Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքական լրատվամիջոցն ամոթալի է համարում հայ ճարտարապետ Սինանի ազգությունը «թաքցնելու» փորձերը

Թուրքական լրատվամիջոցն ամոթալի է համարում հայ ճարտարապետ Սինանի ազգությունը «թաքցնելու» փորձերը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական marksist.org լրատվական կայքն անդրադարձել է Օսմանյան կայսրության միջնադարյան շրջանի անվանի ճարտարապետ Սինանի ազգությամբ հայ լինելու հարցին, եւ նշում, որ նախկին օսմանցիների եւ այժմյան թուրքերի հպարտություն համարվող ճարտարապետի հայկական ինքնության մասին ոչ ոք ոչինչ չի պատմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայքը նշում է, որ Օսմանյան կայսրության միջնադարյան շրջանի գլխավոր ճարտարապետ Սինանը ծնվել է Կեսարիայի Աղըրնաս գյուղում` հայկական ընտանիքում: 22 տարեկանում որպես քրիստոնյայի զավակ զորակոչվել է ենիչերիության եւ դրա հետ միասին ճարտարապետական կրթություն ստացել: Սուլթան Սուլեյմանի տիրակալության ժամանակաշրջանում Եվրոպա եւ Ասիա կատարած շրջագայություններից հետո Սինանը Պոլսում 85 մզկիթ, 52 աղոթատեղի, 57 մեդրեսե ( հոգեւոր վարժարան), 7 դպրոց եւ հոգեւոր ընթերցարան, 22 դամբարան, 17 մինարեթ եւ 3 հիվանդանոց, 7 ջրատար, 8 կամուրջ, 20 իջեւանատուն, 35 պալատ, 6 պահեստ, 48 բաղնիք եւ 300-ից ավելի այլ շինություններ է կառուցել: 1551 թ-ին Սինանը փաշայի կոչում է ստացել: Նա ազգությամբ հայ առաջին փաշան է:

«Օսմանյան շրջանում Սինանի ծագումով հայ լինելու փաստը ոչ մեկին չէր անհանգստացնում, իսկ Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո մինչ այժմ ինքնության թերարժեքությամբ տառապող թուրք «գիտնականները» 347 տարի հետո` 1935 թ-ին բացել են Սուլեյմանիե մզկիթում գտնվող նրա գերեզմանը եւ չափագրել 1588 թ-ի ապրիլի 9-ին մահացած Սինանի գանգը` պարզելու համար նա թուրք է, թե ոչ: Այդ ամոթալի գործողությանը մասնակցել է նաեւ Աթաթուրքի` ամեն ինչի մեջ թրքական հետքեր տեսնող որդեգիր դուստր Աֆեթ Ինանը (Ուզմայ): Փակ դռների հետեւում կատարված չափագրումներից հետո նրանք հայտարարել են, թե Սինանի գանգը «կարճագլուխ» է, այսինքն` թե նա թուրք է: Հետո այն ուղարկել են ի պահ Անկարայի համալսարանի լեզվի, պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետ, որտեղ էլ այն խորհրդավոր կերպով անհետացել է: Այսպիսով` ճարտարապետ Սինանի թուրք լինելու միակ «ապացույցը» վերացվել է:

2011 թ-ից սկսած` ամեն տարի ճարտարապետ Սինանի ծննդավայր Աղըրնազ գյուղում գտնվող նրա տանը հիշատակի արարողություն եւ նրա ստեղծագործությունների լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվում, որի ժամանակ հայտնի մարդկանց ելույթներից հետո «Ճարտարապետ Սինանը` երեխաների աչքերով» մրցույթում հաղթողներին պարգեւներ են հանձնվում: Սակայն նախկին օսմանցիների եւ այժմյան թուրքերի հպարտություն համարվող ճարտարապետի հայկական ինքնության մասին ոչ ոք ոչինչ չի պատմում»,- ավելացնում է թուրքական լրատվամիջոցը:

Համաշխարհային մասշտաբի միջնադարի մեծ ճանաչում ունեցած ճարտարապետ Սինանի հայկական ծագում ունենալու մասին ժամանակակից Թուրքիայում բարձրաձայնել է Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը, ով թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am