Նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից նախատեսվում է դարձնել 45 հազար դրամ. ՀՀ վարչապետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում հաշվարկներ են ընթանում աշխատավարձի բարձրացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովի մայիսի 20-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Այսօր մենք հաշվարկներ ենք իրականացնում և կներկայացնենք մի փաստաթուղթ, որում ամրագրված կլինեն քաղաքական մոտեցումները աշխատավարձի բնագավառում: Առաջինն այն է, որ մենք մտադիր ենք ձեր դատին ներկայացնել աշխատավարձների միասնական սանդղակ»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով` դա ենթադրում է համաձայնության գալ տարբեր ճյուղերի միջև աշխատավարձների համամասնությունների վերաբերյալ` օրենսդիր, գործադիր, դատական: «Կոնսենսուսի շնորհիվ մենք կկարողանանք հինգ տարիների ընթացքում աշխատավարձի հետ կապվածավելի հստակ քաղաքականություն իրականացնել Հայաստանում»,- ասաց Սարգսյանը:
Վարչապետի տեղեկացմամբ` մտադիր են ավելի արագ տեմպերով բարձրացնել նվազագույն աշխատավարձը: «Մենք այս պահի դրությամբ հաշվարկներ ենք իրականացնում, որպեսզի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը հասցնենք 45 հազար դրամի: Դա բավական լուրջ փոփոխություն է, և շուրջ երեսուն տոկոսով բարձրացում ենք նախատեսում»,- ընդգծեց նա:
2013 թ-ի հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը ամսական 35 հազար դրամ է: