Սանկտ Պետերբուրգում Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ է կայացել
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ հասարակությունը Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում մայիսի 1-ին կազմակերպել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110- ամյակին նվիրված համերգ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգից առաջ բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը: Սանկտ-Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր՝ Ալեքսանդր Տիտով) կատարել է Արամ Խաչատրյանի թավջութակի կոնցերտը (մենակատար` Դմիտրի Կոուզով): Հնչել են նաեւ հատվածներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներց:
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ եւ դիվանագետներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում