Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հետահայաց. Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը` երդվում եմ...Նախագահը դիմում է ժողովրդին

Հետահայաց. Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը` երդվում եմ...Նախագահը 
դիմում է ժողովրդին

Լուրերի պատմության և պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է Հայաստանի Հանրապետության երեք նախագահների երդմնակալության արարողություններին: Անկախ Հայաստանում Նախագահ ընտրել են 6 անգամ, երդմնակալության արարողություն դեռևս անցկացվել է 5 անգամ` համապատասխանաբար 1991, 1996, 1998, 2003 և 2008 թթ-ին: Թեմային անդրադառնալու օրը պատահական չի ընտրված` Հայաստանում 6-րդ անգամ երդմնակալության արարողություն կկայանա վաղը` 2013 թվականի ապրիլի 9-ին:

ՀՀ Նախագահի երդմնակալության արարողություն` ինչ և ինչպես…

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես նախագահի ընտրություններն առհասարակ, այնպես էլ նախագահի երդմնակալության արարողությունը հասարակության լայն շերտերի համար չափազանց կարևոր իրողություններ ու իրադարձություններ են: Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ նորընտիր Նախագահը ստանձնում է ՀՀ Նախագահի պաշտոնը: Մինչ նիստի սկսվելը ՀՀ նախագահի նստավայրից դահլիճ է բերվում ՀՀ պետական դրոշը, ՀՀ սահմանադրական դատարանից բերվում է Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը: Նախագահը ժողովրդին երդում է տալիս` աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա և հնչեցնում հետևյալ տեքստը. «Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»: Երդմնակալության արարողության կարևորագույն հատվածներից է Երկրի նախագահի խոսքը ժողովրդին, որում նախանշվում են հիմնական քաղաքական ու գաղափարաբանական դրույթները:

Տեղեկանք 

Երդմնակալություն. Պատմություն և ավանդույթները 

Երդմնակալության արարողությունը երկրի նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունն է: ԱՄՆ-ում, սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածների համաձայն, նորընտիր նախագահը տալիս է հետևյալ հրապարակային խոստումը «Հանդիսավոր երդվում եմ, բարեխղճորեն իրականացնել ԱՄՆ նախագահի պարտականությունները, և ուժերիս ողջ չափով պաշտպանել ու պահպանել ԱՄՆ սահմանադրությունը»:

Նախագահի հետ միասին երդվում է նաև երկրի փոխնախագահը: Արարողությունն անցկացվում է ԱՄՆ Կոնգրեսի՝ Կապիտոլիումի շենքի  առջև ու ավանդաբար գրավում է բազմաթիվ մասնակիցների ու զբոսաշրջիկների ուշադրությունը: 1933թ-ից   ԱՄՆ նախագահի երդմնակալությունը տեղի է ունենում մարտի 4-ին: Երդմնակալության օրն անշարժ է նաև Մեքսիկայում (1 դեկտեմբերի), Բրազիլիայում (15 մարտի), Գերմանիայում (1 հուլիսի): Ամերիկյան արարողակարգն այս կամ այն չափով ընդօրինակվել է այլ պետությունների կողմից, քանզի Միացյալ Նահանգների արարողակարգն ամենահինն ու զարգացածն է:


Եվրոպական պետություններում երդմնակալության արարողություններն ավելի համեստ ու սեղմ են: Այս առումով ավանդական է ֆրանսիական սխեման: Ֆրանսիական պետության նոր ղեկավարը ստանում է նախագահական տարբերանշանները և միջուկային զենքի ծածկագիրը:


 Արարողությունն ավարտվում է 21 հրետանային համազարկով: Ի տարբերություն այլ երկրների, Ֆրանսիայի նախագահը երդումը չի արտասանում:

 Ռուսաստանի Դաշնությունում երդմնակալությունը համեմատաբար նոր երևույթ է: 1991-ից ցայսօր անցկացվել է նման 5 արարողություն: 1991-ին Բորիս Ելցինը իշխանությունը ստանձնել է որպես ՌԽՖՍՀ ղեկավար: Առաջին երդմնակալությունը տեղի է ունեցել 1996-ին, որն, ի դեպ, Ելցինի առողջական խնդիրների պատճառով խիստ սեղմված էր: Երեք անգամ երդմնակալության արարողակարգն է անցել Վլադիմիր Պուտինը (2000, 2004, 2012 թթ.), մեկական անգամ Ելցինն ու Դմիտրի Մեդվեդևը (2008թ.): Երդմնակալության վերջին 4 արարողությունները տեղի են ունեցել մայիսի 7-ին:


1312-ից 198. երդմնակալության արարողության ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ամենակարճ և ամենաերկար ելույթները

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ Նախագահի ընտրություններ անցկացվեցին 1991 թվականին: Լևոն Տեր-Պետրոսյանն առաջինն էր, ով ստանձնեց Նախագահի պաշտոնը երդմնակալության արարողության ժամանակ: Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած տեքստում ընդգրկված էր 1312 բառ: Պատմական ակնարկ կատարելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հավաստիացրել է, որ հայ ժողովուրդն ի վիճակի է ազդելու իրադարձությունների զարգացման վրա և հանրապետության վերափոխումը տանելու ժողովրդի ցանկացած ուղղությամբ։ «Իսկ այդ ուղղությունը միակն է` դեպի անկախ, իրավական պետություն, դեպի բազմակուսակցական, ժողովրդավարական հասարակություն, դեպի ազատ շուկայական տնտեսություն: Այլընտրանք չկա, այլընտրանքը հավասարազոր է կործանման և նորանոր արհավիրքների»:

 

Լևոն Տեր-Պետրոսյանի 1991թ. ելույթում ամենաշատն օգտագործված բառերը

Լևոն Տեր-Պետրոսյանը Նախագահի պաշտոնը ստանձնեց նաև 1996 թվականին: Ուշագրավ էր, որ երկրորդ Երդմնակալության արարողության ժամանակ նա ավելի սակավախոս էր և իր ելույթը սահմանափակեց 198 բառով: Այս անգամ նա ելույթը պայմանականորեն բաժանել էր երկու մասի` ի պաշտոնե և մարդկային առումով: Լևոն Տեր-Պերոսյանն ի պաշտոնե խոստացավ. «Չկորցնել զգոնությունը, իրականության զգացողությունը, պատասխանատվության գիտակցումը: Հեռու մնալ արկածախնդրությունից, անիրատես ծրագրերից ու շուտափույթ որոշումներից»: Մարդկային առումով Տեր- Պետրոսյանը կարևորեց ազգի պատիվը որևէ կերպ չարատավորելու, մարդու արժանապատվությանը չդիպչելու անհրաժետությունը: Նա խոստացավ հարգել այլակարծությունը, բայց նաև տեր կանգնել սեփական կարծիք ունենալու իրավունքին, ոչինչ չանել շնորհակալության,երախտագիտության կամ հատուցման ակնկալիքով:

Լևոն Տեր-Պետրոսյանի 1996թ. ելույթում ամենաշատն օգտագործված բառերը


Ռոբերտ Քոչարյանի երկու երդմնակալությանը հաջորդած ելույթները` 891 և 671 բառերի միջոցով

ՀՀ Նախագահի 3-րդ (արտահերթ) ընտրությունների անցկացման անհրաժեշտությունն առաջացավ 1998 թ-ի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո: Հայաստանում նախագահի երրորդ ընտրությունների ադյունքում երկրի ղեկավար դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Նրա առաջին երդման արարողության ժամանակ ելույթը 891 բառից էր բաղկացած: Թե ինչպիսին կլինի Հայաստանը հինգ տարի անց. երրորդ հազարամյակի սկզբի մասին իր պատկերացումները ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը` հավելելով, որ հպարտ է Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու բարձր պատվի համար, որին արժանացել է ժողովրդի վստահության շնորհիվ։ «Ես պատրաստ եմ պատվով կրել այդ մեծ պատասխանատվությունն ու արդարացնել համազգային վստահությունը։ Մենք պետք է ունենանք գործունակ և արդյունավետ պետություն։ Առաջիկա հինգ տարին կդառնա մեր պետության հիմքերի ամրապնդման և մեր հասարակության սոցիալական հիմնախնդիրների լուծման ժամանակաշրջան: Հայաստանը հարազատ տուն պետք է լինի ոչ միայն հայերի, այլև հայաստանաբնակ ազգային փոքրամասնությունների համար»։

Ռոբերտ Քոչարյանի 1998թ. ելույթում ամենաշատն օգտագործված բառերը


 2003 թվականին երկրորդ անգամ անընդմեջ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնեց Ռոբերտ Քոչարյանը խոսքը սահմանափակեց 671 բառով: Նա իր ելույթում ընդգծեց, որ յուրաքանչյուր ընտրություն փորձություն է ժողովրդի և պետության համար և նշեց, որ ընտրություններից հետո սկսվում է ամենօրյա աշխատանքը երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ։ «Չափազանց կարևոր է, որ իշխանությունների քաղաքականությունը հասկանալի լինի հասարակությանը։ Մենք միշտ պետք է պարզաբանենք մեր գործողությունները, դրանց անհրաժեշտությունը և օգտակարությունը մարդկանց համար։ Մենք պարտավոր ենք կանոնավոր կերպով հաշվետվություն տալ հասարակությանը։ Դա պետք է դառնա աշխատանքի ոճ»,- ընդգծել էր նա։

Ռոբերտ Քոչարյանի 2003թ. ելույթում ամենաշատն օգտագործված բառերը


Սերժ Սարգսյանի ելույթը` 1157 բառ

2008 թվականի Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Երդմնակալության արարողության ժամանակ Նախագահի ելույթը 1157 բառից էր կազմված: Սերժ Սարգսյանն ընդծել էր, որ տված երդումը բոլորի երդումն է` հանուն մեր երկրի ավելի լավ ապագայի, հանուն զարգացման, հանուն ժողովրդավարության, հանուն օրենքի իշխանության, հանուն ավելի ուժեղ և բարեկեցիկ Հայաստանի: «Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որևէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն: Ես տեր եմ լինելու իմ բոլոր նախընտրական խոստումներին, և մենք միասնական ուժերով ենք դրանք կյանքի կոչելու»,- կարևորել էր Նախագահը: Նա շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին` հավատացնելով, որ միասնական ուժերով հնարավոր է երկրի կյանքը դեպի լավը փոխել: «Այսօր ես փոփոխությունների կոչ եմ անում, և մենք կրկին անգամ ազդարարում ենք փոփոխությունների նոր սկիզբը: Յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի փոփոխությունները սկսել հենց իրենից»,-նշեց նախագահը: Նա նաև դիմեց ժողովրդի այն մասին, ովքեր պաշտպանել են այլ թեկնածուների. «Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջև անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջև չհասկացվածության պատ կա, կո՛չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը»:
ԱԺ հատուկ նիստի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում ընդունեց զինվորական հանդիսավոր շքերթը, այնուհետև Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Հայոց պետականության կայացման գործում իրենց կյանքը նվիրած անձանց հիշատակին: ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, բարձրագույն սպայակազմի ուղեկցությամբ ՀՀ նախագահը ծաղիկներ դրեց և գլուխ խոնարհեց զորավար Անդրանիկ Օզանյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող «Հայկական պար» հուշահամալիրի մոտ:

Սերժ Սարգսյանի 2008թ. ելույթում ամենաշատն օգտագործված բառերը


 

2013 թվականին ՀՀ Նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանը, ապրիլի 9-ին կրկին կդիմի Հայաստանի քաղաքացիներին ու կնախանշի առաջիկա 5 տարիների գործունեության ուղենիշները:

Հնի և նորի միջև կապը գտավ, ինչպես նաև իր ասելիքը 1133 բառում ամփոփեց Արուսիկ Զախարյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]