Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հետահայաց. Վլադիմիր Իլյիչ Լենինի կերպարը շարունակում է տարբեր հուշեր արթնացնել

Հետահայաց.  Վլադիմիր Իլյիչ Լենինի կերպարը շարունակում է տարբեր 
հուշեր արթնացնել

Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է Վլադիմիր Իլյիչ Լենինին` մասնավորապես նրա ծննդյան օրվան: Լենին պապիկը ծնվել է ապրիլի 22-ին եւ այսօր նա կդառնար 143 տարեկան: Գուցե նրա մասին այսօր երեխաները շատ բան չգիտեն, գուցե միայն անունն է նրանց ծանոթ, սակայն նախորդ սերունդները նրան վստահաբար լավ են հիշում: Լենինը ռուս քաղաքական եւ պետական գործիչ էր, մարքսիզմի տեսաբան, աշխարհում առաջին սոցիալիստական հեղափոխության առաջնորդը եւ առաջին բանվորագյուղացիական պետության (1917–22 թթ-ին` Խորհրդային Ռուսաստան, 1922–24 թթ-ին` Խորհրդային Միություն) հիմնադիր-ղեկավարը:


Խորհրդային մամուլը էջեր էր նվիրում Լենինի մասին երկարաշունչ հոդվածներին 

Ապրիլի 22-ը խորհրդային մամուլի համար դառնում էր առանձնահատուկ տոն: Թերթերի առաջին էջերում անպայմանորեն անդրադարձ կար Լենինի ծննդյան օրվան: Նման վերտառությամբ բազմաթիվ եւ բազմապիսի երկարաշունչ հոդվածներ էին գրվում` «Լենինի գաղափարներն անմահ են», «Հավերժության ուղեկիցը», փորձ էր կատարվում հասկանալ եւ ձեւակերպել լենինյան գաղափարների մարմնավորումը: Նրան նվիրված բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ, պոեմներ էին գրվում: Այդ շրջանում տպագրված գրեթե բոլոր գրքերը նվիրվում էին նրան. դա էր ժամանակի պահանջը:

Շատերի հիշողության մեջ Լենինը դրոշմված է որպես հեղափոխական գործիչ, ոմանք հիշում են նրա կատարած հեղափոխությունը, իսկ շատերն էլ ուղղակի չեն կարողանում մոռանալ նրան` իրենց ծնողների, արդեն ստալինյան ճամբարներում «մաշված» եւ «լղոզված» ճակատագրերի պատճառով:

«Հայ ժողովուրդն այժմ էլ ամբողջությամբ հետեւում է լենինյան գաղափարներին` որոշ մասը իր մտքում, որոշ մասը` բարձրաձայն». Ռուբեն Թովմասյան

Լենինյան գաղափարները այսօր էլ ակտուալ են քաղաքագիտական դասակարգմամբ, ձախակողմյան գաղափարախոսություն դավանող կուսակցությունների համար: Հայաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները փորձում են հնարավորության սահմաններում տարածել դրանք, հիշեցնել դրանց գոյության մասին: Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն այն կարծիքին է, որ Լենինի մասին կարելի է խոսել ժամերով, օրերով, նույնիսկ` տարիներով, սակայն «Արմենպրես»-ի հետ զրույցում փորձում է համառոտ լինել: «Լենինն այն անձնավորությունն էր, որ պատմության մեջ թողեց մի հետք, որը պատկանում է ամբողջ ժողովրդին: Նա պրոլետարիատի առաջնորդն էր, առաջինն էր, ով զարգացրեց Մարքսի ուսմունքը եւ ստեղծեց Սովետական միությունը, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը եւ բանվորագյուղացիական պետությունը:

Նրա փոխանցած ամենամեծ դասն այն էր, որ Լենինը կարողացավ բանվոր դասակարգին ազատագրել ճնշումից, շահագործումից: Նա կարողացավ պտտեցնել ամբողջ պատմության անիվը եւ ստեղծել բանվորագյուղացիական այդ հզոր գիտությունը»,- Լենինի կատարած քայլերը հպարտությամբ թվարկում է Ռուբեն Թովմասյանը:

Այն հարցին, թե երբվանից է սկսել հետեւել լենինյան գաղափարախոսությանը` Ռուբեն Թովմասյանը հիեցնում է մի ժամանակաշրջան, որն իր բոլոր սերնդակիցներն են հիշում: «Ես ավարտել եմ սովետական դպրոցը, իսկ դա նշանակում էր, որ այնտեղ կային լենինյան ակյուններ, ջոկատներ, որոնք կոչվում էին Լենինի անունով: Լենինը բոլորիս հետ էր, բոլորիս մեջ էր»,- նշեց նա:

Ռուբեն Թովմասյանն ուրախությամբ է հիշում Լենինին ձոնված բանաստեղծությունները, երգերը, որոնք գիտե անգիր եւ խոսքի ընթացքում մեջբերումներ է անում:  «Լենինը ծառայել է մարդկությանը, ստեղծել է այնպիսի գաղափարախոսություն, որը ծառայում էր բանվորին, գյուղացուն, առաջավոր երիտասարդությանը»,- ընդգծում է նա` անկեղծ հավատալով, որ պատմության փոշին կամ որեւէ հասարակարգ լենինյան կերպարը խամրեցնել չի կարող: Եթե հնարավորություն ունենար Ռուբեն Թովմասյանը շնորհավորելու Լենինին ծննդյան օրվա կապակցությամբ, ապա միանշանակ գլուխ կխոնարհեր նրա առջեւ եւ շնորհակալություն կհայտներ ամբողջ աշխարհի բանվոր դասակարգի, ամբողջ աշխարհի գյուղացու անունից այն բանի համար, որ վերջինս կարողացել էր ստեղծել հիանալի պետություն:

Ընկեր Թովմասյանը նաեւ հիշեցրեց, որ Լենինին շրջապատել էին հայ ժողովրդի զավակներից շատերը` Շահումյան, Մյասնիկյան, Կամո, Բոգդան Գնունյանց, Լալայան:  

Այն հարցին, թե քանիսն են այժմ Հայաստանում լենինյան գաղափարների կրողները, Ռուբեն Թովմասյանը պատասխանում է. «Ինձ թվում է հայ ժողովուրդն այժմ էլ ամբողջությամբ հետեւում է Լենինյան գաղափարներին` որոշ մասը իր մտքում, որոշ մասը` բարձրաձայն»:

 

«Լենինն արյան մեջ խեղդեց իր հակառակորդներին: Լենինիզմը արյունոտ էր». ԽՍՀՄ քաղբանտարկյալ Ազատ Արշակյան

ԽՍՀՄ քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այլ կերպ է հիշում Լենինին: Նրա կարծիքով` Լենինի իրականացրած հեղափոխությունը մեծ դաս էր մյուս հեղափոխականների համար, որ այդպես չի կարելի: «Այդ հեղափոխության հիիմքում այն մոդելն էր ընկած, որ ֆիզիկապես թույլատրվում էր ոչնչացնել դասակարգային հակառակորդներին, իսկ ամբողջ դասակարգ ոչնչացնելը կատաստրոֆա է: Լենինի հեղափոխությունն արյունալի էր»,- նշեց նա` հիշեցնելով, որ հայտնի էին հոգեւորականության գնդակահարության դեպքերը, կալվածատերերի գնդակահարությունը, ազնվականների: «Նա արյան մեջ խեղդեց իր հակառակորդներին: Լենինիզմը արյունոտ էր»,- ընդգծեց Ազատ Արշակյանը:

Անդրադառնալով այն մտքին, ըստ որի` Լենինի գաղափարներն այսօր էլ արդիական են` Ազատ Արշակյանը հիշեցրեց, որ արդարության եւ հավասարաության գաղափարը Լենինը չի հնարել, բացի դրանից էլ` Սովետական միությունում հավասարություն, արդարություն եւ եղբայրություն այդպես էլ չեղավ, այլ տեղի ունեցավ հակամարտություն: Պայքարը տանում էր մինչեւ ոչնչացում, իսկ այդ դեպքում ուր մնաց եղբայրությունը: «Իսկ ընդհանրապես արդարությունը եւ հավասարությունը հիմա էլ այժմեական են: Մարդկության նպատակը, երազանքը հենց դա է»,- նշեց նա:

Լենինը ԽՍՀՄ մահից հետո չի կարողանում իր «տեղը գտնել»

Լենինը ԽՍՀՄ վախճանից հետո կարծես թե չի կարողանում իր «տեղը գտնել»: Նրա դին դեռեւս հողին հանձնված չէ եւ գտնվում է դամբարանում: Շարունակվում են քննարկումները, թե այս հարցը ինչ հանգուցալուծում պետք է ունենա: Շատերը կարծում են, որ Լենինի մարմինն այդ վիճակում թողնելը անհարիր է, եւ պետք է հողին հանձնել: Իսկ դամբարանն էլ հետագայում կարող է դառնալ Խորհրդային պատմության թանգարան:

Այնուամենայնիվ, Ռուբեն Թովմասյանի կարծիքով` այդ հարցը բարձրացնելու համար պետք է ունենալ նորածնի մաքուր ձեռքեր: «Ինչպես Ռուսաստանի պրոլետարիատը, այնպես էլ հայ ժողովուրդը թույլ չեն տա, որ դիպչեն նրա կերպարին»,- ասաց նա` հիշեցնելով, որ Հայաստանում երկու տարի առաջ անցկացված հարցումը ցույց է տվել, որ հայ հարցվածների 63 տոկոսը քվեարկել է դին դուրս չբերելու օգտին, որովհետեւ Լենինը պատկանում է ամբողջ մարդկությանը: «Ես գտնում եմ, որ նա հավերժ պետք է մնա դամբարանում, որպեսզի համաշխարհային սերունդը գա եւ իր հարգանքը մատուցի»,- նշեց նա:  

Հանրապետության հրապարակից հանվեց Լենինի արձանը. դրա առնչությամբ կարծիքները տարբեր են

Թեման արդիական դարձավ նաեւ վերջերս, քանի որ ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն իր էջում ներկայացրել էր իր իսկ կողմից 22 տարի առաջ կատարված կադրեր: 

Սարգսյանը գրառում էր կատարել. «Հարգելի բարեկամներ, օրեր առաջ իմ անձնական արխիվում գտա բավականին հետաքրքիր վիդեո կադրեր, որոնք ինքս եմ նկարել շուրջ 22 տարի առաջ հենց այս օրը: 1991թ. ապրիլի 13-ին, այն ժամանակվա Լենինի հրապարակից ապամոնտաժվեց և հանվեց Լենինի արձանը: Նկարահանումը կատարել եմ հենց այն աշխատասենյակից, որտեղ այսօր աշխատում եմ: Իսկ այդ օրերին այստեղ աշխատում էր ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Այս պատմական կադրերը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը»:

Ռուբեն Թովմասյանի կարծիքով`անցյալի վրա ստվեր գցելու փորձի պատճառով էր, որ շատ տեղերից հանվեցին նրա արձանները, կիսանդրիները, այդ թվում նաեւ Հայաստանից: «Հայաստանի ամբողջ ճարտարապետական միտքը չի գտնում մի լուծում, որը կլրացնի ամբողջ հրապարակի համալիրը»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում Լենինի արձանը դեռեւս պահպանվում է Եղեգնաձորի շրջանում, իսկ կիսանդրին` Էջմիածնի գյուղերից մեկում:

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարը ներկա է եղել արձանի հանման օրը: «Ես բռունցքներս սեղմած հեռվից նայում էի, թե ինչպես էին երիտասարդները հանում այդ արձանը` զանազան պիտակներ կպցնելով: Գաղափարախոսությունը թող փոխեն, բայց դա համաշխարհային արժեք էր»,- ընդգծեց նա` հիշեցնելով, որ այդ օրը կային մարդիկ, ովքեր հիացած էին այդ քայլով, իսկ ոմանք էլ արցունքներ էին թափում աչքերից:

Այժմ արձանի` մարմնի հատվածը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի բակում, գլուխը` պահեստում: Արձանի ապամոնտաժման փաստի հետ կապված այլ կարծիք ունի Ազատ Արշակյանը, ով ներկա է եղել այդ ամենին եւ ուրախ էր այդ կապակցությամբ: «Ես կարծում եմ, որ մարդատյացության խորհրդանշանները հարկավոր է հեռացնել հասարակական վայրերից: Օրինակ, կառաջարկեի Երեւանից 100 կմ հեռու որեւէ տեղ պատրաստել արգելոց, որտեղ կտեղափոխվեին քաղաքացիական պատերազմի բոլոր հանցագործների արձանները: Թող դա էլ լինի պատմության բացասական սեւ էջի թանգարան: Անհրաժեշտ է ոչ թե ոչնչացնել, այլ ցույց տալ մարդկանց, որ այդպիսի արվեստ ու մշակույթ է եղել»,- նշեց նա:

Լենինի գրքերը պահվում են Ազգային գրադարանում. դրանցով դեռեւս հետաքրքրվում են

Հայաստանի ազգային գրադարանում պահվում են Լենինի բոլոր հրատարակությունները, նաեւ 5-րդ հրատարակությունը, որը բաղկացած է 54 հատորներից` ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն: Պահպանվում են նրա մասին մյուս աշխատությունները եւս: Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆայել Ղազարյանը հիշեցնում է` գրադարանի խնդիրը առանց գաղափարախոսությանը նայելու արժեքները պահպանելն է, քանի որ դա փիլիսոփայություն է, պատմություն, հասարակագիտություն: «Լինում են, իհարկե, ժամանակահատվածներ, երբ որոշ գրքեր արգելված են լինում, փակի տակ են պահվում: Սակայն հիմա որեւէ գիրք փակի տակ չէ եւ ընթերցողները հանգիստ կերպով կարող են ուսումնասիրել»,- նշեց նա: Գրադարանի փոխտնօրենի տեղեկացմամբ` հիմա էլ են ընթերցողներ գալիս եւ պատվիրում այդ աշխատությունները` իհարկե նախկինի պես շատ չէ, բայց պատվերներ լինում են:

Հնի եւ նորի միջեւ կապը կտավ Արուսիկ Զախարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]