֆայության ժամանակ, հետագայում Մամլուքների օրոք աճեց այդ թիվը. անգամ իսլամական աշխարհի միակ սուլթանուհի Շաջար ադ-Դուրը, ըստ որոշ պատմաբանների, հայ է եղել: Մուհամեդ Ալիի ժամանակաշրջանում Եգիպտոսում կառուցվել են երկու եկեղեցիներ` հայ առաքելական եւ հայ կաթողիկե: Այդ ժամանակաշրջանում Եգիպտոսի վարչապետը հայ էր` Պողոս Նուբար Փաշան: 1915թ. Եղեռնից հետո հայերի թիվը Եգիպտոսում կտրուկ աճել է: Մինչ Նասերի 1952թ. հեղափոխությունը հայերը հիմնականում զբաղված են եղել մասնավոր սեկտորում: Պանարաբիզմի ու նացիոնալիզմի գաղափարախոսության զարգացմանը զուգընթաց 1950-60թթ. բազմաթիվ եգիպտահայեր արտագաղթել են Եգիպտոսից դեպի Արեւմուտք` հիմնականում Եվրոպա, ԱՄՆ, ինչպես նաեւ Ավստրալիա:Մերօրյա եգիպտահայերը մեծամասամբ Եգիպտոսում ծնված ու քաղաքացիություն ունեցող հայեր են: Կենտրոնացած են Ալեքսանդրիայում ու Կահիրեում` հիմնականում Հելիոպոլիս թաղամասում: Մինչ 1952թ. մոտ 60 հազար հայ էր բնակվում Եգիպտոսում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]