ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում հունիսի վերջին շաբաթվա ամենաշատ վաճառված գիրքը Մոսկվայում բնակվող ժամանակակից հայազգի արձակագիր Մարկ Արենի` Կարեն Մարտիրոսյանի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» պատմությունն է: Այն հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է և իր ծնողներն էլ հայեր են եղել։
«Արմենպրես» լրատվական գործակալության հատուկ նախագիծ «Երևանյան բեսթսելլեր»-ը շարունակում է ներկայացնել երևանյան գրախանութներում ամենավաճառվող գրքերի ցանկը` խթանելով նաև ժամանակակից գրողների ստեղծագործությունների վաճառքը: Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլիի` «Գրաբեր» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմն է, որը պատմում է 1989-ին Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման: Գրքի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013 թ-ի փետրվարին Այլիսլին Ադրբեջանի նախագահի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:
Երրորդ հորիզոնականում ֆրանսիացի գրող Անտուան դը Սեն Էսզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վեպն է, որը հրատարակվել է 1943թ-ին և համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը: Թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել է ավելի քան 80 միլիոն տպաքանակով: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է նաև հայերեն:
Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպն է, որն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Վեպը շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: «Ալքիմիկոսի» վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառված օրինակների քանակին:
«Ալքիմիկոս»-ին հաջորդում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպի` 2010թ-ին Հովհաննես Այվազյանի կողմից ռուսերենից թարգմանված տարբերակը: Այն լայն ճանաչում է գտել նաև Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելլերների շարքում: Նույն հեղինակի մեկ այլ գրքում տեղ գտած միաժամանակ երկու ստեղծագործությունները «100 տարվա մենություն» և «Նահապետի աշունը» վեպերն այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում են:
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի յոթերորդ հորիզոնականում նախորդ շաբաթվա առաջատարԳրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է: Այն հայտնի է նաև «Նարեկ» անունով ու միջնադարյան հայ ամենաճանաչված ու կարդացված ստեղծագործությունն է: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում: Հաջորդում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի ստեղծագործությունը` «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը»: Այն մի ճայի կյանքի պատմություն է, որտեղ գրողը ներկայացնում է, թե ինչպես հասարակ ճայերն ուզում են միայն իմանալ, թե ինչպես կարելի է հասնել ծովափից դեպի սննդի աղբյուր: Նրանց համար կյանքի իմաստը կայանում է ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չի, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն ինքնուրույն սովորում է թռչել: Հասարակ ճայերը չեն ընդունում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին:
Իններորդ հորիզոնականում ՎՄՎ-պրինտի կողմից հրատարակած «Մարգարիտներ Սևակի մտքի գանձարանից» գիրքն է: Այս շաբաթ վարկանիշային աղյուսակը եզրափակում է դասական ստեղծագործություն` Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպը:
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ
|
Փոփ. |
Գիրք |
|
Հրատ. |
Քանակ |
1 |
+6 |
|
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Տիգրան Մեծ |
32 |
2 |
+2 |
|
Աքրամ Այլիսլի
«Քարե երազներ»
|
Գրաբեր |
28 |
3 |
+1 |
|
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»
|
Անտարես |
26 |
4 |
-2 |
|
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը»
|
Վան Արյան |
22 |
5 |
-2 |
|
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»
|
ՎԱ-ՀԱ |
21 |
6 |
+2 |
|
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն», «Նահապետի աշունը»
|
Նորք |
18 |
7 |
-6 |
|
Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության»
|
Նաիրի |
16 |
8 |
0 |
|
Ռիչարդ Բախ
«Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը»
|
Հայաստան |
15 |
9 |
նոր |
|
«Մարգարիտներ Սևակի
մտքի գանձարանից»
|
ՎՄՎ պրին
|
13 |
10 |
0 |
|
Միխայիլ Բուլգակով
«Վարպետն ու Մարգարիտան»
|
Անտարես |
10
|