Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Անհերքելի ճշմարտության խոստովանանքը կամ հրամայված է մոռանալ

Անհերքելի ճշմարտության խոստովանանքը կամ հրամայված է մոռանալ

Պատմությունը հիշեցնում է՝ գրական շատ ստեղծագործություններ արգելվել կամ հրկիզվել են, նրանց հեղինակները ենթարկվել են հալածանքների, անգամ սպանվել են: Ֆաշիստական Գերմանիայում ոչնչացված գրքերին նվիրված խորհրդանշական հուշարձան կա նաև Հոլոքոսթի թանգարանում:

Եզակի բացառություններով, դրանք այն գրքերն են, որոնք առանց շղարշի պատմում են ճշմարտությունը: Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» այդպիսի երկերից է, որտեղ հեղինակը պատմում է 1988-1990թթ. հայ-ադրբեջանական «համակեցության» մասին, 1988-1990թթ. Սումգայիթի ու Բաքվի հայկական ջարդերի ենթախորքին հավելելով անցած դարասկզբի նախիջևահայության կոտորածները:

Պարզ է, որ Ադրբեջանում կարգելեին վեպի տպագրությունը: Այն լույս տեսավ մոսկովյան «Դրուժբա նարոդով» հանդեսում և արագորեն տարածվեց համացանցում: Ադրբեջանցի գրողի վեպ- ռեքվիեմը պայթած ռումբի ազեցություն ունեցավ, ճաք տվեց ադրբեջանահայության կրած տառապանքի մասին խոսելու տաբուն: Այն էլ ի՜նչ ճաք…տաբուն խախտեց Ադրբեջանի ժողովրդական գրողը, երկրի բարձրագույն «Փառք» և «Անկախություն» շքանշանների ասպետը…

Բրիտանական «Ինդեփենդենթ» թերթին տված հարցազրույցում Աքրամ Այլիսլին խոստովանեց, որ իր գիրքը հաշտեցման մասին է: Հաշտեցում, որը մարտահրավեր է նետել գրական գործի դեմ պատերազմ հայտարարած Ադրբեջանի իշխանություններին:

Գրականության դեմ պայքարելը, սակայն, անշնորհակալ զբաղմունք է: Այդ արշավի նախաձեռնողները մերօրյա հավատաքննիչներ են: Աքրամ Այլիսլիի դեմ մեկնարկած արշավը, «Վաշինգտոն փոստի» ստույգ բնորոշմամբ, առոչինչ  են դարձնում Ադրբեջանի  առաջադեմ և արևմտամետ երևալու բոլոր ջանքերը: Ցանկացած այլախոհությունից վախեցող պաշտոնական Բաքուն, այսօր ակամայից ստեղծում է իր Օրհան Փամուկին և Սալման Ռուշդիին:

Իսկ ի՞նչն է ստիպում գրողին ասել այն, ինչի համար, վստահաբար գիտեր, որ հալածվելու է:  Ի՞նչը ստիպեց Այլիսլիին հրապարակ հանել մի ստեղծագործություն, որի համար նրա հետ կարող էին վարվել ճիշտ այնպես, «ինչպես որևէ արժեք չգնահատող «երազները» (այստեղ՝ երևանյան ադրբեջանցիներ) վարվեցին «Քարե երազների» գլխավոր հերոսի հետ, երբ նա հանդգնեց պաշտպանել գազանաբար ծեծվող հայ ծերունուն:

«Երբ ճակատագիրը գրողից պահանջում էր որևէ փոխզիջում, հօգուտ բնակարանային կամ գույքային պայմանների բարելավման, ի վնաս ստեղծագործականի, սեփական համոզմունքների, նա միշտ ընտրում էր պատվի, հպարտության ու արժանապատվության դիրքերը»,- այսպես է ռուս գրող Սերգեյ Կալեդինը բնութագրում վառ տաղանդով օժտված ադրբեջանցի խիզախ գրչակցին:  «Նա ամեն ինչի մասին ունի իր կարծիքը, որը հիմնականում տարբերվում է ավանդականից, մահմեդականից, ադրբեջանականից, խորհրդայինից ու կոմունիստականից»:

Այդ հարցին հրապարակավ պատասխանում է նաև ինքը՝ Աքրամ Այլիսլին, հարցազրույցներից մեկում ասելով, որ դեռևս տարիներ առաջ գրված այս ստեղծագործությունը հրապարակելու որոշումը խթանել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը և ոճրագործի դրան հաջորդած հերոսացումը: «Երբ տեսա խելահեղ արձագանքն ու հայերի ու ադրբեջանիցների միջև թշնամության, չափ ու սահման չճանաչող, միտումնավոր բորբոքվող այդ մոլագարությունը, որոշեցի տպագրել վեպս», – ասում է նա:

Սակայն որևէ մեկը փորձե՞ց լսել կամ հասկանալ, թե ինչը դրդեց Այլիսլիին նման քայլի: Ոչ:  Պաշտոնական Բաքվի գաղափարախոսներն ու խոսափողները «Քարե երազները» գրողի համար դարձրեցին առավել քան իրական մղձավանջ: Բրիտանական թերթերը փաստեցին, որ նրա դեմ սանձազերծվել է պետականորեն հովանավորվող արշավ: Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը խոստովանեց, որ անգամ խորհրդային տարիներին այլախոհության դեմ գաղափարական մամլիչն ավելի մեղմ էր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անգամ չզլացավ խաթարել հոր հեղինակությունը, գրողին զրկելով հարևան երկրում անառարկելի ու անսխալական համարվող բռնակալ Հեյդարի շնորհած ժողովրդական գրողի կոչումից ու անվանական կենսաթոշակից, պատճառաբանելով, թե վեպը «սևացնում է երկրի պատմությունը»: Անզեն մարդկանց կոտորածներում մասնագիտացած կուսակցապետերն անգամ Այլիսլիի կտրած ականջի համար բազմահազարանոց մրցանակներ խոստացան: Հալածանքներ սկսվեցին գրողի ընտանիքի անդամների նկատմամբ, ովքեր հաշված օրերի ընթացքում դարձան գործազուրկ: «Որոշ պատգամավորներ ինձ հայ անվանեցին: Հայ լինելն արդյո՞ք հանագործություն է: Ախր սա ռասիզմ է»,- ընդվզում է Աքրամ Այլիսլին: Ադրբեջանում քաղաքացիական հասարակության եղերահայրերից ոչ ոք չխիզախեց հրապարակավ միանալ վեպի ուղերձին: Մի ձեռքի մատները բավարար են հաշվելու այն այլախոհ մտավորականներին, ովքեր հավաքվեցին ադրբեջանցի դասական Սաբիրի արձանի մոտ և պահանջեցին հարգել սահմանադրությամբ ամրագրված խոսքի ազատությունը: Ոչ ոք չխոսեց հայերի ջարդերի մասին, զղջումի ոչ մի բառ չհնչեց:

Պաշտոնական հայատյացության մթնոլորտում նման հակազդեցությունը պատահական չէ: Վեպը ծանր հարվածներ է հասցնում ադրբեջանական քարոզչության եռագլուխ Կերբերին՝  Ալիև հոր «սրբագործումը», Ալիև որդու կողմից մոգոնվող պատմագիտությունը և մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացումը: Հազիվ թե որևէ մեկին ներվեր քանդել այն մոլեռանդ գաղափարախոսական վերնաշենքը, որը տասնամյակներ շարունակ փորձել է կառուցել ալիևյան վարչակարգը, ատելությամբ և թշնամանքով թունավորելով ողջ ժողովրդին:

«Բակինսկի ռաբոչիյ» թերթի գլխավոր խմբագիր Ռահման Գաջիևը վեպը որակել է որպես հրեշավոր ստեղծագործություն: Իրականում մարդասիրություն քարոզող այդ ռեքվիեմում արտասովոր ոչինչ չկա: Ադրբեջանցիների մի մասի համար այն թերևս հրեշավոր է, քանի որ ստիպում է  առերեսվել իրականությանը:  Այլիսլիի դեմ սանձազերծված միջնադարյան վայրագությունը վկայում է, որ ադրբեջանական հասարակությունը  պատրաստ չէ առերեսվել անգամ իր կարճատև պատմության նորագույն շրջանի դեպքերի հետ: Հրեշավոր է ոչ թե վեպը, այլ այն, ինչն հրամայված է մոռանալ: Գրողին չեն ներում 1988-1990թթ. ոճրագործները` Այլիսլիի վեպի մսագործ Մամեդաղայի որդու՝ Ջենգիզ Շաբանի նորօրյա հետնորդները, ում համար Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը քաղաքական ու ֆինանսական հաջողությունների նորանոր դռներ բացեցին:

Այսօր էլ ապրում են Խորհրդային Ադրբեջանում սադրած հայկական ջարդերի հազարավոր ականատեսներ, մասնակիցներ և նույնիսկ մարդիկ, ովքեր վտանգելով սեփական կյանքը, փրկել են հայերի: Տասնյակ հազարավորները այսօր էլ լուռ են՝ անպատրաստ գիտակցելու տեղի ունեցած հրեշավոր դեպքերը:

«Քարե երազների» բոլոր գործող անձինք յուրովի դժբախտ են: Անեծքի ու տարաբախտության խարանն ընդմիշտ դրոշմված է այն կերպարների ու ու նրանց սերունդների հոգիներում, ովքեր առաջնորդվել են կույր ատելությամբ, թաղվել են սեփական փառասիրության, պատեհապաշտության ու հարմարվողականության ճահճում: Աքրամ Այլիսլին իր միկրոտիեզերքի՝ բռնի դավանափոխված ու հայաթափված Ագուլիսի շուրջն է կառուցում արդար ու դաժան պատումը: Ահասարսուռ  ոճրագործություններից ավելի քան երկու տասնամյակ անց ապաշխարում է, ասես հետևելով աստվածաշնչյան իմաստությանը, որ ճշմարտության խոստովանանքն ինքնին ազատագրում է: Ավելին, Այլիսին ինքնակենսագրական վեպ է գրել, որտեղ իր ինքնությունն է որոնում վեհերոտ Նուվարիշ Ղարաբաղլըի ու անվախ Սադայ Սադաղլի միջև: Սումգայիթի ջարդերից ու Բաքվի գազանություններից հետո հենց գրողն է մերձավորներին սարսափահար պատմել, թե ինչպես էին հայ հաշմանդամ ծեր կնոջն անվասայլակով դուրս շպրտել 9-րդ հարկի պատշգամբից: Թերևս ճշմարտությունը բարձրաձայնելու պատճառով էլ այսօր ադրբեջանական պետությունն ու հասարակությունը վրեժ են լուծում նրանից:

Երբ Վիկտոր Երոֆեևին հարցրել են «Քարե երազների» մասին, նա փաստել է, որ վեպում որևէ հակաադրբեջանական միտում չի տեսել. «Դա հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքի պատմությունն է: Աքրամ Այլիսլիի նկարագրած ողբերգական իրադարձություններին և ջարդերին մարդկությունը պետք է տեղյակ լինի, ինչը հեղինակն արել է մեծ հաջողությամբ»: Իսկ մեր՝ ողջերիս պարտքն է հիշել մեր ժողովրդին պատուհասած բոլոր կոտորածների ու ցեղասպանությունների զոհերին:

«Քարե երազների» թարգմանությունը վարպետորեն հաղթահարել է արմատներով նախիջանցի գրող, թարգմանիչ Արտակ Վարդանյանը, ով վեպի հեղինակի հետ, ապտկերավոր ասած, «նույն հող ու ջրի մարդ է» և կատարելապես ճանաչելով ու ընկալելով հեղինակի ստեղծած ագուլիսյան մթնոլորտը, կարողացել է ամբողջությամբ մեկնել նրա քարե երազները:

Ի թիվս այլ գրքերի, նացիստական Գերմանիան «ողջակիզեց» խաղաղություն քարոզող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ռազմաճակատում ամեն ինչ խաղաղ է» վեպը, սակայն դա չնպաստեց ֆաշիզմի հաղթանակին: 1931թ. Չինաստանի նահանգներից մեկում արգելվեց խոսող կենդանիների կերպարներ պատկերող «Ալիսան հրաշքների աշխարհում» մանկական գիրքը, սակայն մարդիկ չդադարեցին հավատալ հրաշքներին: Պատմական այս փաստերն այսօր արտառոց են հնչում, քանզի վաղուց ապացուցված է, որ դիվային խարդավանքների հնոցում անգամ «ձեռագրերը չեն այրվում»:

ԱՐԱՄ ԱՆԱՆՅԱՆ

«Քարե երազներ»-ը ռումբի պայթյուն էր. պատմում է թարգմանիչը

Հայերեն լույս է տեսել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]