Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Հովնանյան բարեգործական հիմնադրամը ՀՀ-ում տարբեր ծրագրերի համար կնվիրաբերի ավելի քան կես մլրդ

Հովնանյան բարեգործական հիմնադրամը ՀՀ-ում տարբեր ծրագրերի համար 
կնվիրաբերի ավելի քան կես մլրդ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովնանյան Հիմնադրամը պատրաստվում է Հայաստանում բարեգործական ծրագրերի համար նվիրաբերել ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլար` այդպիսով դառնալով ՀՀ պատմության մեջ ամենամեծ մասնավոր հիմնադրամը: Հովնանյանների հինգ զավակներից և նրանց երեք ավագ թոռներից կազմված հիմնադրամի խորհուրդը փոխանցված գումարից տարեկան պետք է բաշխի 25 միլիոն դոլար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, Հովնանյանի բոլոր հինգ զավակները` Սիրանը, Էդիլը, Տանյան, Լիլան և Արմենը, ում վստահված է Հիմնադրամի միջոցների բաշխումը, տարբեր հանձնաժողովների և համազգային խնդիրներն ուսումնասիրող խոշոր խմբերի միջոցով կբացահայտեն կարևորագույն խնդիրները ու կհետևեն, որ յուրաքանչյուր նվիրաբերված դոլարը խոհեմաբար ծախսվի: առաջիկա տարիներին, Հիմնադրամը նպատակ ունի ընտրել համայնքների ղեկավարների և, ելնելով վերջիններիս գաղափարներից, մշակել մոտեցումներ նրանց առաջ քաշած ծրագրերը հնարավորին չափ արդյունավետ իրագործելու համար:

Հրայր Հովնանյանը հայտնի է որպես մեծահասակների համար անհատական հողամասերի վրա կառուցված առանձնատներից բաղկացած խոշոր համայնքների ստեղծման գաղափարի ներմուծողներից մեկը:

Մինչ օրս Հրայր Հովնանյանի բարեգործական ներդրումները գերազանցել են 50 միլիոն դոլարը: 1988թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Հրայր Հովնանյանն առաջին ԱՄՆ քաղաքացիներից էր, ով անձամբ եկավ աղետի գոտի և Հայկական Համագումարի անունից Գյումրիում կառուցեց չորս գործարան, որոնք երկրաշարժից տուժածների համար արտադրում էին բնակարանների կառուցման անհրաժեշտ բաղադրիչներ` բետոնե բլոկներ, դռներ, պատուհաններ և այլն: Նա ամբողջությամբ կոորդինացնում էր գործարանների կառուցման ահռելի գործընթացը` մինչև իսկ անձամբ ղեկավարելով հավաքովի գործարանային շինվածքների բարձումը սովետական բեռնային ինքնաթիռների վրա: Նա շարունակ ճանապարհորդում էր Հայաստան, որպեսզի ապահովեր գործարանների հաջող շահագործումն ու ներդրված յուրաքանչյուր դոլարի առավելագույն արդյունավետությունը: Այդ գործարաններն աշխատում են մինչ օրս:

1972թ. մի շարք այլ հիմնադիրների հետ միասին նա ստեղծել է Ամերիկայի Հայկական Համագումարը և ներկայում այդ կառույցի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հրայրը նաև 90-ականների սկզբներին ստեղծված Հայաստան Համահայկական Հիմնադրամի հիմնադիր անդամներից է և 1997թ. ստեղծված ՀԱԻ-ի` Հայկական Ազգային Ինստիտուտի հիմնադիրը (ANI): Հովնանյան բարեգործական հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1986թ.: Այն ֆինանսավորում է կրթական, հոգևոր, գիտական, գրական և այլ ուղղություններով ծրագրեր:

Հովնանյան բարեգործական հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1986թ.: Այն ֆինանսավորում է կրթական, հոգևոր, գիտական, գրական և այլ ուղղություններով ծրագրեր: Հիմնադրամը գրասենյակներ ունի թե Նյու Ջերսիում և թե Երևանում: Ներկայում հիմնադրամը բարեգործական նպատակներով բաշխում է տարեկան 3 միլիոն ԱՄՆ դոլար ամբողջ աշխարհում և հանձնառություններ ունի 2013թ. համար:

Ներկայում Հրայր Հովնանյանը Երևանի կենտրոնում կառուցում է եկեղեցի ի պատիվ իր տիկնոջ` Աննայի, և հայրապետական նստավայր: Նախագծի նախնական արժեքը 5 միլիոն դոլար է:

Վերջերս Հովնանյանը ավելացրել է նաև ԱՄՆ Վիլանովայի համալսարանին տրվող նվիրատվությունը` հասցնելով այն 1,7 միլիոն դոլարի և բարձրացնելով Հովնանյանի անվան կրթաթոշակը, որը կարող են ստանալ հայկական ծագումով բոլոր ուսանողները:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ