Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահան Զանոյանի «Հեռավոր մի տեղ» վեպը պատմում է թրաֆիքինգի չարիքների եւ դրա դեմ պայքարի մասին

Վահան Զանոյանի «Հեռավոր մի տեղ» վեպը պատմում է թրաֆիքինգի 
չարիքների եւ դրա դեմ պայքարի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքահայ գրող, բանաստեղծ Վահան Զանոյանի` թրաֆիքինգի մասին պատմող «Հեռավոր մի տեղ» (A Place Far Away) անգլալեզու վեպի հայերեն տարբերակը լույս է տեսել ապրիլի 17-ին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զանոյանը պատմեց, որ թրաֆիքինգի նման բարդ թեմային անդրադաձել է առաջին անգամ:

«Երեք-չորս տարի առաջ  հյուրանոցի նախասրահում պատահաբար հանդիպեցի հայերեն խոսող մի աղջկա, մոտեցա, ասացի` «բարեւ, հայ եք», սկսեցինք խոսել, որի ընթացքում պարզեցի, որ աղջիկն իր կամքին հակառակ ներքաշվել է մարմնավաճառության «շուկայի» մեջ»,- պատմեց վեպի հեղինակը` դա էլ հիմք հանդիսացավ անդրադառնալ թեմային:

«Հեռավոր մի տեղ» վեպը պատմում է 16-ամյա գեղեցիկ մի աղջկա` Լարա Գալյանի մասին, ով ապրում էր Հայատանի աղքատ գյուղերից մեկում: Ներկայացված է, թե ինչպես էին նորանկախ երկրի քրեաօլիգախիկ համակարգի ներկայացուցիչներն օժտված աննախադեպ ուժով եւ օրենքին չենթարկվելու կարողությամբ: Հերոսներից Սերգեյ Այվազյանն առաջարկում է Լարայի հորը իր աղջկան ապահովել մոդելի հաջողակ կարիերայով արտասահմանում: Հայրը խստորեն մերժում է այդ առաջարկը, սակայն հետագայում հերոսուհու մայրն ընդունում է այն, ինչի հետեւանքով Լարան հայտնվում է Մոսկվայում, ապա` Դուբայում, որտեղից էլ եւ սկսում են ծավալվել վեպի իրադարձությունները:

Վեպի աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Մոսկվան, Ստամբուլը եւ Դուբայը 

Հեղինակի խոսքով` վեպի ստեղծման աշխատանքները տեւել են շուրջ մեկ ու կես տարի, որի ընթացքում նա իրականացրել է սեփական ուսումնասիրությունը` ծանոթանալու «սպիտակ ստրկության» զոհ դարձածների պատմություններին:

«Աղջիկների մեծ մասը կամավոր չեն դիմել մարմնավաճառությանը, այլ խաբվելով հազար ու մեկ խոստումներին` հայտնվել են օտար հողում: Նրանցից շատերը գեղեցիկ, մոդելային արտաքինով աղջիկներ են, որոնց տարբեր «հանցագործներ» ասել են` «ինչ ապագա պետք է ունենաք գյուղում, ձեր արտաքինով կարող եք աշխատել որպես մոդել» եւ շատ այլ նման պատմություններ»,- պատմում է գրողը:  


Նրա համոզմամբ` թրաֆիքինգին անդրադառնալու իր դրդապատճառներից մեկն այն էր, որ հայ հասարակության մեջ շատերը նախընտրում են չխոսել այս բարդ խնդրի մասին, մինչդեռ անտեսումը հանգեցնում է այդ բացասական երեւույթի զարգացմանը: Վեպի աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Մոսկվան, Ստամբուլը եւ Դուբայը, որտեղ հեղինակը մի քանի անգամ հանդիպել է թրաֆիքինգի ենթարկված կանանց հետ, երկար զրույցների արդյունքում ստանալով երեւույթի ամբողջական պատկերը:


Հեղինակը դիմել է մասնագիտական կերպարանափոխության հերոսուհիների հետ զրուցելու համար

«Հավատում եմ, որ այս պատմությունները բացահայտելով` մենք կկարողանանք երեւույթը մի քիչ զսպել, մանավանդ այն հանցագործներին, ովքեր այս գործի մեջ են»,- ասում  է Զանոյանը: Հեղինակը թեմայի շուրջ հայկական գրականության շատ չի հանդիպել, փոխարենն իրեն մեծապես օգնել է «Հետք» կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հայ կանանց վաճառքի մասին իրականացված «Անապատի գիշերներում» հոդվածաշարը եւ ֆիլմը: «Բավական շատ հանդիպումներ եւ հարցազրույցներ ունենալով կազմեցի  պատմությունը: «Անապատի գիշերներ» շարքին ծանոթանալուց հետո շատ բան սովորեցի, մասնավորապես` թե ինչպես կարելի է զրուցել այդ աղջիկների հետ, քանի որ ես մասնագիտությամբ լրագրող չեմ. եւ ինձ համար դա բավական բարդ էր»,- ասաց հեղինակը: Նա անկեղծացավ, որ անգամ եղել են հոգեբանական այնպիսի դժվար իրավիճակներ, երբ  ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը եւ միայն հետագայում ուժ գտել այն շարունակելու համար:

Զանոյանը թրաֆիքինգի ենթարկված կանանց պատմությանը ծանոթանալու համար դիմել է նաեւ «մասնագիտական կերպարանափոխության»` նեկայանալով սկզբում ոչ թե որպես գրող, այլ հենց այդ աղջիկների հերթական «հաճախորդը»: «Ես նրանց ներկայանում էի որպես հաճախորդ` փողը վճարելուց հետո ասելով, որ ցանկանում եմ իրենց պատմությունը լսել, շատերը չէին ցանկանում պատմել, որովհետեւ իրենց հայրենիքում ընտանիքը չգիտեր իրենց գործունեության մասին: Ոմանք վախենում էին, բայց ես նրանց վստահեցնում էի, որ բացարձակապես որեւէ տեղ իրենց պատմությունների մասին չեմ բացահայտելու, այլ զուտ իմ վեպի համար անհրաժեշտ մանրամասների եմ տեղեկանալու»,- նշեց Զանոյանը:

Վեպի հանգուցալուծումը  հուսադրող է 

Թրաֆիքինգի թեման ներկայացնելով` Զանոյանը որպես գրող եւ որպես մարդ, հասկացել է, որ առաջին հերթին թրաֆիքինգը հանցագործության ցանց է, սարդոստայն:

Նա մեծ ցանկություն ունի, որ իր վեպն ընթերցվի անգամ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում, որտեղ հաճախ հենց մարդկանց միամտությունն էլ հանգեցնում է թրաֆիքինգի ճիրաններում հայտնվելուն:

Գրողը նշում է, որ ոչ իրենց կամքով մարմնավաճառությամբ զբաղվող կանանցից շատերը մեծ ցանկություն ունեն հեռանալ այդ ոլորտից, սակայն դա դեռ նրանց տարբեր պատճառներով չի հաջողվում: Բարդ իրադարձությունների նկարագրությամբ ընթացող վեպի հանգուցալուծումը, հեղինակի հավաստմամբ, որքան էլ զարմանալի թվա, բայց հուսադրող է:

Առաջիկայում Զանոյանը ծրագրում է գրել նաեւ վեպի շարունակությունը: Նա կոչ է անում տարբեր երկրների ղեկավարություններին ոչ թե ուրանալ այս բացասական երեւույթը, այլեւ պայքարել դրա դեմ, իսկ պայքարի արդյունավետ տաբերակներից մեկն իրազեկումն է:

Հեղինակը մասնագիտական շրջանակներում բուռն քննարկումներից չի վախենում, փոխարենը ցանկանոմ է, որ իր ստեղծագործությունը լայնորեն քննարկվի: «Հույս ունեմ, որ ինչ-որ չափով վեպը կնպաստի դրական փոփոխության, եւ դրական տեղաշարժ կդիտարկվի, հակառակ դեպքում չէի գրի այս աշխատանքը»,- հավելեց Զանոյանը:  

Մոտ երկու ամիս առաջ ԱՄՆ-ում լույս տեսած գիրքն արդեն հասցրել է գրավել ընթերցողների ուշադրությունը Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ճապոնիայում եւ մի շարք այլ երկրներում: Գրքի հայերեն տարբերակը թարգմանել է Մարինե Պետրոսյանը, խմբագրել` Անի Փաշայանը: Մայիսի վերջին ակնկալվում է «Հեռավոր մի տեղ» վեպի հայաստանյան շնորհանդեսը:   

Զրուցեց Տաթեւիկ Գրիգորյանը

Լուսանկարները` Սամվել Բերքիբեքյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]