Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արարատ 73»-40 տարի անց. Արմեն Սարգսյան

«Արարատ 73»-40 տարի անց. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որքան մանրամասնում ենք «Արարատ 73»-ի հաղթանակները, այդքան բացահայտում ենք նոր ու հաճելի փաստեր եւ իրադարձություններ, որոնց մասին այսօրվա ֆուտբոլասերը չգիտի:

«Արմենպրես»-ի շարունակում է տարիների հեռվից ներկայացնել «Արարատ 73»-ի երբեք չմարող, սերունդներին միշտ հպարտություն պարգևող այդ հաղթանակների նոր մանրամասները: Դրանք «երեկվա թարմությամբ» պատմում են և հերոսները և այդ օրը տոն դարձրած ականատեսները:

Պատմում է Արմեն Սարգսյանը:

Ծնվել է 1953 թվականին: Պաշտպան: Սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնության բարձրագույն  լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1972 թվականից: 1973թ. երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ  առաջնության ոսկե մեդալակիր: 1973 թվականին նվաճել է «Սմենա» ամսագրի լավագույն դեվժբյուտանտի մրցանակը: Հանդես է եկել ԽՍՀՄ ազգային հավաքականում: Պարգեւատրվել է ՀՍՍՀ Գերագույն պատվոգրով: Մասնակցել է 25 խաղի:

 

-Ինչպես եկաք «Արարատ»:

- Ես խաղում էի Հայաստանի երիտասարդական հավաքականում: Այն ժամանակ ԽՍՀՄ-ում անցկացվում էին սպարտակիադաներ, դա էլ մեր օլիմպիական խաղերն էին: 1971-ին մեր երիտասարդականը դարձավ ԽՍՀՄ սպարտակիադայի չեմպիոն: «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Նիկոլայ Գլեբովը մեր թիմից մի քանի հոգու ընդգրկեց «Արարատ»-ի փոխարինողների կազմում: 6 հանդիպումներում փոխարինող եմ եղել: 1972-ին արդեն հիմնական կազմում էի:

-Դուք «Արարատ»-ի հիմնական կազմում էիք, երբ Նիկիտա Սիմոնյանը ստանձնեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Որքանով ազդեց նրա ներկայությունն ու վարպետությունը թիմի վրա:

-Մինչեւ Նիկիտա Սիմոնյանի գալը մենք արդեն կուռ կայացած թիմ ունեինք:  Նա բնավորությամբ կիրթ եւ հանդարտ մարդ է: Նիկիտա Պավլովիչը ԽՍՀՄ տարբեր թիմերում էր խաղացել, բազմակի չեմպիոնի տիտղոս ուներ: Նրա հետ հաղորդակցվելը եւ հետաքրքիր, եւ ուսանելի էր, եւ ոչ միայն ֆուտբոլում: Բացի մարզական վարպետությունից, նա մեզ տվեց ամենակարեւորը` հավատը սեփական ուժերի նկատմամբ: Մեզ համար տեսանելի դարձրեց այն նպատակը, որի համար դաշտ էինք մտնում. դա հաղթելն էր: Նա մեր թիմային խաղն ամրացրեց:

Մոսկովյան հանդիպումների ժամանակ, երբ հանդերձարան էին գալիս Մոսկվայի նրա հայ ընկերները` Էդմոնդ Քեոսեյանը, Արմեն Ջիգարխանյանը, մյուսները, մեզ ավելի ուժ ու հպարտություն էին պարգեւում: Երկար ժամանակ մենք Մոսկվայում պարտություն չկրեցինք: Նույնիսկ «Ագրեսիվ հյուր» մրցանակ ենք ստացել: 

Մեր խաղը համեմատում էին բրազիլացիների խաղի հետ: Երբ դաշտ էինք մտնում, ասում էին բրազիլացիներն են խաղում: Սա ինքնագովեստ չէ, նույնիսկ ժամանակի մամուլն էր այդպիսի վերնագրերով նյութեր տպում: 


-Եկավ 1973 թվականը, որը դարձավ հայկական ֆուտբոլի ոսկետառ էջը: Ինչպես եք հիշում այսօր այդ թվականը:

-Անկեղծ ասած, գավաթի խաղից հետո անձամբ ես դեռ չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Խաղավարտից րոպեներ առաջ, երբ շատ ֆուտբոլասերներ արդեն հեռանում էին ստադիոնից, հանկարծ այդ հարյուր հազարանոց «Լուժնիկի»-ը որոտաց ուրախությունից: Իշտոյանի խփած գոլը նրանց հետ բերեց: Նրանք, իհարկե, խփած գոլը չտեսան, բայց մեր հաղթանակը տեսան: Մենք 1975-ին էլ ԽՍՀՄ գավաթը նվաճեցինք, բայց ուրիշ էր 1973-ը:   

Մենք ուրախ էինք, որ հաղթել ենք: Բայց հետո, երբ վերադարձանք Երեւան, նոր միայն հասկացանք, թե ինչ ենք արել, եւ ինչ էր այդ հաղթանակը: Ազգովի էինք հաղթել եւ ազգովի էլ տոնում էինք: Թիմից ավելի ուրախ ու հպարտ էր մեր ժողովուրդը:

-Դուք «Արարատ»-ում պաշտպանի թիվ 3 մարզաշապիկն եք կրել: Երբ  պարտվում է թիմը, ասում են պաշտպանությունն էր թույլ: Դուք դրանից չէիք վիրավորվում:

-Դարպասապահը դարպասն է պահում, պաշտպաններն էլ` նրան: Բայց դարպասը պահելու այսպես ասած «հոգս»-ը ամբողջ թիմինն էր, հաղթանակն էլ` բոլորինը: Վիրավորվելու հարկ չկա. եւ հաղթանակը, եւ պարտությունը մեկինն է, եւ այդ մեկը թիմն է: Այո, պաշտպանը պետք է այնպես անի, որ խափանի հակառակորդի գրոհները, այսպես ասած` վնասազերծի դարպասին մոտեցող մրցակցին:

-Ասում են` «Արարատ»-«Բավարիա» խաղից հետո Գերտ Մյուլլերը «գանգատվել է» Ձեզանից:

-Խաղը Երեւանում էր: «Բավարիա»-ն այդ տարի բազմաթիվ տիտղոսներ էր նվաճել, իսկ Մյուլլերը, ով եղել էր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, արժանացել էր «Ոսկե գնդակ»-ի, երբեք դաշտից չէր հեռացել առանց գոլ խփելու: «Հրազդան» մարզադաշտում չկարողացավ: «Սովետսկի սպորտ» թերթին տված իր մի մեծ հարցազրույցում «մեղքը» գցել էր ինձ վրա: Այդ հանդիպման ժամանակ ինձ հաջողվում էր խափանել ու կասեցնել նրա գրոհները:

-Այսօր Դուք Միացյալ Նահանգներում մարզում եք երկու տարիքային խմբի ֆուտբոլիստների: Սովորեցնում եք եվրոպական ֆուտբոլ: Ամերիկյան ֆուտբոլն այլ է. այդտեղ եվրոպական ֆուտբոլը տարածում չունի, եւ կարծես թե չեն սիրում:

-Ոչ, այդպես չէ: Նախ Յուրա Մովսիսյանը ԱՄՆ-ից է եկել: Հետո գիտեք, որքան ես նկատել եմ, այստեղ կա ֆուտբոլասերներ ու հանդիսատես կորցնելու վախը: Այ դրանք էլ խանգարում են Նահանգներում եվրոֆուտբոլի տարածմանը: Ամբողջ Հարավային Ամերիկան`Բրազիլիա, Արգենտինա եւ այլն, եվրոպական ֆուտբոլով հիացնում է աշխարհին: Իսկ, ինչպես գիտեք, ֆուտբոլիստին գեղեցիկ խաղ եւ հաղթանակ «պարտադրում» է հանդիսատեսը, նա է առաջինը գնահատում մեր խաղը: Բացի դրանից, նա նաեւ տոմսերն իրացնողն է, որն այսօր դարձել է խաղերի համար գերխնդիր:

 

Արմեն Սարգսյանի հուշերը երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am