Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազիզ Թամոյանը անհայտ ուժերին մեղադրում է եզդիական պատմությունն ու մշակույթը խեղելու փորձերի մեջ

Ազիզ Թամոյանը անհայտ ուժերին մեղադրում է եզդիական պատմությունն ու 
մշակույթը խեղելու փորձերի մեջ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիական դպրոցներում քրդերեն դասագրքի տարածումը եզդիների հանդեպ նոր որս սկսելու միտում է, որի հետևում անհայտ ուժերն են կանգնած: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը։ «Սա շատ լուրջ խնդիր է, որի հետ կապված անընդհատ բողոքներ ենք ստանում: Ստեղծեցինք հատուկ հանձնաժողովներ, դիմեցինք ՀՀ նախագահին ու արտասահմանյան որոշ երկրների, որպեսզի Արագածոտնի մարզում այլևս չդասավանդվի քրդերեն: Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում քրդերը զարմանալիորեն արագ են տարածվում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ազիզ Թամոյանը:

Նա խնդրով դիմել է Արագածոտնի մարզպետարան, որտեղից պատասխանել են, թե այն գյուղերում, որտեղ հիմնականում բնակվում են եզդիներ, բնակիչներն իրենց համարում են եզդի-քրդեր: Սակայն դա զայրացնում է Թամոյանին, քանի որ, նրա համոզմամբ, եզդի-քուրդ ազգ գոյություն չի ունեցել և այժմ էլ չունի: «Եթե քուրդ են, թող իրենց մոլլան ունենան: Բոլոր սգո ու հարսանեկան արարողությունները մեր շեյխերն են իրականացնում: Եթե քուրդ են, ինչո՞ւ են նրանց ազգանունները «յան»-ով գրվում: Որևէ քուրդ հայի ազգանուն կրել չի ուզում: Մեր լեզուն եզդիերենն է, ոչ թե քրդերենը»,- նշեց նա և ավելացրեց, որ հայերի, ասորիների, եզդիների ու ռուսների թիվը գնալով պակասում է, սակայն քրդերը տարեցտարի շատանում են: Թամոյանը վստահ է, որ սա արհեստականություն առաջացնող միտումնավոր ծրագիր է, որով փորձում են խեղել եզդիների մշակույթն ու պատմությունը և ծաղրել նրանց:

Հայաստանի եզդիների միության նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նաև, թե լուրեր են տարածվել, որ եզդիներն ուզում են քրդերեն սովորել, սակայն այդ ամենը անհեթեթություն է: Եզդիների մեծ մասը դեմ է, որպեսզի իրենց երեխաները քրդերենով ուսումնասիրեն լեզուն ու պատմությունը, սակայն փոխարենը նրանք դեմ չեն, որ այդ ամենը հայերենով արվի:  

Եզդիների միության անդամ Քյարամ Սիլոյանն էլ վստահ է, որ այս ամենը թուրքական իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է: «Թուրքիայի խորհրդարանում 4 քուրդ պատգամավոր կա: Նրանք իրենց ելույթներում անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը և Հայաստանում քրդական համայնք ստեղծում, որն իրականում գոյություն չունի»,- ավելացրեց Սիլոյանը` պնդելով, որ Հայոց ցեղասպանությունը թուրքերի հրամանով նաև քրդերն են իրականացրել:

Ամբողջ աշխարհում կա շուրջ 1.5 մլն եզդի: Միայն Հայաստանում ապրել է 50-60 հազար եզդի, բայց այսօր մնացել է  շուրջ 35 հազարը: Երևանում ապրում է շուրջ 7 հազար եզդի: Հայաստանից վերջին մի քանի տարիների ընթացքում արտագաղթել է  6 հազար եզդի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]