Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հետահայաց. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ. անելիքները շատ են, սպասելիքներն առավել շատ

Հետահայաց. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ. 
անելիքները շատ են, սպասելիքներն առավել շատ

Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ արված աշխատանքներին, առկա թերացումներին եւ սպասելիքներին: Թեմային անդրադառնալու օրը պատահականորեն չի ընտրված: Մի քանի օրից` ապրիլի 24-ին, կլրանա Մեծ եղեռնի 98-րդ տարելիցը, ինչն էլ արդեն հուշում է, որ 100-ամյակը «յոթ սարի հետեւում չէ»: Անելիքները շատ են, միջազգային հանրությունից սպասելիքները` եւս:  


«Սուտը եւ խաբեությունը թուրքերի ձեռքին ահագին հզոր զենք են»… 1990 թվական, Հայոց ցեղասպանության 75-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձերը տարբեր տարիներին բազմաթիվ ու բազմապիսի են եղել` սկսած միջազգային գիտաժողովներից, վավերագրերի եւ գեղարվեստական գրքերի տպագրություններից, տարբեր պետությունների արխիվների ուսումնասիրությունից, ինչպես նաեւ Եղեռնին նվիրված համերգների եւ ցուցահանդեսների կազմակերպումից: Դրանք միշտ էլ եղել են «Արմենպրես»-ի ուշադրության կենտրոնում եւ դիտակետում: Բերենք ընդամենը մեկ օրինակ: 1990 թվականի ապրիլի 17-ին կազմակերպվել է միջազգային գիտաժողով` նվիրված 1915 թվականի Մեծ եղեռնի 75-ամյակին: Գիտաժողովն անց է կացրել Հայաստանի գիտությունների ակադեմիան, որին մասնակցել են ակադեմիայի անդամներ, գիտական հիմնարկի ղեկավարներ, գիտնականներ Մոսկվայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, այլ երկրներից: Մասնակիցներն արձանագրել են. «Օսմանցի ցեղասպաններն իրենց մասին իզուր չեն ասում` «մեզ կարող են հաղթել ռազմադաշտում, բայց երբեք` դիվանագիտական սեղանի շուրջը կամ գաղափարախոսութան բնագավառում»: Իրոք, սուտը եւ խաբեությունը նրանց ձեռքին ահագին հզոր զենք են»: Սա մոռանալ չի կարելի եւ շարունակաբար հաշվի առնելով` պետք է առաջ շարժվել:

Լուսանկարը` 1995թ.

«2015-ին շատ բան չի ավարտվում, այլ սկսվում է: 2015-ին զուտ էստաֆետ կփոխանցվի հաջորդ սերնդին». Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին աշխարհին ճշմարտությունը ներկայացնելու նոր մեխանիզմներ են մշակվում: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով, ստեղծվել է պետական հանձնաժողով եւ հաստատվել է հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է:                 Այն, որ մինչեւ 100-ամյակն անելիքները շատ են, փաստում է նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով` Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցի հետ կապված շատ-շատ միջոցառումներ պետք է ծրագրվեն եւ իրականացվեն համապատասխան մակարդակով, իսկ դա նշանակում է, որ պետք է մանրամասն կազմակերպչական աշխատանքներ իրականացնել, որոնց շարքին են դասվում թանգարանի հիմնանորոգումն ու նոր մասնաշենքի կառուցումը, նոր թանգարանային ցուցադրությունը, ֆիլմերի պատրաստումը, ցուցադրությունների նախապատրաստումը: «Սրանք երկարատեւ աշխատանք են պահանջում, որ մեկ, երկու, նույնիսկ երեք տարվա ընթացքում դժվար է հասցնել: Մենք ուզում ենք որակապես եւ կոնցեպտուալ առումով նորույթ, ոչ թե այն, ինչ բազմաթիվ տարիներ կրկնվել է: Այս ընթացքում ինչ գործում է Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը, ինտենսիվ աշխատանք է տարվել»,- նշում է նա:  

Հայկ Դեմոյանն ընդգծում է, որ այստեղ, անշուշտ, հոգեբանական գործոնը շատ մեծ է: Բոլորը տրամադրված են 2015-ին` «ինչ պետք է լինի» եւ «արդյոք կլինի» հարցադրումներով: «Ես հակված եմ այն տեսակետին, եւ շատերը դրան աջակցում են, որ պետք չէ տրամադրվել ինչ-որ օրհասական կամ վերջնաժամկետային տրամադրության, որ 2015-ին ինչ չեղավ, ուրեմն չի լինի: Ճիշտ հակառակը. հոգեբանորեն պետք է տրամադրվել նրան, որ 2015-ին շատ բան չի ավարտվում, այլ սկսվում է: Կարեւորը նոր սերնդին ավելի մարտնչող հոգեբանություն ներարկելն է, որպեսզի նրանք հասկանան` 2015-ին զուտ էստաֆետ կփոխանցվի հաջորդ սերնդին, ոչ թե կարձանագրվի ինչ-որ գործընթացի կամ ծրագրերի ավարտ»,- ընդգծում եւ կարեւորում է թանգարանի տնօրենը:

Հայոց ցեղասպանության մասին առկա փաստաթղթերի ուսումնասիրության գործընթացը շարունակական է, այնուամենայնիվ, կարեւոր է հիշել: «Թե հայկական, թե միջազգային, թե նույնիսկ թուրքական արխիվներում նյութի առումով մենք կարող ենք հայտնաբերել անգամ սենսացիոն փաստաթղթեր, բայց որեւէ փաստաթուղթ այլեւս չի կարող կասկածի տակ դնել եղելությունը, որ դա պետականորեն ծրագրված եւ մշակված քաղաքականություն էր, որի անունն է Ցեղասպանություն»,- ընդգծում է Դեմոյանը:  

«Լավ կլիներ Օսկարին հավակնող ֆիլմ նկարահանեինք Ցեղասպանության մասին, որտեղ կպատմվեր մարդկային կյանքերի մասին». Արտակ Շաքարյան


Ապրիլի 24-ը որքան մոտենում է, հայ-թուրքական հարաբերությունների հարցն ավելի է արդիականանում: Իսկ ընդհանուր առմամբ որքան մոտենում է 2015 թվականը, Հայոց ցեղասպանության մասին սկսում են ավելի շատ հիշել ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: «Եվ երբ այսօր լսում ենք հայ-թուրքական հարաբերություններ, հասկանում ենք առաջին հերթին նախապատրաստություններ Ցեղասպանության հարյուրամյակին, թե ինչ ենք անելու 2015 թվականին»,- ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա տեղեկացմամբ` թուրքերն արդեն սկսել են Ֆիլմեր նկարահանել, որտեղ ցանկանում են ցույց տալ, թե թուրքերն ինչ կորուստներ են ունեցել 1915 թ-ին: Նրանք փորձում են ցույց տալ, ու այդ  թվականը կորուստների տարի է եղել ոչ միայն հայերի, այլեւ` իրենց համար, եւ մեծաթիվ թուրքեր են զոհվել: «Եվ այդպիսով փորձում են առաջ տանել իրենց թեզը, ըստ որի հայերը ոչ թե ցեղասպանվել են, այլ պարզապես հայ-թուրքական բախումների արդյունքում նրանց մի մասը զոհվել է»,- նշեց Արտակ Շաքարյանը:

Լուսանկարը` 1995թ.

Թուրքագետի խոսքով` բացի դրանից, նրանք իրականացնում են ԱՍԱԼԱ-ի դեպքերի լայնատարած լուսաբանում` ներառյալ թուրք սպանված դիվանագետների հուշահամալիր կառուցելը Թուրքիայի տարբեր քաղաքներում, նաեւ արտասահմանում, նույնիսկ պլանավորվում է ֆիլմ նկարահանել ԱՍԱԼԱ-ի մարտիկների վերաբերյալ:

Արտակ Շաքարյանն այն համոզմանն է, որ անհրաժեշտ է լրջորեն պատրաստվել 2015 թվականին, իսկ դա պետք է իրականացնել ոչ միայն գրքերով եւ հոդվածներով, այլեւ պետք է որդեգրել նաեւ կինոարտադրությամբ աշխատելու մոտեցումը: «Ժամանակները փոխվել են, եւ եթե մենք պատրաստվում ենք աշխարհին հիշեցնել 1915 թվականի ցեղասպանության մասին, միայն գիրք հրատարակելով չենք հասնի դրան: Լավ կլիներ Օսկարին հավակնող ֆիլմ նկարահանեինք Ցեղասպանության մասին, որտեղ Եղեռնի մասին կպատմվեր ոչ թե որպես տեսություն, այլ կպատմեր մարդկային կյանքերի մասին»,- նշեց նա:

Թուրքագետը դրական նախաձեռնություն համարեց Հայաստանի ազգային արխիվի գրքերի տպագրության գործընթացը, որտեղ վեր են հանվում անձնական պատմություններ եւ թարգմանաբար ներկայացնում միջազգային հանրությանը: «Պետք է ցույց տանք, որ Ցեղասպանությունը ոչ թե տեսական մի բան է, այլ` մարդկանց պատմություններ»,- ընդգծեց նա:

Լուսանկարը` 1995թ.

Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայ Դեմոյանն ավելացնում է, որ ցեղասպանության մասին ֆիլմեր շատ են նկարվում, եւ իրենք գրեթե ամեն շաբաթ ստանում են ֆիլմերի սցենարներ: Նա եւս կարեւերում է ֆիլմ նկարահանելու անհրաժեշտությունը: «Լուրջ ֆիլմ` լուրջ հեղինակությամբ, արժեքով եւ համաշխարհային շուկա մտնելու հնարավորություններով նկարահանում են լուրջ փողերով: Հասկանալի է, որ մենք չենք կարող հինգ-տասը այդպիսի ֆիլմ նկարել, բայց բավական է մեկ-երկու այդպիսի ֆիլմի վրա ուշադրություն դարձնել եւ ուղղել մեր ողջ ներուժը մեկ-երկու, բայց շատ կարեւոր եւ ցնցող ֆիլմեր նկարելու ուղղությամբ: Սա կլինի ավելի մեծ արդյունք, քան թե քանակը: Ֆիլմի լեզուն իհարկե բոլորովին այլ է, ֆիլմի լեզուն բացարձակ է, այն կարող է ներազդման հնարավորություններով բավական լուրջ իրազեկման մակարդակ ապահովել միջազգային լսարանում»,- ասում է Հայկ Դեմոյանը: 

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը նոր փուլի նախադուռ է». Էդիկ Մինասյան

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մի փուլի ամփոփում է, բայց միաժամանակ նաեւ նոր փուլի նախադուռ` առավել ակտիվ եւ հետեւողականորեն աշխատելու: Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը կարծում է, որ պետք է ավելի ակտիվացնել աշխատանքը եւ պահանջատիրության խնդիրներ առաջ քաշել:

Նրա կարծիքով` թեմատիկ համաժողովների անցկացումը թեեւ անհրաժեշտություն է, սակայն անհրաժեշտ է նաեւ զուգահեռաբար շարունակել ուսումնասիրել տարբեր պետությունների արխիվները` Գերմանիայի, Ավստրիայի, ՄՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ արդյունքում դրանք տպագրել տարբեր լեզուներով` նաեւ թուրքերեն, եւ ներկայացնել միջազգային հանրությանը:  Պետք է ակտիվորեն աշխատանքներ տանել միջազգային կառույցների հետ: Էդիկ Մինասյանը հիշեցնում է, որ եթե Հայաստանյան օրակարագում Ցեղասպանության  միջազգայնորեն ճանաչման հարցն է, ապա Թուրքիայի պարագայում շարունակում է մնալ ժխտողականության քաղաքականության իրականացում:

Հնի եւ նորի միջեւ կապը գտավ Արուսիկ Զախարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]