Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը կունենա մշակութային ուղղվածություն


ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Շուշի քաղաքից մարտի 21-ից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը կօգնի թալիշների մշակութային ինքնության պահպանմանը: Ինչպես մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ, քրդագետ Գառնիկ Ասատրյանը, «Թալիշստանի ձայն»-ը պատմության մեջ առաջին թալիշական ռադիոն է: Հաղորդումները մշակութային նյութեր են պարունակում թալիշների լեզվի եւ նրանց հուզող բազմաթիվ խնդիրների մասին: «Մեր նպատակը հումանիստական է եւ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ասատրյանը: Իրանագետի տեղեկացմամբ՝  1,8 միլիոն թալիշ է բնակվում Ադրբեջանում: Ռադիոկայանը Իրանագիտության կովկասյան կենտրոնի եւ «Մոդուս վիվենդի» հասարակական կազմակերպության համատեղ նախագիծն է:

Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշեց, որ հաղորդումներն ապաքաղաքական են եւ բացառապես վերաբերում են թալիշ ժողովրդի մշակույթին, պատմությանն ու ազգային երաժշտությանը: «Թալիշների հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը բխում է մեր շահերից»,- ասաց Պապյանը: «Ռադիոկայանի հաղորդումները մեկ ժամանոց են, բայց օրվա մեջ 3-4 անգամ կրկնվում են»,- ասաց Պապյանը՝ հավելելով, որ նաեւ Facebook սոցիալական ցանցում եւ Youtube-ում առկա են այդ հաղորդումները: Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել հեռարձակվող հաղորդումների տեւողությունը:

«Թալիշստանի ձայն AM-9977»- ռադիոկայանը բացառապես մասնավոր նախաձեռնություն է, չի ֆինանսավորվում որեւէ պետական գերատեսչության կողմից: Նախագծի օպերատորն է «Իմպուլս» ռադիոընկերությունը (Երեւանում՝ Լրատվական Ռադիո FM 106,5):

Թալիշները Հայաստանի հարեւան հնագույն ժողովուրդներից են: Բնակվում են Կասպից ծովի ափամերձ շրջաններում՝ Քուռ-Արաքսյան միջագետքից հարավ ընկած հատվածում՝ Իրանի եւ Ադրբեջանի սահմանակից շրջաններում: Թալիշերենը տարածաշրջանի վտանգված լեզուներից մեկն է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ