Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վլադիմիր քաղաքում բացվել է Հայոց Մեծ եղեռնին նվիրված խաչքար

Վլադիմիր քաղաքում բացվել է Հայոց Մեծ եղեռնին նվիրված խաչքար

ՎԼԱԴԻՄԻՐ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքի կիսակառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Հայ ազգային միությունը մշակութային համայնքի հետ համատեղ ապրիլի 24-ին կազմակերպել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Ազգային Միության լրատվական բաժնից, միջոցառման սկզբում տեղի է ունեցել Հայոց մեծ եղեռնին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Խաչքարի հովանավորությունը ստանձնել է Հայ Ազգային համայնքի ղեկավարի օգնական Ստեփան Սարգսյանը, խաչքարը փորագրել է Հակոբ Մուրադյանը:

Վլադիմիր քաղաքի Հայ Ազգային Միության նախագահ Սերգեյ Յաժանն իր ելույթում նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Նա ընդգծել է նաեւ համայն հայության այդ օրվա միասնականության և հատկապես երիտասարդության կարեւորության մասին:

Ելույթ են ունեցել Վլադիմիրսկի մարզի եկեղեցական խորհրդի նախագահ Ռազմիկ Բլիկյանը, Կավրով քաղաքի մասնաճյուղի նախագահ Պավլիկ Իվանյանը, Վլադիմիր քաղաքի Հուշարձանների կոմիտեի անդամ Մոլկոնովա Օլգա Իվանովնան եւ այլք: Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կայացել է մոմավառություն եւ ծաղկադրման արարողություն, որին հաջորդել է լռության րոպե` լուռ աղոթք, որի ընթացքում մասնակիցների ձեռքում վառվել են 98 մոմեր:

Ներկաներին ցուցադրվել են Վլադիմիրի Հայկական Երիտասարդական Միության կողմից պատրաստված պաստառներ եւ վավերագրական ստենդ` նվիրված Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի անցյալին, ապագային եւ ներկային: Փակման խոսքով հանդես է եկել «Հայ-Լուս-Տան» ղեկավար Գայանե Գեւորգյանը, ով իր ելույթում հանգամանալից անդրադարձել է Ցեղասպանության դրդապատճառներին, ականատեսների հուշագրերին ու հիշողություններին, ինչպես նաեւ արդի շրջանում այդ ոճրի դատապարտմանն ուղղված համազգային քայլերին: Հայ Ազգային Միության հովանու ներքո գործող «Հայ-Լուս-Տան» սաները ուսուցիչների եւ ծնողների հետ համատեղ կարդացել են տողեր «Անլռելի զանգակատուն» պոեմից:

Օրվա կարգախոսն էր «Բոլոր այն մոմերը, որոնք այսօր վառվեցին` 2015 թ-ին թող վառվեն Արեւմտյան Հայաստանում, որպես լույսի, հույսի եւ ազատագրման խորհրդանշան»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]