Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բանակցություններ են տարվում, որպեսզի ռուսական կողմը ևս մասնակցի գազի գնի սուբսիդավորմանը

 Բանակցություններ են տարվում, որպեսզի ռուսական կողմը ևս 
մասնակցի գազի գնի սուբսիդավորմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը շարունակում է բանակցությունները «Գազպրոմ»-ի հետ` գազի գինը հնարավորինս մեղմելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին մայիսի 23-ին ՀՀ Ազգային Ժողովում գազի գնի շուրջ անցկացվող քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Գազի սակագնի բարձրացման քննարկմանը բացի պատգամավորներից մասնակցում են նաև ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ կառավարության այլ անդամներ:

Ըստ Մովսիսյանի, այն գինը, որը բանակցությունների սկզբում թելադրում էր ռուսական կողմը, բավական բարձր է եղել: «Այն տարածաշրջանի երկրների համեմատ բարձր չէր, սակայն Հայաստանի տնտեսության համար բավական բարձր էր: Բանակցությունները շարունակվում են, ամենայն հավանականությամբ խնդիրը կլուծվի այնպես, որ մեր բյուջեի վրա լրացուցիչ բեռ չավելանա»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով`անընդհատ հարց է հնչում՝ արդյոք մեր երկիրը չի կարող իրանական գազատարն օգտագործել որպես այլընտրանքային և գազը ներկրել Իրանից: «Հայտարարում եմ, որ Իրան-Հայաստան գազատարի տրամաչափը հնարավորություն է տալիս տարեկան 2.3-2.4 մլրդ խմ գազ ներկրել, այն դեպքում, երբ մեր տարեկան պահանջարկի ծավալը կազմում է 1.7 մլրդ խմ»,- հայտարարեց նախարարը` ավելացնելով, որ գազատարն ամբողջովին հնարավորություն է տալիս բավարարել Հայաստանի ներքին պահանջարկը ու դեռ մի բան էլ ավելի: Սակայն, միաժամանակ, նախարարի տեղեկացմամբ, Իրանն այսօր բավականին բարձր՝ 335 դոլարով է գազը վաճառում Թուրքիային, հաջորդ տարի այդ գինը կհասնի 440 դոլարի, հետևաբար դժվար է ակնկալել, որ Իրանը մեր երկրին ռուսականից ցածր գնով գազ կմատակարարի: Արմեն Մովսիսյանի կարծիքով` իրանական գազը ռուսականին այլընտրանք դիտարկել հնարավոր չէ:

«Միակ տարբերակը ռուսական գազ ստանալն է, պայմանով, որ ռուսական կողմը մասնակցի գազի գնի սուբսիդավորմանն այնպես, որ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չառաջանան: Ներկայում այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ ՀՀ կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորումը կատարվելու է սահմանի վրա, իսկ սոցիալապես անապահովների համար այն սուբսիդավորվելու է առանձին:

Ի դեպ` մի խումբ հասարակական կազմակերպություններ ու ակտիվիստներ գազի թանկացման դեմ բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի մուտքի մոտ:

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտվել է գազի նոր սակագնի վերաբերյալ ամբողջական վերանայումները, որոնց արդյունքում նախնական որոշում է կայացվել 1 խորանարդ մետր գազի դիմաց որպես նոր գին սահմանել 156 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Սպասվում է, որ էլեկտրաէներգիան կթանկանա մոտավորապես 7-8 դրամով:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Առաջարկվում էր ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` գործող սակագինը 132 000 դրամ, դարձնել 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ: Հանձնաժողովն սկսել է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որի համաձայն` ՀՀ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]