Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Համո Սահյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին ընդառաջ կտպագրվի նրա երկերի քառահատորյակը

Համո Սահյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին ընդառաջ կտպագրվի նրա 
երկերի քառահատորյակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյա հոբելյանին ընդառաջ «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է նրա երկերի քառահատորյակի հրատարակությունը, որը պատրաստ կլինի մինչեւ 2014 թվականի ապրիլը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  հասարակական կազմակերպության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանը նշեց, որ երկերի չորս հատորների հրատարակումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ:

«Երկերի չորս հատորյակը կամփոփի բանաստեղծի բոլոր կարեւոր ժողովածուները: Դրանք ոչ միայն որակյալ տպագրությամբ են լույս տեսնում, այլեւ յուրաքանչյուր հատորում տեղ են գտնելու Սահյանի ձեռագրերը եւ մոտ 15-20 լուսանկար»,- պատմեց Դավթյանը: 

Հասարակական կազմակերպությունը իր գործունեության 10 տարվա ընթացքում տպագրել է Սահյանի ստեղծագործությունների շուրջ 30 անուն գիրք, որոնք քանակապես ավելի շատ են, քան բանաստեղծի կենդանության օրոք տպագրվածները: Իր կենդանության օրոք բանաստեղծի ստեղծագործությունները վերջին անգամ տպագրվել էին 1986 թվականին:

«Մենք հրատարակել ենք Սահյանին նվիրված հանրագիտարան, որը հազվադեպ է մեր իրականության մեջ: Հանրագիտարանում տեղ է գտել մոտ 300 բառահոդված` Սահյանի հարազատների, մտերիմների, նրա հետ առնչվող երեւույթների, իրադարձությունների վերաբերյալ, եւ ավելի քան 100 լուսանկար»,- պատմեց հանրագիտարանի կազմողը, ով ոչ միայն ավելի քան 25 տարի եղել է Սահյանի ընկերը, այլեւ թեկնածուական եւ դոկտորոկան թեզեր է պաշտպանել Սահյանի ստեղծագործական գործունեությանը վերաբերող թեմաներով: 

Դավթյանի կարծիքով` 2012 թվականին տպագրված հանրագիտարանը հնարավորություն կտա սահյանասերներին գտնել բոլոր տվյալները մեծանուն բանաստեղծի մասին: Նրա գնահատմամբ` Սահյանը հայկական պոեզիայում ներդրեց առաջին հերթին մարդու եւ բնության փոխըմբռնման տեսությունը, եւ «բանական բնության եւ բնական մարդու» գաղափարը:

«Սահյանի կողմից կիրառված նորարարությունների թվում էր հոտի գեղարվեստական ըմբռնումը, ինչպես օրինակ հայի հոտ, մոր ծոցի հոտ, մորմոքի հոտ: Երրորդ առանձնահատկությունը Սահյանի հայրեններն են: Նա խիզախություն ունեցավ գրել հայրեններ, որոնք առանձնացան թեմատիկ առումով: Եվ ի տարբերություն Քուչակի`նրա հայրենները  ընթերցողին տանում են դեպի փիլիսոփայական խորքեր»,- պարզաբանեց կազմակեպության նախագահը:

Կենտրոնի կողմից մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին ընդառաջ իրականացվում են մի շարք այլ ծրագրեր: Նրանց արդեն հաջողվել է հանրության ուշադրությանը ներկայացնել բանաստեղծի հեղինակած երգերով ձայնասկավառակ, նրա արտասանությամբ DVD, ինչպես նաեւ նկարահանել 4-5 կարճամետրաժ ֆիլմեր:

Սահյանի ծննդավայր` Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում գտնվող հայրական տանը Զարգացման գրասենյակի միջոցով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, եւ նախատեսված է, որ առաջիկայում այն կվերածվի տուն-թանգարանի: Բացառված չէ նաեւ գրողի հուշարձանի բացումը Երեւանում: «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից մասսայական տպաքանակով լույս ընծայած գրքերը չեն վաճառվում, այլ անվճար տրամադրվում են  մայրաքաղաքային եւ մարզային գրադարաններին, Երեւանի եւ Գյումրու` Սահյանի անունը կրող դպրոցներին, գիտամշակութային կենտրոններին, Հայաստանի գրողների միությանը եւ գրողի հարազատներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]