Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հունական Սալոնիկից մինչև Մեղրի ձգվող 3 հազար կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի կստեղծվի

Հունական Սալոնիկից մինչև Մեղրի ձգվող 3 հազար կիլոմետրանոց զբոսաշրջային 
ուղի կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի և թուրք գործընկերները հուլիսի 16-ին ազդարարեցին անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ: BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների միջև համատեղ ծրագիր է, որի նպատակն է հունական Սալոնիկ քաղաքից մինչև Մեղրի ձգվող 3 հազար կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի ստեղծել:

Միջոցառման մասնակիցները դիտեցին Արենի և Շատին գյուղերից մանկահասակ պարողների և երաժիշտների կատարումներն ու շրջեցին Նորավանքի գեղատեսիլ համալիրի տարածքում: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ զբոսաշրջիկները 3000 կմ­­ ճանապարհին ընկած բոլոր տեսարժան վայրերի մասին անհրաժեշտ տեղեկություններ կստանան: «Երբ այցելուն գա Նորավանք, բավական է որ հանի իր սմարթֆոնը եւ անհրաժեշտ բոլոր տեղեկատվությունն իր ձեռքի տակ ունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հեֆերնը՝ հավելելով, որ հյուրանոցների, հյուրատների, ռեստորանների, արվեստի գործեր ստեղծող մարդկանց մասին ինֆորմացիան զբոսաշրջիկի համար հասանելի կլինի: Ջոն Հեֆերնն ասաց, որ ծրագրի նպատակն այն է, որ չորս երկրների ժողովուրդները միմյանց ավելի մոտ լինեն: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսեց Հայաստանի հնավայրերի գրավչության մասին:


Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին կարեւորեց BSSRC ծրագրի շնորհիվ մարդկանց շփումների ակտիվացումը: «Ամենակարեւորը, որ այս ծրագիրը կարող է տալ, դա մարդկանց հաղորդակցվելն է միմյանց հետ: Լավ կլինի, որ մարդիկ դեմ առ դեմ հանդիպեն, տեսնեն միմյանց մշակույթը, կենցաղը եւ ոչ թե լսեն այդ ամենի մասին ինչ-որ երրորդ անձից»,- ասաց Վրաստանի դեսպանը` համոզմունք հայտնելով, որ ծրագրում ընդգրկված ազգերն իրար ավելի լավ կճանաչեն:

Ծրագրի գործընկեր, Թուրքիայի տնտեսագետների ասոցիացիայի ընդհանուր համակարգող Ֆիրատ Պոլատը խոսեց ծրագրի տնտեսական օգուտներից: «Առաջին՝ այս ծրագիրը հնարավորություն կտա նպաստել մեր երկրներում տնտեսական եւ սոցիալական զարգացմանը եւ երկրորդ՝ մենք ստեղծում ենք համագործակցության կամուրջ»,- ասաց Պոլատը:

Ծրագիրը նաեւ կներառի սմարթֆոնների 5 հավելվածներ iPhone-ների, iPad-ների, ինչպես նաև Android և Windows օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների և պլանշետների համար, կմշակվի ճանապարհի էլեկտրոնային պորտալ: 2013-2015-ին Հայաստանի զբոսաշրջության 43 վայրերում կտեղադրվեն ուղղորդիչ նշաններ, տեղեկատվական վահանակներ, հետիոտն շրջայցի եւ արշավային ցուցանակներ, 55 հուշախցեր եւ այլն: BSSRC ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագիրը, Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]