Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդագիրը ստացել է Շոտլանդիայի խորհրդարանի մեծամասնության աջակցությունը

3 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդագիրը ստացել է Շոտլանդիայի խորհրդարանի մեծամասնության աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին միջնորդագիրը ստացել է Շոտլանդիայի խորհրդարանի մեծամասնության աջակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Novelles d`Armenie-ն, միջնորդագրի տակ ստորագրել են Շոտլանդիայի խորհրդարանի մեծամասնությունը` 129 պատգամավորներից 65-ը, որոնք ներկայացնում են քաղաքական բոլոր ուժերը:Միջնորդագիրը ներկայացրել է Էդինբուրգից ընտրված պատգամավոր Մարկո Բիագին:

Միջնորդագրում մասնավորապես նշված է. «Խորհրդարանը փաստում է, որ ապրիլի 24-ին լրանում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կողմից հայ մտավորականների ձերբակալության տարելիցը: Այն ընդհանուր առմամբ համարվում է հարկադիր վտարման և տեղահանումների սկիզբը, որը հանգեցրել է հարյուր հազարավոր հայերի մահվան: 1915-ի իրադարաձությունները կրել են ութ տարի շարունակվող համակարգված ցեղասպանության բնույթ: Մենք գտնում ենք, որ բոլոր ազգերը պետք է հարգեն Հայոց ցեղասպանության ողբերգությունը, բոլոր նրանց, ովքեր եղել են Հայոց ցեղասպանության զոհը: Շոտլանդիայի խորհրդարանը ճանաչում է այս և բոլոր մյուս ցեղասպանությունները և նշում, որ երբեք չպետք է դրանք կրկնվեն աշխարհի որևէ մասում»:

Մեկնաբանելով այս միջնորդագիրը` շոտլանդահայ գիտնական Հակոբ Բեդոսը, ում նախնիները Հայոց ցեղասանության զոհ են դարձել, նշել է. «Սա շատ կարևոր քայլ է, որ Շոտլանդիայի խորհրդարանի մեծամասնությունը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը: Բազմաթիվ երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և ես գոհ եմ, որ Շոտլանդիայի խորհրդարանն իր այս խորհրդանշական քայլով միանում է նրանց»:Բեդոսի խոսքով` Հայոց ցեղասպանության հիշատակի միջնորդագրին կողմ հանդես եկած պատգամավորներն այդ քայլով ոչ միայն ամրապնդեցին Շոտլանդիայում խղճի ազատությունը, այլև դեմ հանդես եկան բոլոր ցեղասպանություններին ու ընդգծեցին խաղաղության և հաշտության անհրաժեշտությունը:

Միջազգային իրավաբան, ԵՄ խորհրդատու դոկտոր Հարրի Հակոբյանը նշել է. «Այն, որ Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորի կեսից ավելին կողմ է արտահայտվել միջնորդագրին` նշանակում է, որ Շոտլանդիայի խորհրդարանը գնալով ավելի զգայուն է դառնում Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ: Հայոց ցեղասպանության տարելիցն արտացոլում է բոլոր ժողովուրդների և ազգերի ցեղասպանությունների անցյալը»:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Նրան հետեւել են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Լիբանանը, Արգենտինան (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում