Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցների խմբագիրներ փոխգործակցության կանոններ են սահմանել

Էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցների խմբագիրներ փոխգործակցության կանոններ են սահմանել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ տարածել են հայտարարություն, որով սահմանել են էլեկտրոնային լրատվամիջոցների միջև փոխգործակցության որոշակի կանոններ: Հայտարարությունն ընդունելու անհրաժեշտությունն առաջացել է պայմանավորված դաշտում առկա հեղինակային իրավունքների կոպիտ խախտումների կրկնվող դեպքերով, երբ լրագրողի տքնաջան աշխատանքը րոպեներ անց դառնում է գրեթե բոլոր լրատվամիջոցների «սեփականությունը»՝ հաճախ նույնիսկ առանց պատշաճ հղումների: Հայտարարության մեջ նշվում է.
«Մենք՝ էլեկտրոնային լրատվամիջոցների ներքոստորագրյալ խմբագիրներս, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, անհրաժեշտ ենք համարում հանդես գալ միասնական հայտարարությամբ՝ սահմանելով միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ:
1. Ցանկացած կայքից որևէ նյութ արտատպելիս պարտադիր պետք է նյութի վերնագրում կամ առաջին նախադասության առաջին մասում գրել կայքի անունը՝ լատինատառ տարբերակով՝ հիպերհղումով:

2. Չպետք է հրապարակված նյութի ամբողջ բովանդակությունը նույնությամբ տեղադրել, որպեսզի ընթերցողն անհրաժեշտություն զգա օգտվելու նյութի սկզբնաղբյուրից:

3. Պարտադիր պետք է վերարտադրված նյութի առաջին պարբերությունում դնել սկզբնաղբյուր հանդիսացող լուրի հիպերհղումը, իսկ վերջում հավելել՝ նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

4. Կայքերում տեղադրված տեսանյութերը վերարտադրելիս կրկին պետք է սկզբում դնել սկզբնաղբյուրի հիպերհղումը:

5. Կայքերում տեղադրված լուսանկարների վերարտադրման դեպքում թույլատրվում է օգտագործել առավելագույնը 3 լուսանկար՝ կրկին ակտիվ հղումով: Ոչ մի դեպքում չի կարելի լուսանկարի վրա տեղադրված լոգոն հեռացնել՝ բացառությամբ մի դեպքի. եթե լուսանկարը օգտագործվում է դեմատիվատորների համար: Այս դեպքում ցանկալի է հեռացնել լոգոն:

6. Եթե էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված են հեղինակային նյութեր, ապա դրանց վերարտադրման դեպքում պարտադիր պետք է նշել նաև հեղինակի անունը:

7. Օտարալեզու լրատվամիջոցներից կատարված թարգմանությունները ևս համարվում են հեղինակային նյութեր, որոնք մեջբերելիս պետք է պատշաճ հղում տեղադրել:

8. Եթե էլեկտրոնային լրատվամիջոցներում արդեն հրապարակված նյութերից մեջբերումներ են արվում այլ հոդվածների մեջ, պարտադիր պետք է նշել, թե որ սկզբնաղբյուրից են օգտվել:

9. Հայտարարությանը միացած լրատվամիջոցները պարտավորվում են չարատավորել միմյանց բարի համբավը և չգործել իրար դեմ: Իսկ այն լրատվամիջոցները, ովքեր կխախտեն վերը նշված կանոնները, ստորագրությանը միացած լրատվամիջոցների ղեկավարների անունից կստանան նախազգուշական նամակներ՝ սխալը կամ վրիպումը շտկելու համար: 3 անգամ նախազգուշական նամակներ ուղարկելուց հետո դրանք կարվեն հրապարակային եղանակով»:

www.aravot.am խմբագիր Աննա Իսրայելյան
www.armlur.am խմբագիր Թագուհի Թովմասյան
www.armversion.am խմբագիր Ռուզան Ավոյան
www.asekose.am խմբագիր Արամ Հարությունյան
www.galatv.am խմբագիր Արմենուհի Վարդանյան
www.haynews.am խմբագիր Անուշ Խեչոյան
www.irates.am խմբագիր Լիլի Մարտոյան
www.panorama.am խմբագիր Անահիտ Ոսկանյան
www.report.am խմբագիր Աբել Միքայելյան
www.shamshyan.com խմբագիր Գագիկ Շամշյան
www.tert.am խմբագիր Գեւորգ Սահակյան
www.times.am խմբագիր Հրանտ Մելիք Շահնազարյան
www.yerkir.am խմբագիր Սեւակ Հակոբյան
www.168 ժամ խմբագիր Սաթիկ Սեյրանյան
www. 1lur.am խմբագիր Վանիկ Էլիզբարյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունը մշտապես հավատարիմ է պատշաճ հղումների ու համագործակցության համընդհանուր ընդունելի աշխատաոճին եւ ողջունում է վերոնշյալ նախաձեռնությունը: Գործակալությունը, սակայն, ունի իր կայքից օգտվելու սեփական կանոնները. «Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]