Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արարատ 73»-40 տարի անց. Սերգեյ Պողոսյանն իր թիմակիցների օրինակով խորհուրդներ է տալիս ներկայիս հավաքականին

«Արարատ 73»-40 տարի անց. Սերգեյ Պողոսյանն իր թիմակիցների 
օրինակով խորհուրդներ է տալիս ներկայիս հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատցիներ»-ն իրենց հաղթանակի 40-ամյակի  մասին հիշելիս անսահման ուրախությամբ են խոսում. դրանք այն հաղթանակներն էին, որ ֆուտբոլիստները նվաճել են երկրպագուների աջակցության եւ սեփական գործին անսահաման նվիրումի շնորհիվ: «Արարատ»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաթղանակի մասին խոսելիս հիշատակում էր «Դինամո»-ի հետ եզրափակիչ խաղի ամեն մի րոպեն: Նա նոր մանրամասներ ու հետաքրքիր դրվագներ պատմեց «Արարատ 73»-ի` երբեք  չմարող ու սերունդներին հպարտություն պարգևող հաղթանակների մասին:

Պատմում է Սերգեյ Պողոսյանը:

Ծնվել է 1948 թվականին: Կիսապաշտպան: Սպորտի  վարպետ: ԽՍՀՄ  ֆուտբոլի  առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել 1968-1969 թվականներին Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ում, 1970 թվականից Երեւանի «Արարատ»-ի կազմում: 1973 թվականին ԽՍՀՄ գավաթակիր եւ երկրի առաջնության ոսկե մեդալակիր է: Պարգեւարտվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվորագրով: «Արարատ»-ի կազմում մասնակցել է 63 խաղի, խփել 5 գնդակ:  

 

- Դուք Երեւանի «Արարատ» եք եկել Լենինգրադի (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ) «Զենիթ»-ից: Ասացեք խնդրեմ, ինչպես եղավ, որ վերադարձաք հայրենիք: 

- Ծնվել եմ Բաքվում: Ֆուտբոլի նկատմամբ սերն ինձ հասցրեց նրան, որ ընդգրկվեցի Ադրբեջանի նախ դպրոցականների, ապա` երիտասարդական հավաքականներում: Այնուհետեւ հրավերներ ստացա Բաքվի «Նեւթչի»-ից եւ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից: Իմ մարզչի` Մարսել Ջավախյանի խորհրդով միառժամանակ սպասեցի: 1968-ին, երբ Արտյոմ Ֆալյանը տեղափոխվեց Լենինգրադի «Զենիթ», ինձ հրավիրեց այնտեղ խաղալու: Երկու տարի «Զենիթ»-ում խաղացի: Բայց քանի որ երիտասարդ էի, եւ հարազատներս էլ արդեն Երեւանում էին, որոշեցի տեղափոխվել Երեւանի «Արարատ»: «Արարատ» եկա, երբ թիմի մարզիչը Ալեքսանդր Պոնոմարյովն էր:

- Ինչպես Ձեզ ընդունեցին «արարատցիները»:

- Անկեղծ ասեմ, մինչեւ հիմա հիշում եմ, թե ինչպիսի ջերմությամբ ու հարազատի նման ընդունվեցի: Շատ ջերմ ու անմիջական էր ընդունելությունը:

 - Մի առիթով Արամայիս Սահակյանը գրել է, որ Ձեր համառությունն ավելի ուժեղ է, քան` Ձեր ոսկորները:

-Այո, կարծես հենց էլ այդպես է: Մեկ անգամ չէ, որ խաղի ժամանակ կոտրել եմ ոտքս: Ոտքերս կոտրելուց հետո երկու երեք ամիս խաղադաշտ դուրս չէի գալիս: Չգիտեմ համառությունն էր, թե մեծ սերը ֆուտբոլի նկատմամբ, ինձ ստիպում էր նորից վերադառնալ խաղադաշտ:

- Հիմա 40 տարի անց Ձեր հիշողության մեջ ինչպես է մնացել 1973 թվականը:

Իհարկե, ամբողջ մրցաշրջանի խաղերը լավ չեմ հիշում, բայց 1973 թվականն ինձ համար թանկ է ու անմոռանալի, քանի որ հենց այդ տարում մենք հասանք մեր նպատակին: Իրոք, ամեն ինչ հեշտ չտրվեց: Եվ այս ամենի մեջ առանձնանում է Կիեւի «Դինամո»-ի հետ հանդիպումները: Դինամոյականներին նույնիսկ անվանում էին «թիմ-մեքենա»: Անկեղծ ասած, հիշելով եւ ուրախանում եմ, եւ տխրում: Երբ անցան այսքան տարիները, շատ շուտ անցան: Հիմա ավելի եմ արժեւորում մեր նվաճումները: Հսկայական ԽՍՀՄ-ում մեկ մրցաշրջանում դառնալով եւ չեմպիոն, եւ գավաթակիր: Մենք իսկապես արժանի էինք:


-Բոլոր «արարատցիները» նշում են, որ 1973 թվականին եկել էր չեմպիոն դառնալու պահը: Դուք համաձայն եք:

- Այո, իհարկե, չնայած 1973-ին «Արարատ»-ը մարզում էր Նիկիտա Սիմոնյանը, բայց մինչ նա եղած մարզիչները եւս իրենց մեծ ներդրումն ունեն այդ հաղթանակի մեջ: Կասեի` այդ հաղթանակի հիմքը դրվել է դեռեւս 1967 թվականից, երբ «Արարատ»-ը մարզում էր Արտյոմ Ֆալյանը: Նրանից հետո եկած մարզիչները եւ Պոնոմարյովը, եւ Գլեբովն իրենց լուման ունեն թիմի կայացման գործում: Մեր տղաները արժանի էին այդ կոչմանը, իսկ ավելի շատ մեր երկրպագուները` այդ ուրախությանը: Այդ հաղթանակի մեջ մեծ է նրանց ներդրումը:   

- Իսկ ինչպիսի մարզիչ, ընկեր կամ ավագ ընկեր էր Նիկիտա Սիմոնյանը:

- Ասեմ: Եթե նոր մարզիչները գալիս են ու անմիջապես թիմում փոխում են ամեն ինչ, «թարմացնում», ապա Սիմոնյանը ոչինչ չփոխեց: Նա իր պրոֆեսիոնալիզմը բերեց: Նա որքան լավ մարդ էր, այդքան էլ լավ մարզիչ էր, լավ ընկեր: Դեռ մի բան էլ ավելի, նա հրաշալի հոգեբան էր, գիտեր, որ պահին ում փոխարինման դուրս բերի կամ ում վերցնի այդ օրվա հանդիպման հիմնական կազմում:  

- Դուք «Դինամո»-«Արարատ» հանդիպմանը խաղադաշտ մտաք միայն երկրորդ կեսին: Սա էլ էր Սիմոնյանի մարտավարությունը:

- Այո, ինձանից բացի պահեստայինների նստարանին էր նստած նաեւ Նիկոլայ Ղազարյանը: Մենք երիտասարդ չէինք, բայց կուզենայինք խաղալ առաջին իսկ րոպեից, եւ մի քիչ էլ նեղացել էինք Սիմոնյանից (ծիծաղում է): Երբ նկատեց, որ քթներս կախել ենք, ասաց. «Տղաներ, գիտեք ինչու հիմական կազմում չեք, ես գիտեմ, որ հրաշալի մարզավիճակում եք եւ պետք է խաղաք: Ձեր խաղաոճն այնպիսինն է, որ կարող եք փոխել խաղի ընթացքը»: Եվ այդպես էլ եղավ: Կյանքն ու ժամանակը ցույց տվեցին, որ Սիմոնյանը ճիշտ էր: Երբ  պարտվում էինք 0-1 հաշվով, ես եւ Նիկոլայը կարծես փշերի վրա նստած լինեինք: Խաղի ավարտից մոտ 20 րոպե առաջ մենք մտանք խաղադաշտ: Իսկ մենք խաղադաշտ մտանք ինչպես «աննորմալ»-ը, այդ պահին պատրաստ էինք տալ ամեն ինչ հաղթելու համար: Գուցե անհամեստ կհնչի, բայց իմ կարծիքով, մենք կարողացանք բեկել խաղի ընթացքը: Հակագրոհները հաջորդում էին մեկը մյուսին` մեկ, երկու, երեք, եւ գրավեցինք մրցակցի դարպասը: Եթե մեզ չհաջողվեր գավաթին տիրանալ, վստահ չեմ, որ առաջնության առաջատարը եւս մենք կլինեինք:  

- Ձեր կարծիքով, ովքեր էին «Արարատ»-ին «տանում» իրենց ուսերին:

- Բոլորս էինք խաղում հաղթանակի համար: Հետաքրքիրն այն է, որ հիմա նայելով «Բարսելոնա»-ի խաղերը, ես հիշում եմ մեր խաղը, համեմատում: Մենք այն ժամանակ խաղում էինք այնպես, ինչպես այժմ «Բարսելոնա» է: Մենք էլ համահունչ ու սահուն կերպով զարգացնում էինք, թե պաշտպանությունը եւ թե հարձակումը: Հարձակման գծում մրցակցի տուգանային հրապարակ էին ներխուժում Լեւոնն Իշտոյանն ու Նիկոլայ Ղազարյանը: Նույնիսկ պաշտպանը` Նորիկ Մեսրոպյանն էր հասնում հարձակման գիծ: Էլ չեմ էլ խոսում կիսապաշտպանության մասին: Հենց կիսապաշտպանություն էր մեր ոսկե օղակը: Տեխնիկապես անգերազանցելի էր Էդուարդ Մարկարովը: Մեր տղաները` Զանազանյանը, Անդրեասյանը, Բոնդարենկոն, նաեւ ես իսկապես մեծ աշխատանք էինք տանում խաղադաշտում: Հարձակվելիս օգնում էինք հարձակվողներին, պաշտպանվելիս` պաշտպաններին: Անդրեասյանը հրաշալի էր տեսնում խաղադաշտը, Բոնդարենկոնի հարվածներն այնքան ուժեղ էին, որ ժողովրդի մեծ տարածվել էր «հավլաբարից գոլ խփեց» արտահայտությունը: Դարպասապահի` Ալյոշա Աբրահամյանի հստակության եւ  ճարպկության մասին խոսելն արդեն ավելորդ է: Մենք լրացնում էինք մեկս մյուսին, եւ մեզ համար էր ասված` «Մեկը բոլորի, բոլորը` մեկի համար»:       

- Հիմա Ձեր գլխավորությամբ գործում է վետերանների միությունը: Ինչպիսին է ձեր առօրյան:  

- Երբ ակումբը դեռ չկար, դարձյալ տղաներով հավաքվում էինք: Սակայն մի տեսակ միասնական չէինք, առիթից-առիթ էինք իրար տեսնում: Տղաների հետ որոշեցինք ստեղծել մի ակումբ, որտեղ կհավաքվեն նրանք, ովքեր հեռանում են ֆուտբոլից: Վերջին հինգ տարում մեզ հաջողվել է ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Մենք փորձում ենք ամեն կերպ աջակցել անկախ Հայաստանի ֆուտբոլի զարգացմանը: Մենք նրանց համար կենդանի օրինակ ենք: Բացի դրանից, հանդիպումներ ենք կազմակերպել Թեհրանում, Մոսկվայում, Սոչիում, Թբիլիսում: Շատ հաճախ հանդիպումները մենք կազմակերպում ենք բոլորիս հաշվին: Պարզապես ծանր է, երբ թողնում ես սիրելի զբաղմունքդ եւ դժվար է «ուրիշ» կյանքի վերադառնալ: Ակումբում ունենք հարմարավետ պայմաններ: Միասին երբեմն խաղեր ենք նայում, քննարկում ենք: Անպայմանորեն հոկտեմբերի 12-ին միշտ հավաքվում ենք, միասին լինում:

- Ինչով եք այժմ զբաղված: Կապը մնացել է ֆուտբոլի հետ:

- Երբ Սանկտ Պետերբուրգից վերադարձա Հայաստան, այստեղ ավարտեցի նաեւ համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ֆուտբոլից հեռանալուց հետո շարունակեցի երկրորդ մասնագիտությամբ աշխատել: Հիմա ավելի քան 33 տարի է, աշխատում եմ այդ բնագավառում: Հիմա աշխատում եմ վերահսկիչ պալատում: Մի քանի տարի աշխատել եմ  նաեւ դատախազությունում: Չնայած այդ համակարգում եմ աշխատել, բայց ոչ մեկը ինձանից նեղացած չի հեռացել (ծիծաղում է): Բայց միեւնույնն է, երբեք ֆուտբոլը մտքիցս չեմ հանել: Ֆուտբոլն այժմ մեզ համար, կարծես, մի յուրօրինակ խթանիչ է, որը եւ ուժ է տալիս, եւ ուրախություն պարգեւում: Իհարկե, ֆուտբոլային կարգապահությունն ու խստությունն իր ազդեցությունն ունեցավ հետագա աշխատանքային հաջողություններիս վրա:      

- Ընտանիքում  ֆուտբոլային ճանապարհը շարունակող ունեք:

- Ես ունեմ երկու աղջիկ եւ մեկ տղա: Հինգ թոռնիկների պապիկ եմ: Միակ տղաս` Տիգրանը, մի շրջան զբաղվեց ֆուտբոլով, սակայն հետո ես արգելեցի նրան:

-Ինչու:

- Հիմա ասեմ ինչու: Մի անգամ գալիս եմ տուն ու տեսնում, որ Տիգրանը պարապմունքների ժամին տանն է, մարզումների չի գնացել, երկրորդ անգամ, երրորդ: Ինչու չես գնում, հարցնում եմ, ասում է` անձրեւ է, ցուրտ է, այս է, այն է: Ահա այդ ժամանակ որոշեցի եւ արգելեցի նրան ֆուտբոլով զբաղվել: Ես այն կարծիքին եմ, որ ֆուտբոլն այն մարզաձեւը չէ, որ անձեւանոցով խաղաս, կամ էլ միայն արեւոտ օրերին: Պետք է նվիրվել մինչեւ վերջին կաթիլը: Հիմա ինքն էլ ինձ նման դատախազության հետ է կապված, քննիչ է: 

-Իսկ ինչ կարծիքի է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստը հայկական ֆուտբոլի այսօրվա մասին:

- Ամենացավոտ հարցն եք տալիս: Ազգային հավաքականի տղաներրը մի քանի հրաշալի հանդիպում անցկացրին: Իսկ ինչ վերաբերում է ընտրանու վերջին խաղերին, տղաները կարծես թույլ խաղացին: Չխաղացին իրենց հնարավորությունների չափ: Ցավոք սրտի, կորցրեցին շատ լավ հնարավորություն դուրս գալ աշխարհի առաջնության հաջորդ փուլ: Բայց հնավորություններ դեռ կան: Կարծում եմ, մի քանիսը չեն կարող ամեն ինչ անել: Բոլորը պետք է նվիրվեն: Առավել եւս, երբ այժմ ունենք լավ ֆուտբոլիստներ: Վարդան Մինասյանն էլ բավական լավ մասնագետը է: Իսկ ազգային թիմից զատ, մեծ սիրով նայում եմ անգլիական ֆուտբոլը, հատկապես` «Մանչեստեր Յունայթեդ»-ի եւ «Մանչեստեր Սիթի»-ի խաղերը:

Սերգեյ Պողոսյանի հիշողությունները երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը

Լուսանկարները` «Արմենպրես»-ի արխիվից եւ Սամվել Բերքիբեկյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]