Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էռնա Յուզբաշյանը կվերադառնա ամիրխանյանական երգացանկով

Էռնա Յուզբաշյանը կվերադառնա ամիրխանյանական երգացանկով

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էռնա Յուզբաշյանի անունը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս անբաժանելիորեն կապված է հայկական էստրադային երաժշտարվեստի լավագույն ավանդույթների հետ: 1994 թվականից ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին, չնայած նրան, որ անցել է մասնագիտական հաջողություններով եւ ստեղծագործական ձեռքբերումներով լեցուն ճանապարհ, իրեն ուղղված շռայլ գովեստի խոսքեր լսել չի սիրում, փոխարենը գերադասում է պարզ, մարդկային, անմիջական չփումը: Հայրենիքում իր երգերի մշտական լսարանն ունեցող երգչուհին մոտ երեք տարվա ընդմիջումից հետո նորովի կներկայանա հանդիաստեսին Երեւանում սեպտեմբերի 24-29-ը կայանալիք երաժշտության շաբաթի շրջանակում: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երգչուհու հետ ոչ միայն հայ հանդիսատեսի հետ սպասվող հետաքրքիր ձեւաչափով հանդիպման, այլեւ ստեղծագործական գործունեությանը վերաբերող այլ թեմաների շուրջ:

-Էռնա, ինչպե՞ս արձագանքեցիք, երբ ստացաք «Երեւանում երաժշտության շաբաթ» ծրագրին մասնակցելու առաջարկը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք կայանալիք միջոցառումից:

-Ես ստացա հրավերը ռեժիսոր, շոումեն Էմիլ Կարատից, ով նաեւ նախագծի գեղարվեստական ղեկավարն է: Նրանք նախագիծը համատեղ իրականացնում են «Ֆորպոստարտ» ընկերության ղեկավար Զառա Մխեյանի հետ: Էմիլին ես շատ վաղուց եմ ճանաչում, երբ նա դեռ իմ ուսանողն էր եւ սովորում էր Երեւանի պետական ջազ քոլեջում, որտեղ ես վոկալ էի դասավանդում: Ես եւ Էմիլը, ճիշտ է, ապրում ենք օվկիանոսի տարբեր կողմերում, սակայն սերտորեն շփվում ենք: Անկեղծ ասած, ես առաջարկից շատ շոյված եմ եւ հույս ունեմ, որ Երեւանում երաժշտական շաբաթը կդառնա ամենամյա, կվերածվի լավ, բարի ավանդույթի: Ես մաղթում եմ, որ ժողովուրդն ստանա, այսպես ասած, մի կտոր երջանկություն, ուրախություն` երաժշտության հետ շփումից: Կազմակերպիչները  շատ լուրջ մարդիկ են` իրենց գործի գիտակներ, մի վայրկյան չեմ կասկածում, որ շաբաթը կանցնի արժանի կերպով եւ կդառնա ոչ միայն երաժշտության, այլեւ սիրո, միմյանց հանդեպ բարի վերաբերմունքի շաբաթ: Կարծում եմ, որ իմ` Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած վերջին համերգից հետո կար որոշակի հարցական նշան: Այն ժամանակ ես չկատարերցի Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները, իսկ այս անգամ որոշեցի, որ կներկայացվեն նաեւ Ամիրխանյանի ստեղծագործությունները, նա տվել է իր համաձայնությունը, ինչը նույնպես շատ հուզիչ է, քանի որ ես արդեն ավելի քան 20 տարի է, ինչ չեմ կատարել նրա երգերը: Եվ իհարկե, ինձ համար մեծ պատիվ է նման միջոցառման ընթացքում ներկայացնել մի ամբողջ` էստրադային ժանրը, սա շատ պատասխանատու է: Համերգին որպես հյուր կմասնակցի նաեւ Արթուր Գրիգորյանը: Եթե չլիներ երաժշտության շաբաթը, գուցե չստեղծվեր այլ հնարավորություն կատարելու Ամիրխանյանի ստեղծագործությունները, որոնք կատարելու ցանկությունն իրականում շատ մեծ էր: Նրա երգերը միջազգային մրցույթներում իմ կատարմամբ հնչել են մինչ 1987 թվականը:

-Փաստորեն նախորդ համերգի համեմատ Դուք կներկայանաք նոր երգացանկով, 2010 թվականին կայացած համերգից ի՞նչ տվապորություն էիք ստացել:

-Կար չարտահայտվածության զգացում, որովհետեւ չկային Ամիրխանյանի ստեղծագործությունները: Դա իմ երգացանկն էր: Գուցե իմ սխալն էր, որ նախորդ համերգում չներառվեցին այդ ստեղծագործությունները, ես շատ ափսոսում էի, որ չգնացի Ամիրխանյանի` իր երգերը չկատարելու կատեգորիկ որոշման դեմ, սակայն, չնայած դրան, համերգից ստացած տպավորությունները լավն են: Ես գոհ եմ, պետք է անեի եւ արեցի, իսկ այժմ համերգում կներկայացվեն նաեւ իմ վերջին ալբոմի երգերը, նաեւ եւս մեկ երգ, որը տարիներ առաջ Արթուր Գրիգորյանն էր գրել ինձ համար: Ես այդ` «Բախտը քո» երգի ձայնագրված տարբերակը չունեի եւ մենք այն վերականգնել ենք: Կհնչեն նաեւ Էլվինա Մակարյանի երգերը` բազմազան համերգային ծրագիր: Հնարավոր է, որ մենք նաեւ այլ անակնկալներ մատուցենք հանդիսատեսին:

-Հարցազրույցներից մեկում պատմել եք այն մասին, որ Ձեր նվիրական երազանքն է բարեգործական համերգներով հանդես գալ Գյումրիում եւ առհասարակ Հայաստանի մարզերում: Ինչո՞ւ չի հաջողվել կյանքի կոչել այս ցանկությունը, արդյո՞ք չեն եղել առաջարկներ Հայաստանի կողմից: 

-Այո, այդ մասին ասվել է, ինձ մոտ առկա է մեծ ցանկություն, եւ ես պատրաստ էի բարեգործական համերգներ տալ ոչ միայն Գյումրիում, այլեւ Արցախում, Հայաստանի մարզերում, սակայն դուք հասկանում եք, որ ես չէի կարող ուղղակի վեր կենալ գալ եւ ասել` տրամադրեք ինձ երաժիշտներ, տրանպորտային միջոցներ, ապահովեք հյուրանոցով, մի խոսքով` այլ կազմակերպչական հարցեր, որոնցով ինչ-որ մեկը պետք է զբաղվեր, բայց չզբաղվեց, եւ այդ ամենն այդպես էլ չիրականացված մնաց:

-Կարելի՞ է ենթադրել, որ կազմակերպիչների առկայության դեպքում, Դուք կրկին կհամաձայնեք:

-Իհարկե, ինչու ոչ, մեծ հաճույքով, միայն կողմ եմ: Ես անտարբեր չեմ ոչ միայն Գյումրիի այլեւ առհասարակ ողջ Հայաստանի նկատմամբ: Գյումրին երկրորդ ամենախոշոր քաղաքն է Երեւանից հետո: Վերջին անգամ եղել եմ այնտեղ երկրաշարժից առաջ, այդ պատճառով շատ կցանկանայի կրկին լինել: Կարծում եմ, որ մարդկանց հիմա հետաքրքիր կլիներ ինձ հետ հանդիպել, լսել իմ երգերը: Ես կփորձեի, այսպես ասած, բարձրացնել նրանց ոգին, ինչ-որ բանով պիտանի լինել: Գյումրին, Գորիսը, Կապանը, բոլոր քաղաքներում էլ կցանկանայի լինել:

-Որքանով ե՞ք հասցնում հետեւել հայկական երգարվեստին, շոու բիզնեսին:

-Ես չունեմ հայկական հեռուսատեսություն այստեղ եւ կարող եմ հետեւել միայն սոցիալական ցանցերի կամ ընկերների հետ զրույցների միջոցով, մասնավորապես Facebook-ի միջոցով, որտեղ քիչ թե շատ ամեն ինչ արտացոլվում է: Բայց կարծիք արտահայտելու տեսանկյունից ոչ ոքից կախված չլինելու համար ավելի օբյեկտիվ է լինել երկրի ներսում: Կարծում եմ, իմ կողմից այնքան էլ ճիշտ չէ` չմասնակցելով իմ հայրենիքի մշակութային կյանքին, ինչ որ բան թելադրել հեռվից կամ ուղղություն ցույց տալ: Դա արդար չէ: Եթե ես ապրեի այդտեղ, կարելի էր առանձնացնել այն, թե ինչն է լավ կամ ինչն է վատ, սակայն հիմա դա անելը բարեխիղճ չէ: Այժմ կան բոլոր հնարավորությունները հետեւելու յուրաքանչյուր հաղորդաշարի նաեւ ինտերնետի միջոցով, բայց ես հրաժարվեցի հեռուստատեսությունից, երբ սկսվեց մեր հանդեպ «բռնությունն» այդ սարսափելի, կատարյալ անճաշակ սերիալների միջոցով: Դա ինձ ավելի շատ է նյարդայնացնում, քան մեր, այսպես կոչված, աստեղերի ոչ այնքան հաջողված ելույթները: Չգիտեմ արդյո՞ք Հայաստանում կարելի է խոսել շոու բիզնեսի մասին, չգիտեմ...

-Որոշ ժամանակ առաջ, նույն հարցը տվեցի նույնպես ԱՄՆ-ում բնակվող եւ իր գործունեությունը հաջողությամբ շարունակող հայկական ջազի խորհրդանիշ, երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանին: Ձեր գնահատմամբ` ինչպե՞ս  կընթանար Ձեր ստեղծագործական գործունեությունը, եթե չմեկնեիք ԱՄՆ:

-Տաթեւիկն ապրում է Նյու Յորքում, որն, ինչպես հայտնի է, հսկայական մեգապոլիս է: Բացի դրանից, նա հոյակապ ջազային երգչուհի է, ով իրականացրեց իր երազանքը, որն էր երգել ջազ, ջազի հայրենիքում, աշխատել մեծ երաժիշտների հետ, գիտեմ, որ նա նաեւ զբաղվում է մանկավարժական գործունեությամբ: 1989 թվականին Արթուր Գրիգորյանի հետ Նյու Ջերսիում էինք եւ մոտ երկու ամիս այնտեղ էինք ապրում եւ մասնավոր ստուդիայում ձայնասկավառակ էինք ձայնագրում, որն, ի դեպ, այդպես էլ լույս չընծայվեց: Այդ նույն ժամանակահատվածում Տաթեւիկը հյուրընկալվեց մեզ մոտ, եւ ինքն այն ժամանակ էլ գիտեր, որ կմնար ԱՄՆ-ում: Ամեն անգամ, ԱՄՆ-ում մնալու վերջնական որոշում կայացնելու առաջ ես տատանվում էի: Նախքան վերջնականապես հաստատվելը երկու անգամ էի եղել ԱՄՆ-ում: 1989 թվականն այն տարեթիվն էր, երբ սկսեց Բաքվից հայերին քշելու սարսափելի ալիքը, իմ եղբոր ընտանիքը` Բաքվից Երեւան տեղափոխեց, սակայն ամեն անգամ հետ էի գալիս Երեւան, որովհետեւ ինձ համար միեւնույնը չէր իմ մտերիմների ճակատագիրը: Չէի փախչում, ինչպես դա հիմա շատերն են անում, մի քանի անգամ նշել եմ, որ ես մեկնում էի ոչ թե սոված եւ ցուրտ, առանց էլեկտրականության Երեւանից, այլ դրա համար կային անձնական պատճառներ: Ես հանդիպել էի մի տղամարդու, առանց ում իմ կյանքը չէի պատկերացնում, ինչն էլ դարձավ իմ մեկնման հիմնական պատճառը: Ես կարծում եմ, որ մարդը պետք է ապրի ներդաշնակության մեջ, այդպիսն է կյանքը:

-Մի առիթով նշել եք` չնայած նրան, որ 20 տարի է` ապրում եք ԱՄՆ-ում, սակայն  Ձեզ այդպես էլ չի հաջողվել ամերիկացի դառնալ, ի՞նչ նկատի ունեք այդ արտահայտությամբ:

-Ես մշտապես ունեմ զգացողություն, որ այստեղ գտնվում եմ ժամանակավոր: Ես ամերիկացիների հետ վատ չեմ խոսում անգլերեն, սակայն ապրում եմ ես, ինչպես ասում են «հայկական» Գլենդել քաղաքում: Հիմնականում այդ թախիծն ու նոստալգիան արտահայտվում էր հայերի հետ շփման, հայկական եւ ռուսական հեռուստատեսության դիտելու միջոցով: Վերջին հաշվով դա իմ ընտրություններ էր, քանի որ եթե ես շատ ցանկանայի ամերիկուհի դառնալ, ես կդառնայի:

-Ձեր երգերը չեն հնանում, որպես օրինակ «Սիրո գիշեր» երգը, որը, տարիներ առաջ հայտնվելով հեռուստաեթերում, սիրվեց նաեւ երիտասարդների կողմից: Ինչո՞վ կբացատրեք Ձեր երգերի «չհնանալու» գաղտնիքը:

-Ես կարծում եմ առաջին հերթին դա Խաչատուր Ավետիսյանի հանճարեղ երաժշտությունն է: Վերցրեք նրա ցանկացած երգ, դա խելահեղ, ոչ շատ պահանջկոտ, միաժամանակ պարզ երգեր են, որոնք իրականում կպչում են հոգուն: Բացառված չէ, որ երիտասարդների մոտ նման մեղեդայնությամբ երգերի պահանջ կա, չէ՞ որ «Սիրո գիշեր» երգի խոսքերը նույնպես շատ գեղեցիկ են: Պատճառը, ինձ համար էլ բացահայտված չէ կամ էլ ուղղակի այդ երգերը սիրող երիտասարդությունը լավ ճաշակ ունի, ինչը իհարկե շատ ուրախալի է եւ հաճելի ինձ համար (ծիծաղում է): Երբ ինձ առաջարկեց այս երգը երգել Խաչատուր Ավետիսյանի տղան` Գրիշա Ավետիսյանը, ով նույնպես այստեղ է բնակվում, ես նրա ստեղծագործական գործունեությանը ծանոթ էի, եւ ինձ շատ հետաքրքիր էր փորձել հենց այս ժանրում, որովհետեւ մենք այն ներկայացրինք, ոչ թե որպես միայն էստրադային, այլեւ ազգային տարրեր պարունակող երգ: Ազգային երաժշտություն ես շատ եմ սիրում, կարծում եմ, դա հիմքերի հիմքն է, չնայած շատերի կարծիքով ջազն է հիմքերի հիմքը, բայց ես չեմ վիճի: Ջազ նույնպես շատ եմ սիրում, սակայն ազգային երաժշտությունն այբուբենի նման մի բան է, որից բոլորն են սկսում:

-Ձեր ամենահայտնի երգերից մեկում  (У песни тоже есть душа) ասվում է, որ երգը նույնպես հոգի ունի: Ժամանակակից երգերն ունե՞ն այդ հոգին: 

-Ցավոք սրտի, չունեն: Ինչ վերաբերում է կոնկրետ իմ օրինակին, ապա ես երգի ընտրության հարցում (իսկ երգեր ինձ շատ-շատ էին առաջարկում) պահպանում էի որոշակի շատ բարձր «պլանկա», որը հենց Ամիրխանյանից էր գալիս: Վատ գրել նա չգիտեր եւ չգիտի, արդյունքում արդեն կար որոշակի էտալոն, որին պետք է հավասարվեին մյուս երգերը: Կարծում եմ` լավ երգեր շատ քիչ կան հիմա, եթե չասեմ ավելին` գրեթե չկան: Հիմա ամեն ինչ շատ է կապված կոմերցիայի հետ, եւ երեւի դա է պատճառը, որը մեր երիտասարդությունը, շատ կատարողներ, դիմում են ազգային երաժշտությանը, պատահական չէ, որ հիմա շատ են հնչում նաեւ գուսանկան երգերը:

-Որքա՞ն հաճախ եք գալիս Երեւան, որտե՞ղ եք ամենից շատ սիրում լինել հայրենիքում:  

-Երեւանում ես ավելի հաճախ էի լինում նախկինում, վերջին անգամ եղա Հանրային հեռուստաընկերության հրավերով «Մենք ու մենք» հաղորդման շրջանակում, որը նկարահանվեց շատ սեղմ ժամկետներում եւ որի արդյունքներից ես, անկեղծ ասած, այնքան էլ գոհ չէի: Նախքան այդ ներկա էի մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հոբելյանական համերգին, Արցախում նույնպես հրաշալի համերգի եմ մասնակցել, շատ եմ սիրում Արցախը, պապիկս այդ կողմերից է: Նախկինում ավելի հաճախ էի լինում, իհարկե հասկանալի է, որ ԱՄՆ-ից Երեւան գալը ամենաէժան հաճույքներից չէ, որպեսզի լինեմ այնքան հաճախ, ինչքան կցանկանայի: Լինում եմ այն ժամանակ, երբ կա պահանջարկ, դա, որպես կանոն, տարին մեկ անգամ է լինում: Եթե անկեղծ ասեմ, չկան հստակ վայրեր, որտեղ միշտ այցելում եմ: Ինձ ավելի շատ ձգում է քաղաքից դուրսը` մարզերը, գյուղերը, որովհետեւ ցանկություն կա բնության հետ հաղորդակցվելու: Շատ եմ ցանկանում, այս տարի էլ անպայման գնալ Արցախ: Երեւանում երաժշտության շաբաթից հետո կունենամ մոտ երկու շաբաթ հանգիստի համար, որից հետո գուցե կարողանամ վերադառնալ բարեգործական հյուրախաղեր կազմակերպելու թեմային եւ գուցե առաջիկայում ստացվի նախանշել այդ երազանքի իրականացման ժամկետները:

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]