Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայ գյուտարարներն այս տարի 44 գյուտ են գրանցել` մազերի աճեցումից մինչեւ այրվածքների բուժում

Հայ գյուտարարներն այս տարի 44 գյուտ են գրանցել` մազերի աճեցումից 
մինչեւ այրվածքների բուժում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գիտնականը մազերի ամրացման և աճի խթանման միջոցների գյուտ է արել: Գյուտարարը Ղուկաս Ուլիխանյանն է, գյուտն ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության արտոնագիրը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մտավոր սեփականության գործակալության գյուտի և օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանը, հայ գիտնականները այլ հետաքրքիր գյուտեր եւս հեղինակել են` այրվածքների բուժման բաղադրանյութի ստեղծումը, ինչպես նաև աղազրկիչ սարքերի հայտնաբերումը: Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին հինգ ամիսներին առաջադրվել է գյուտի և օգտակար մոդելի 82 հայտ, որը 4-5 տոկոսով պակաս է անցած տարվա ցուցանիշից: «Արտոնագիր է տրվել 56 հայտի, որոնցից 48-ը գյուտի, իսկ 8-ը օգտակար մոդելի համար, ըստ որում` չորս գյուտի եւ մեկ օգտակար մոդելի հեղինակներն արտասահմանից են»,-նշեց Ավետիս Պերյանը: Նրա տեղեկացմամբ` անցյալ տարի ամենաշատ հայտեր ստացվել են մարդու կենսական պահանջների բավարարմանն ուղղված բնագավառում` 51 հայտ, 37 հայտ` քիմիայի և մետաղագործության ոլորտում, 23 հայտ` տարբեր տեխնոլոգիական պրոցեսների ու տրանսպորտի և 20 հայտ` ֆիզիկայի, յոթը` շինարարության եւ լեռնագործության, 24` մեխանիկայի, լուսավորության, ջեռուցման, 13-ն` էլեկտրականության ոլորտներում:

Պերյանի խոսքերով` կան ոլորտներ, օրինակ, մանածագործության ու թղթի, որոնցում գյուտեր չեն գրանցվում, իսկ, օրինակ, օրգանական քիմիային, բժշկությանը, դեղագործությանը վերաբերող հայտերի քանակը Հայաստանում քիչ է լինում` պայմանավորված այն հանգամանքով, որ հայտատուները գերադասում են Եվրասիական արտոնագրային գերատեսչության միջոցով ներկայացնել այդ ոլորտի հայտերը: Դա որոշակի արտոնություններ է տալիս հայտատուներին, մասնավորապես հեշտացնում է դիմելու ընթացակարգը և պակասեցնում վճարվելիք տուրքերը:

Հայտատուների սեռատարիքային բնութագրի վերաբերյալ Ավետիս Պերյանը նշեց, որ դիմողների կազմը տարբեր է. դիմում են թե երիտասարդները, թե տարեցները, դիմում են նաև կանայք: Բացի դրանից, համեմատելով այժմյան հայտատուներին մի քանի տարի առաջվա հայտատուների հետ, նա կարևորեց այն փաստը, որ հիմա լավ տեղեկացված են, գիտակցում են իրենց մտավոր սեփականությունն ամրագրելու անհրաժեշտությունը, որպեսզի այն ուրիշների կողմից չօգտագործվի:

Այն հարցին ի պատասխան` լինում են գյուտեր, որոնք զարմանալի են ու յուրահատուկ, Ավետիս Պերյանը ժպիտով նշեց, որ նա չափազանց քննադատաբար է մոտենում հայտերին ու իրեն զարմացնելը բավականին բարդ է: «Երբեմն լինում են հայտեր, որոնք չեն ընդունվում, փորձագետն ու հայտատուն գալիս են եզրահանգման, որ հայտատուն շատ սեղմ է ներկայացրել իր հայտը, այն հետ է կանչվում, հետագայում ավելի լավ ձևակերպվում ու ներկայացվում բարձր արտոնագիր ստանալու համար»,-նշեց Պերյանը: Միջազգային ցուցահանդեսների, տոնավաճառների գյուտարարները մասնակցում են իրենց ուժերով ու նախաձեռնությամբ: Պետությունը, հանձին Մտավոր սեփականության գործակալության, տրամադրում է տեղեկատվություն գրանցված գյուտերի վերաբերյալ ռուսերեն և անգլերեն: Ավետիս Պերյանը ցավով նշեց, որ շատերի դեպքում գյուտերի գրանցումը ինքնանպատակ է լինում և այդպիսով գյուտը թղթի վրա է մնում:

Անդրադառնալով վերջերս հայ վարպետի կողմից ստեղծված բաս-քանոնի գյուտի գրանցմանը` Պերյանը տեղեկացրեց, որ հայտը քննարկման փուլում է, իրենք կնայեն` որքանով է այն նոր, որքանով է գյուտարարության մակարդակն ապահովված, ապա միայն կարելի կլինի խոսել նոր գյուտի մասին: «Եթե նոր հնչյուններ կան և դա զուտ երկու գործիքի համադրման գործողություն չէ, այդ դեպքում այն կստանա գյուտի արտոնագիր, ինչը ցույց կտա փորձագիտական գնահատականը»,-եզրափակեց Ավետիս Պերյանը:

2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացված գյուտերի և օգտակար մոդելների հայտերի ընդհանուր քանակը 1992 թվականից սկսած կազմել է 3679։ 2012 թվականի տվյալների համաձայն` 2697 գյուտի արտոնագրերից Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են 292-ը, իսկ օգտակար մոդելի 313 արտոնագրերից գործում են 100-ը։

Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության ազգային համակարգի ձևավորումը սկսվել է 1992թ. հունվարին ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության և 1993թ. դեկտեմբերին Հեղինակային իրավունքի ազգային գործակալության ստեղծմամբ։ Հետագայում, 2002թ. մարտին այս երկու մարմինների միաձուլմամբ ստեղծվեց Մտավոր սեփականության գործակալությունը: 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]