Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Հռոմի նորընտիր պապն ասել է, որ փափագում է թաղվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի տակ

Հռոմի նորընտիր պապն ասել է, որ փափագում է թաղվել Հայոց ցեղասպանության 
զոհերի հիշատակի հուշարձանի տակ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապը 2005թ. Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90 ամյակին` զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ժամանակ ասել է, որ փափագում է թաղվել այդ հուշարձանի տակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը «Մեր բարեկամ պապը» խորագրով հոդվածում բացահայտելով արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլիոյի ելույթի մանրամասները: «Հռոմեական Կաթողիկե եկեղեցու նորընտիր Սրբազան պապը մեր բարեկամն է` անձնապես իմ, Բուենոս Այրեսի հայ համայնքի եւ ընդհանրապես հայ ժողովուրդի: Իմ ծանոթությունը նորընտիր պապի հետ, սկսվել է 2005 թվականից, երբ նշում էինք Հայոց ցեղասպանության 90 ամյակը եւ այդ առիթով Բուենոս Այրեսի Մայր տաճարի մեջ զետեղեցինք Հայաստանից բերված մի խաչքար` մեր նահատակների հիշատակին: Խաչքարի բացման ու օծման արարողությանը մասնակցեց նաեւ այդ օրերին Արգենտինայի արքեպիկոպոս եւ Բուենոս Այրեսի առաջնորդ կարդինալը՝ գերապատիվ Տեր Խորխե Մարիո Բերգոլիոն, որը, ի միջի այլոց, Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի նահատակության մասին խոսելուց բացի, կոչ արեց Թուրքիային ընդունել Ցեղասպանության իրողությունը եւ խաղաղ լուծում փնտրել Հայկական հարցին: Նա շեշտեց նաև Հայ եկեղեցու Առաքելականությունը, Թադեոս եւ Բարդողիմեոս առաքյալների շնորհիվ, իսկ խաչքարի բացումից հետո ասաց նաեւ, որ փափագում է մի օր թաղվել այդ խաչքարի տակ: Տեղին է հիշեցնել, որ Մայր տաճարի ներսում թաղված են Բուենոս Այրեսի նախկին առաջնորդները: Ֆրանցիսկոս պապը միշտ էլ մասնակցել է ու ելույթ է ունեցել ապրիլյան նահատակներին նվիրված Մայր տաճարի մեր հոգեհանգստյան արարողություններին եւ այժմ վստահ եմ` որպես Հռոմի ու Կաթողիկե աշխարհի վեհապետ պապպ պետք է շարունակի մտածել ու գործել չքավորների եւ տառապյալների համար եւ պաշտպան կմնա անարդարության զոհ դարձած բոլոր ազգերին, որոնց թվում նաեւ` հայ ժողովուրդին եւ հայոց դատին: Հաջողություն եւ երկար կյանք ենք մաղթում մեր բարեկամ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին եւ մանավանդ Հռոմի այժմյան Ֆրանցիսկոս պապին»,- գրել է Արգենտինայի և Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս 76-ամյա Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի 266-րդ պապ է ընտրվել կոնկլավում, որը մարտի 12-ին եւ 13-ին կայացել է Վատիկանի Սիքստինյան կապելլայում: Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ քահանայապետ է դարձել ոչ եվրոպացին եւ ճիզվիտը, որը նաեւ առաջին անգամ ընդունել է Ֆրանցիսկոս պապական անունը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ